1368446005_correction-of-face-with-makeup-1Ինչ -որ մեկն ասել  է՝   все было бы смешно, если не было бы так грустно, ու հիմա   ամենաճիշտ պահն է հիշել այդ մեկին ու ցիտել նրան իմ գրառման մեջ: Միքանի օրվա ընթացքում ես հասցրի զգալ սեփական մաշկիս վրա  խոսքի ուժն ու մարդկային անուշադրության կործանարար  հետևանքները:  Ինչ կապ ունեն սրանք իրար հե՞տ :  Հիմա ամեն բան կկապվի:

Միայն  իմ պես ամառը հոգու բոլոր միլիմետրերով ատող ու տանել չկարողացող մարդը կարող է  հասկանալ, թե ես ինչպես էի սպասում աշնան գալուն: Այս ամառն էլ ավելի շատ էի ատում, որովհետև  լուրջ պատճառներ ունեի դրա համար:  Ատելի եղանակի  ավարտին ես պատրաստվում էի  ամենայն խնամքով ու հոգատարությամբ: Սեպտեմբերի մեկին ես արթնացա ու նկատեցի, որ իմ  մեջ վերածնվել է այն արևն ու կյանքը, որը մեռել էր երեք ամսով ու խորը թաղվել գրողների ծոցերից որևէ մեկում: Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ Ֆենիքսին հատուկ ինչ-ինչ  գծեր ունեմ. մոխրից վերածնվել եմ կարողանում: Իսկ դա, ինչ խոսք, հրաշալի  բնավորության գիծ  է: Եվ այսպես,  բոլորովին նոր Սյունեն պատրաստ էր ոտք դնել  սիրելի համալսարան՝ արդեն երկորդ կուրսեցու՝ տանտիրոջ կարգավիճակով:

….Տարին սկսեց ոչ այնպես, ինչպես ես էի պլանավորել: Ոտքս դնում եմ  համալսարան…հը՞ : Ո՞վ ա փոխվել, ե՞ս : Նիհարել եմ…չէ, դիետա չեմ պահել,ես դեմ եմ ամեն տեսակ տենց զիբիլներին, հետո ես հայտնի հիվանդագին քաղցրակեր, ինձից ի՞նչ դիետա…Շատ եմ նրբացե՞լ: Վայ շնորհակալ եմ, ժողովուրդ ջան: Էս կապույտ շորիկն էլ քեզ շատ ա սազում….Հը՞, չէ  մազերս չեմ ներկել…Հը-ը, ոչ էլ կտրել եմ: Վայ անկեղծ եմ ասում:  Մի բան ա փոխվե՞լ: Բայց ախր բան չեմ արել, է: Նույն իմ ոճում եմ , գոնե բարձրակրունկներով չեմ, որ  ասեմ ՝ հա դե, ակնհայտ տարբերություն կա…Լու՞րջ, աչքերս սենց քսած շատ ա սազու՞մ: Վայ ապրես, ջան, դու էլ ես  էսօր փայլում: Պայուսակս էլ ա լավը՞ : Շնորհակալ եմ, ուխ, լավ ա, որ հավանել ես…

STOP!! Ինչ-որ մի բան է կատարվում : Բայց այ ինչ՝ չեմ հասկանում: Իմ կուրսն այս տարի գրկել էր մի-մի փունջ կոմպլիմենտ ու  ուղղակի հարձկվել ինձ վրա: Չէ, իհարկե չեմ բողոքում : Անասելի  հաճելի էր, տարօրինակ էր, նմանատիպ արձագանքներ ես ուղղակի չէի սպասում: Ու հաճելի էր նաև գիտակցել, որ կուրսս սիրում է ինձ այնքան, ինչքան որ ես եմ նրան սիրում՝ չնայած որ ես մեր կուրսում մի փոքր տարբերվում եմ:

՛՛Լավ դե, սա ի՞նչ գրառման  թեմա է, որ դու էլ գրում ես՛՛ կհարցնեք դուք ու գլուխներդ կտմբտմբացնեք:  Անհամբեր եք, ժողովուրդ:  Ամեն ինչ ուղղակի հրաշալի էր, երեք օր ես անընդհատ հաճոյախոսություններ էի լսում՝ չմոռանալով դիմացիններիս ինքս անկեղծ ժպիտներ նվիրել ու հաճոյախոսել: Բայց…Ես մոռացել էի, որ  մի կուրսում, որտեղ ութսուն աղջիկ կա, ինֆորմացիան տարածվում է շատ արագ՝ այն էլ եթե դա ժուռֆակն է: Որտեղ ութսուն աղջիկ, այնտեղ բամբասանք: Որտեղ բամբասանք, այնտեղ ինֆորմացիայի խեղաթյուրում:  Ապատեղեկատվություն ժուռֆակում՝ օրը ցերեկով:

Այն կուրսեցիներս, որոնք ինձ այդքան էլ չեն համակրում, սկսեցին ինձ թարս-թարս նայել ու քչփչալ, կուրսի այն մասը, ով ինձ շատ է սիրում, ամեն անգամ ինձ տեսնելիս ժպտում էր ու հետևիցս ինչ-որ  լավ ռեպլիկ բաց թողնում: Կուրսի մյուս՝ ռոմանտիկ հատվածը համոզված էր. էս պատմության մեջ տղա կա  խառնված, միանշանակ երկրորդ կեսիս եմ գտել, հենց դրա համար էլ էսպես փայլում եմ :

…Իսկ ահա չորրորդ օրը ես իմացա էնպիսի մի բան, որն ինձ ուղղակի ապշեցրեց: Պարզվեց, որ բոլորն ինձ վրա կենտրոնացել են այն պատճառով, որովհետև ես… վիրահատել եմ քիթս: Ա՜յ քեզ նորություն:  Միջանցքում քայլելիս  կուրսեցիներիցս մեկն ասաց ՛՛բայց լավ ա ստացվել՛՛, աչքով տվեց ու անցավ: Հմ…մտածեցի   մազերիս հետ է երևի: Օ այդ տանջալից առավոտյան մազերը հարդարելու գործընթացը: Ինչ լավ է, որ լավ է ստացվել, մտածում էի լավ չեմ ուղղացրել մազերս: Փաստորեն՝ սխալվում էի:  Ինձ  ավելի ուշ լուսավորում են,  որ խոսքն ամենևին էլ մազերիս մասին չէր: Բոլորն ուշադիր նայում էին դեմքիս: Ես ճպճպացնում եմ աչքերով ու բան չեմ հասկանում:

Դուք , իհարկե, կհիշեք գրառման սկզբում  գրածս ցիտատը: Այս ամենն ուրախ էր, մի լավ ծիծաղեցի այդ օրը: Բայց երթուղային նստելիս տխրեցի այն պատճառով, որովհետև հասկացա, թե ինչքան անուշադիր են մարդիկ իրականում: Իմ քիթը՞ :  Վիրահատված ու ձևափոխվա՞ծ : Գրողը տանի, ախր իմ միջնապատը երկու տեղից կոտրված է (ու ես հպարտանում եմ իմ կոտրվածքներով. խիզախությանս մասին են վկայում) : Եթե կողքից նայենք իմ քթին,  կզգացվի, որ քթիս վրա թեթևակի ալիք կա: Ի՞նչ եք կարծում, վիրահատած քիթը կունենա՞ նման ալիք:

Իմ կուրսեցիներից և ոչ մեկ չնայեց իմ քթին:  Բոլորը զբաղված էին ինձ քննարկելով: Ամենահետաքրքիրն այն էր, որ ես ՝ քիթս  վիրահատելու մասին լուրն իմացա  կուրսի տարբեր ընկերական խմբերից:  Տխուր էր: Տխուր էր, որ ապագա ժուռնալիստները հիմնվում են  բամբասանքի վրա և  չեն ստուգում  տեղեկատվությունը՝ երբ  ես՝ տեղեկատվության աղբյուրս  քայլում եմ իրենց կողքով ամեն օր:

Միթե ոչ մեկ չէր նկարտում , որ քիթս բացարձակ նման չի վիրահատած քթի: Ինչպե՞ս կարելի էր հավատալ դրան՝ առանց գոնե մեկ անգամ ուշադիր ինձ զննելու: Մարդկանց բնավսրությունն է. հավատալ այն ամենին, ինչ խոսում են   ու չփորձել նույնիսկ  ճշտել՝ ճշմարիտ է ասվածը, թե ՝ոչ : Խոսում են, ուրեմն էդպես է:  Իրականում ամեն խոսք չէ, որ իր մեջ ճշմարտություն է պարունակում:

Իրականում շատ բան հասկացա այս ՝ միքանի օրվա ընթացքում: Առիթ չեղավ կուրսեցիներիս բացատրելու, որ ես այդքան փոխվել եմ, որովհետև երեք ամիս մեռած եմ եղել: Որ   իմ հին՝ անսպառ էներգիան ստանալու համար ես ամիսներ շարունակ տանջվել եմ: Որ երջանիկ եմ իրենց տեսնել, որովհետև  ամռան ընթացքում ես շատ եմ մտածել տարկետում վերցնելու ու այս տարի համալսարան չգնալու մասին: Շատ հնարավոր էր, որ ես ուղղակի չսովորեի իրենց հետ: Բայց կամ, եկել եմ: Ու ինձ աշխարհի ամենաուժեղ ու ամենադիմացկուն մարդն եմ զգում: Այ դրա համար էլ փայլում եմ ողջ ուժով ու դասերն ուղղակի կուլ եմ տալիս: Բոլորին ժպտում եմ, որովհետև բոլորին սիրում եմ: Ամիսներ առաջ մարդկությանը սպանել էի ուզում: Ու կսպանեի, եթե չալարեի իջնել ձեղնահարկ ու վերցնել կացինը: Ծուլությունս, փաստորեն, շատերի կյանքն է փրկել:

Բացատրել չէր ստացվի: Անկեղծ ասած՝ չէի ուզում: Ինձ հաճելի էր լսել լավ կարծիքներ արտաքինիս մասին ու  պատասխան կոմպլիմենտներ անել:

Ահա այսքանը: Ուսումնական երկրորդ տարիս սկսեց արտաքինս քննարկելով, իսկ հաջորդ տասը օրը կուրսս, երևի , կքննարկի՝ ինչ էի ես ուզում ասել այս գրառմամբ. փորձում էի վիրավորե՞լ, թե՞ ամեն բան գրել եմ կատակով ու առանց հետին մտքի:

Ինչ խոսք, կուրս իմ, դու եզակի ես քո տեսակի մեջ:  Չվիրահատած քիթս վկա՝ ճիշտ եմ ասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել