A1plus.am-ը գրում է.

Վահան Հովհաննիսյանը չի փոշմանել, որ համաձայնվել է օտար երկրում դիվանագիտական ծառայության անցնելու իշխանությունների առաջարկին։

«Եղել է առաջարկ եւ էդ առաջարկի քննարկումն ավարտված էլ չէ»,- ՀՅԴ բյուրոյում լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամը։ Նա տեղեկացրեց, որ քննարկումները շարունակվում են, բայց ոչ իր հետ։ Առաջարկին համաձայնություն տալը նա չի համարում դառնալ իշխանության մաս։ «Համագործակցել չի նշանակում նույնանալ (իշխանությունների հետ-խմբ.)»:

Նա ընդհանրապես չի հասկանում, թե ինչու են իր նշանակման մեջ լրագրողները տեսնում արմատական ընդդիմությունից իշխանություն դառնալու քայլ: «Եթե մենք պահանջում ենք կառավարության հրաժարականը, դա նշանակու՞մ է, որ պետության կառույցներում աշխատող դաշնակցականները դրոշները ձեռքներին առած պիտի դուրս գան, բարձրանան սարերը ու դառնան ֆիդայի»,-ասաց նա։ Այն հարցին, թե օտար երկրում նշանակումն ստանալուց հետո պարոն Հովհաննիսյանը շարունակելու՞ է քննադատել իշխանություններին, դաշնակցական պատգամավորը տարակուսեց. «Քննադատվելու բան լինի, կքննադատենք, բա ի՞նչ պիտի անենք»։ Սակայն պարոն Հովհաննիսյանը նկատեց, որ դիվանագիտական աշխատանքը մի քիչ տարբերվում է պատգամավորական գործունեությունից. «Պաշտոնական դիվանագիտության մեջ քննադատությունն անհրաժեշտ է, բայց դա չի կրելու հրապարակային բնույթ»։

Ի դեպ, պարոն Հովհաննիսյանն այսօր այդպես էլ չասաց, թե որ երկրում աշխատելու առաջարկ է արվել իրեն։ Նա նույնիսկ հրաժարվեց կոնկրետացնել՝ արվել է դեսպան աշխատելու առաջա՞րկ, թե՞ կոնկրետ երկրում դեսպան աշխատելու առաջարկ։ Սակայն նկատեց, որ Հայաստանը պետք է ակտիվացնի իր շփումները հին Եվրոպայի երկրների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել