Այն որ առաջիկայում կոալիցիա կձևավորվի՝ այլևս կասկածից վեր է: Եվ էական չէ, թե անունն ինչ կլինի. դա ընդամենը ճաշակի հարց է, մեկ էլ նոր իրողությամբ թելադրված՝ քաղաքագիտական տերմինի ճիշտ ընտրության: Իր դիրքերը բարելավել է ԲՀԿ-ն, ուստի կարող է հավակնել ավելի շատ նախարարական պորտֆելների: Բայց բարելավվել է նաև ՀՀԿ-ի ցուցանիշը, ուստի տրամաբանական է, որ ԲՀԿ-ի տեղերն ավելանան ի հաշիվ ՕԵԿ-ի: Տեղից էլ նրա նախարարներ ունենալը մի տեսակ ձևական բնույթ էր կրում, քանի որ «երդվյալ» ՕԵԿ-ականներն իրենց նախարարական պաշտոններին վաղուց են հրաժեշտ տվել, իսկ փոխարինելու եկածները Ս.Սարգսյանի ընտրած թեկնածուներն են, ովքեր նշանակման հաջորդ օրն են անդամակցել ՕԵԿ-ին՝ ձևական կողմը պահպանելու համար:
Այնպես որ ամեն ինչ կարծես իր հունի մեջ է ընկնում, մի հարց ե մնում՝ ամենավիճահարույցը՝ ո՞վ է լինելու վարչապետ: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն այնքան ձայն չունի, որպեսզի պարտադրի վարչապետի իր թեկնածուն: Ձայն այնքան չէ անգամ, որպեսզի վարչապետը լինի ՀՀԿ-ից, բայց ԲՀԿ-ի համար ընդունելի թեկնածու, ասենք. Հովիկ Աբրահամյանը (Գ.Ծառուկյանի խնամի), Արմեն Գևորգյանը (Ռ.Քոչարյանի մտերիմ), նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը (Ռուսաստանի ու Քոչարյանի համար ընդունելի): Այսինքն Ս.Սարգսյանը, ծանրութեթև անելով բոլոր թերի ու դեմ կողմերը, կարող է միանձնյա որոշում կայացնել՝ իրեն ամենավստահելի թիմակիցներից մեկին վարչապետ նշանակելու հարցում: Բայց Տ.Սարգսյանին նշանակելու պարագայում ողջ քաղաքական դաշտը դա ընդունելու է որպես նետված ձեռնոց՝ իրենց ու հայ ժողովրդին ամբողջապես: Կյանքը ցույց տվեց, որ Տ.Սարգսյանի ամենամեծ «արժանիքն» այն է, որ Ս.Սարգսյանի հանդեպ համավոր հարսից ավելի խոնարհ է: Բայց դա ոչ թե առավելություն է, այլ՝ թերություն, քանի որ արդյունքում նա ուղղակի ձախողել է մեր տնտեսությունն ու գործադիր իշխանության բնականոն աշխատանքը: Տվյալ դեպքում բովանդակային առումով տեղին է հայտնի արտահայտությունը. «Կանայք ուժեղ են իրենց թուլությամբ»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: 
Իր պաշտոնավարման առաջին ժամկետում Ս.Սարգսյանը խնդիր ուներ իր դիրքերն ամրապնդելու, դուրս գալու Ռոբերտ Քոչարյանի ստվերից և ցույց տալու, որ ինքն ինքնուրույն գործիչ է: Իրականում նա ավելի շուտ էր դուրս եկել Քոչարյանի ազդեցությունից, բայց պարկեշտությունից դրդված չէր բարձրաձայնում այդ մասին: Էլի Քոչարյանը չդիմացավ ու հայտարարեց, որ գործող իշխանությունները ո՛չ իր կարիքն ունեն, ո՛չ էլ անգամ իր խորհուրդների: Բայց հիմա նախագահը գնալու է երկրորդ ժամկետի ու հասարակությանը պետք է ապացուցի, որ իր դիրքերն այնքան ամուր են, որ չի վախենում ուժեղ վարչապետ ունենալուց, քանի որ լիովին տիրապետում է իրավիճակին ողջ երկրում ընդհանրապես ու իշխանական հիերարխիկ համակարգին՝ մասնավորապես: Եվ եթե հիմա էլ Ս.Սարգսյանը քաջ գիտակցելով, որ Տ.Սարգսյանը վարչապետացու չի, բայց իրեն համար միակ մարդն է, որ իր դեմ խաղեր չի տա, սա կասկած կառաջացնի, որ նախագահի դիրքերն ամուր չեն և նա դեռ չի բացառում պալատական հեղաշրջման հնարավորությունը: Ինչպիսի ապահովագրական քայլեր էլ անի Ս.Սարգսյանը, դա այժմ պետք է լինի անդրկուլիսային, քանի որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ նախագահը տարավ լիակատար հաղթանակ, բայց Տ.Սարգսյանի նշանակումը կընկալվի որպես նրա թուլության ու մտավախության առհավատչյա: Ես երբ ասում եմ ուժեղ վարչապետ՝ նկատի չունեմ հարուստ, այս կամ այն ուժեղ թիմի հովանավորյալ կամ էլ տարբեր լծակների տիրապետող: Քավ լիցի, ես նկատի ունեմ ուժեղ կամային հատկանիշներով անձնավորություն, ինչն այդքան բացակայում է մեր գործող վարչապետի մոտ: 
Կարծում եմ Ս.Սարգսյանը չի կատարի այդ ճակատագրական սխալը՝ Տ.Սարգսյանին դարձյալ կարգելով վարչապետ: Անձամբ ես ու հավանաբար իմ նման շատ-շատերը դեմ կլինենք Ս.Սարգսյանի վերընտրությանը, և եթե անգամ նրա մրցակիցները լինեն պատահական մարդիկ, կգերադասենք նրանցից մեկին ձայն տալ, միայն թե երկիրն ազատենք այս արհավիրքից՝ ի դեմս մեր ապաշնորհ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու նրա կործանարար գործելաոճի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել