Ջութակը (իտալերեն՝ violino) լարային աղեղնավոր երաժշտական գործիք է, ջութակների ընտանիքում (ալտ, թավջութակ, կոնտրաբաս)՝ ռեգիստրով ամենաբարձրը: Ամենատարածված մենակատարային գործիքներից է:
Համառոտ նկարագրություն
Ունի չորս լար: Լարվածքը կվինտային է (փոքր օկտավայի սոլ, առաջին օկտավայի ռե, լյա, երկրորդ օկտավայի մի): Ձայնատարբերման հիմնական միջոցը լարերի վրայով աղեղը սահեցնելն է (arco), նվագելու հատուկ միջոցներից է պիցցիկատոն: Չափսը չի գերացանցում 600 մմ: Ուսուցման ժամանակ օգտագործվում են 1/16, 1/8, 1/4, 1/2 չափերը, քանի որ երեխաները սկսում են պարապել երեք տարեկանից: Նվագելուց գործիքը պահում են ուսի վրա:

Պատմությունը
Ծագել է VIII դարում արաբների կողմից Եվրոպական երկրներ բերված աղեղնավոր նվագարաններից, ըստ այլ վարկածի միջնադարյան նվագարաններից՝ կրոտայից և վիելայից: Ջութակի դասական տեսակը մշակվել է XV - XVI դարերի ընթացքում միաժամանակ Իտալիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում: XVI - XVIII դարերում հյուսիսային Իտալիայում ձևավորվեցին ջութակի վարպետների խոշորագույն դպրոցներ՝ Բրեգայում (Գ. Դա սալո, Ջ. Մաջինի) և Կրեմոնայում (Անդրեա և Նիկոլո. Ամատիներ, Ջ. Գվառների, Ա. Ստրադիվարի): Վերջնականապես հաստատվեց ջութակի կառուցվածքը, մշակվեց գործիքների յուրահատուկ տեմբրը: Կրեմոնայի ջութակները մինչև այսօր էլ օգտագործվում են և համարվում են չգերազանցված: Ջութակը որպես մենակատարային համերգային գործիք, մեծ դեր խաղաց երաժշտական արվեստի պատմության մեջ: XVII - XVIII դարերի երաժշտական գործիքային նոր ժանրերը (մենանվագ սոնատ, կոնցերտ) առաջացան սկզբնապես որպես ջութակի երաժշտական ժանրեր: Ջութակների ընտանիքը կազմում է սիմֆոնիկ նվագախմբի կորիզը:

Կատարողները
XVII - XVIII դարերում ստեղծվեց ջութակի ընդարձակ երկացանկ: Ջութակի կատարողական արվեստի զարգացման գործում մեծ դեր են խաղացել՝ Նիկոլո Պագանինին, Լ.Աուեր, Ջ. Վիոտին, Ռ. Կրեյցերը, Ա. Վյոտանը, Է. Իզային, Հ. Վեյնյավսկին, Ֆ.Կրայսլերը, Ջ. Էնեսկուն, Դ Օյստրախը, Ի. Մենուհինը, Հայֆիցը, Ի. Ստեռնը, Լ. Կոգանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել