i-am-yours-wallpaper

Բարև…

Ասում են` մարդկային ոչ մի զգացմունք այնքան գեղեցիկ, շնչավոր ու կենդանի չի, որքան սերը…. Իսկ եթե սեր չկա՞…

Մտածում ես` սիրո մասին մի բան եմ գրելու քեզ, լացակումած խոստովանելու եմ, որ աշխարհի չափ սիրում եմ քեզ, որ թքած ունեմ ամեն հանգամանքի, ամեն նախապայմանի ու անպատասխան ամեն մի զգացումի ու զգացմունքի վրա…. Չէ… ինչպես միշտ խեղդելու եմ իմ մեջ ամեն ինչ, ինչը որ կխանգարի ինձ քոնը լինելուն…

Դու ինձ համար իսկական թմրադեղ ես, բայց քեզնից կախվածությունն ինձ գերագույն հաճույք է պատճառում, որովհետև դու ինձ կարող ես լքել, երբ ցանկանաս, իսկ քո կարիքն ունենալու դեպքում քեզնից ոչ մի տեղ չեմ գտնի ու կբուժվեմ…

Ես քոնն եմ… Ու դա ոչ մեկ չի կարող ժխտել: Մտքերս ծարավ են քեզ, դու ինձ պետք ես…Պետք ես ավելին, քան երեկ, ավելին, քան ես գիտեմ… Քո գրկում ու քո շնչի մեջ ես ապահով եմ, զուրկ եմ ամեն տեսակ խառը, անհանգստացնող մտքերից, մոռանում եմ ամեն ցավ ու վախ, վիշտ ու ուրախություն, որովհետև դու ինձ պարուրել ես մի քողով, որից դուրս աշխարհը գոյություն չունի, համենայն դեպս ինձ համար…

Ես քոնն եմ, ու ինձ ոչ ոք չի կարող խլել քեզնից, եթե ինքդ չորոշես, որ պետք չեմ քեզ, որ էլ հետաքրքիր չեմ քեզ, որ մտքերս այլևս պետքական չեն… Ինձ թվում է` չեմ համակերպվի այն մտքի հետ, որ էլ քոնը չեմ: Դու կարող ես իմը չլինել, իսկ ես չեմ կարող…

Ես քոնն եմ, կլինեմ այնքան, ինչքան ուզես…. Լինում է, չէ՞, երբ սիրում ես ու չես սիրում, երբ առանց նրա խեղդվում ես, որ ամեն ինչ կիսատ է առանց նրա, որ ամեն գիշեր նրա ձայնն է քո խաղաղ գիշերվա միակ ապահովողը…

Ես քոնն եմ ու գիտակցում եմ, որ մի օր գնալու ես… չգիտեմ` միասին լինելու ենք, թե չէ… Քեզնից սովորեցի մոռանալ վաղն ու ապրել այսօրով, վայելել քո ներկան ու բացական, երբ կողքիս ես… Քո բացական մի կերպ կուլ եմ տալու` խեղդելով դառնահամն ու ինքս խեղդվելով դրանից…Բայց հիմա ես քոնն եմ, միայն քոնը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել