Ծաղիկներ են շուրջբոլորը, 
Թիթեռնիկներ գույնզգույն,
Հեքիաթները ամեն օր 
Սկսվում ու չեն ավարտվում:

Շողերի տակ արևի, 
Մի թիթեռ է ու տղա,
Փսփսում են գողունի, 
Գետակի մոտ մեղմ ու տաք:

- Նայիր, գետում ձի է կարմիր, 
Ահա կրիա դանդաղկոտ,
- Ձին կարոտ է, դե համբուրիր,
Ախ, ինչքան ես ամաչկոտ:

Այսպես իրար համբուրելով, 
Գետակի մոտ մերձափնյա,
Ապրում էին երազներով, 
Մի թիթեռ ու մի տղա:

Բայց մի օր էլ շատ հոգնած, 
Տղան քնեց գետափին,
Իսկ թիթեռը նեղացած, 
Գնաց տրվեց արևին:

Երբ ավարտվեց հեքիաթը 
Տղան զարթնեց զարմացած,
Փրփրել էր գետակը, 
Ափին թիթեռն էր ընկած:

- Արև, առար հոգին դու, 
Իմ թիթեռի լուսընկա,
Իսկ մարմինը այսպես լուռ 
Ինձ ես թողնում, որ սգա՞մ:

Շատ բարկացավ արևը,
Դեմքը թեքեց տղայից,
Ու մայր մտավ ցերեկը, 
Նեղանալով աշխարհից:

Տղան գրկեց թիթեռի 
Նուրբ թևերը գույնզգույն,
Նա չգիտեր երևի 
Հետո ինչ է լինելու:

Լուսնի լույսով անտառում, 
Շշնջոցով ծառերի,
Տղան խոնավ աչքերով 
Հողին հանձնեց թիթեռին:

Լուսնի լույսը ընկավ փոքրիկ,
Գերեզմանին թիթեռի,
Գերեզմանից ծլեց ծաղիկ, 
Որ կոչվում է Լուսաստղիկ:

Թիթեռներն ու ծաղիկները,
Սրտերում են մեր ապրում,
Սրտերում էլ հեքիաթները`
Սկսվում և.. չեն ավարտվում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել