ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՌԱՊԱՆՔ:
ԿԱՐԾԻՔ ԵՐՋԱՆԿ[ՈՒԹՅԱՆ] ՄԱՍԻՆ
Ամենայն ուղխք ի ծով վազեն, եւ ծով ոչ լնու:
Ամենից անհաստատ դաշինքն այն է, որ կնքում ենք բախտի հետ:
Մշտականությունը օտար է իմ բնության: Ես դարձնում եմ իմ անիվը  ահա իմ խաղը: Ուժգնորեն դարձնում եմ անիվս. բարձրացիր նրա վրա, եթե չես վախենում` վաղը գլխիվայր դուրս գալ:

Ճշմարիտն ասելով` ինքդ քեզ պատկանող բարիքներից զրկվեցիր:
Իրավունք չունես տրտնջալու իմ դեմ` զրկվելով քեզ չպատկանող բաներեն:
Հարստություն, դիրք, աստիճան եւ այլն ինձ են պատկանում:
Բախտը նախազգուշացնում է մեզ` դավաճանելով:
Պատահական երջանկությունը եւ անարժեք է, եւ անարդար:
Ով է անմատչելի մարդկային չարության եւ զրպարտության համար:
Ապերջանկությունը անհրաժեշտ է առաջադիմության համար:
Բախտն այնքան էլ անսիրտ չէ` նա ամեն ինչ չի խլում մեզնից:
Լավագույն ճակատագիրը աշխարհում` կյանքի քաղցրություններին մի քիչ դառնություն խառնել:
Երջանկության ծոցում հանգչող սիրտը դեպ ձախորդությունները ավելի զգայուն է լինում:
Մահկանացու, ինչու քեզնից դուրս կփնտրես երջանկությունը, որը քո մեջ կկրես: Մոլորանքի եւ տգիտության մռայլ ամպը խանգարում է ձեզ` տեսնելու զայն:
Պատահական երջանկությունը լինում է վաղանցիկ: Նրա վարդերը շուտ են թառամում եւ մնում է միայն փշալի ոստը:
Եթե երջանկությունը մեզ չի ազատում վախեն` անարժեք է դա:
Եթե իմ հարստությունը դառնում է պատճառ ուրիշների չքավորության` անեծք է դա: Ինչու ես մուրացկանորեն ուրիշեն` բախտեն բարիքներ սպասում, երբ կարող ես սեփականդ ունենալ:
Հարստությունը, ճիշտ է, կխոստանա, բայց չի տար մեզ երջանկություն (հարցրու հարուստին, թե իր հոգին մի վայրկյան ազատ է հոգսերից եւ ձանձրույթից: Չկորցնել, ավելին շահել…):
Գերագույն երջանկությունը դա է, որ պատճառ կդառնա եւ այլոց երջանկության:

Աստիճանն արգելում է տկարությանց մուտք գործելու մեր սիրտը:
(Թերությունը, մեղքը, հանցանքը աստիճանավորի մոտ ավելի մատնիչ են եւ ավելի զզվելի):
Արդյոք նվազ են խծբծում նրան, որի ճակատը լուսավորված է փառքի ճառագայթներով:
Երջանկությունը զորություն է, հապա ինչու նրա առջեւ կդողա երջանիկը (դա կորցնելու մտածումեն կդողա):
Կան հաճույքներ, որոնք սիրինային ցանցեր են:
Հաճախ ասելով այդ, մենք ավելի մոտեցած կլինենք ճշմարտության սրբարանին, հաճախ մեզ այցելում է երջանկության ուրվականը, նրա կրկներեւույթը եւ մենք` երջանկածարավ մարդը միամտորեն այն  երջանկության տեղ է ընդունում:
Ճշմ[արիտ] երջանկությունն այն է, որը միաժամանակ բարի է դարձնում մարդս:
Իմ թախծության գլխավոր պատճառը այն է, որ Չարը գոյություն ունի եւ ընթանում է առանց պատժի այն աշխարհում, որի թե ստեղծիչը եւ թե վարիչը անսահման բարի էակ է:
Առաքինությունը ոչ թե չէ վարձատրվում, այլեւ հալածվում է անողոքաբար:
Դա ոտնակոխ ընկած է մեղքի ոտքերի առջեւ եւ խմում է դառն բաժակը` որը չարագործները պիտի դատարկեին:
Սխալ է, միայն ազնիվն է զորավոր:
Մեղքը չի մնում անպատիժ, առաքինությունը` չվարձատրված:
Արատավորությունը տկարություն է:
Առաքինությունը` հզորություն:
Անզորությունը հավիտենական ճամփորդակիցն է չարաբարոյության:
Չարություն գործելը - անզորության նշան է:
Կարելիություն ունենալ չարիք գործելու - հզորություն չէ:
Ուրախացուցիչ խղճմտանքը հետեւանք է բարեսիրության:
Երջանկություն - դա մեղանչելու ազատություն չէ, ինչպես եւ անպատժելիություն չէ:
Չարերի հզորությունը ցնորք է:
Իմաստունը չի լքվում, երբ բախտը զինվեց նրա դեմ, ինչպես քաջ զորականը չի զայրանում, երբ նրա ականջին զենքերի շաչյունն է հասնում:
Մաքուր մարմինը` դա անսահման ուժերի ամբար է:
Երջանկության փոխարեն մենք նրա ստվերն  ենք հալածում:
Քաղաքականապես ազատ ենք, բայց եւ այնպես ստրկականության շղթաների հետքեր ենք թողնում:
Ամեն մի ձախորդությանդ դեմ տուր առաքինությանդ եւ հույսիդ վահանը:
Ամեն ինչ կատարիր արթուն խղճմտանքիդ աչքի առջեւ:

Գարեգին Նժդեհ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել