Hartak.am-ը գրում է.

«…Մի հուսահատվեք, մենք դեռ մեր գիտնականներին չենք դիմել, նրանք անպայման ելք կգտնեն այս անելանելի իրավիճակից դուրս գալու համար…» / Ֆրիդրիխ/

Հարգելի հայ գիտնականներ, յուրաքանչյուր հասարակարգում գալիս է մի պահ, երբ երկիրը, որտեղ ձևավավորված է հասարակարգը, մտնում է փակուղի: Փակուղիներն առանց ելքի չեն լինում, դա դուք մեզանից լավ գիտեք, սակայն այսօր Հայաստանում ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ մենք ազգովի չենք կարողանում գտնել այդ չարաբաստիկ ելքը: Ասել, որ այսօր իշխանություններն ընդհանրապես տեղից չեն շարժվում, դա ակնհայտ սուտ կլինի, սակայն նրանց մոտ, կարելի է ասել, սայլը տեղից ոչ մի կերպ չի շարժվում, որի արդյունքում ունենք այն, ինչ ունենք`տնտեսության անկում, կիսասով վիճակ, արտաքին մեծ պարտքերի առկայություն, աշխատատեղերի բացակայություն, ոչ մրցունակ արտադրություն, անտանելի գնաճ, ոչ մի կերպ կանգ չառնող արտագաղթ և օր-օրի աճող դժգոհությունների առկայություն…

Ինչպե՞ս կարող ենք այս վիճակից դուրս գալ, ո՞վ կարող է այս հարցին պատասխան տալ, եթե ոչ դուք: Չէ՞ որ դուք Հայաստանի այն քաղաքացիներն եք, որոնց մտավոր պոտենցիալը տարբերվում է սովորական քաղաքացիների մտավոր պոտենցիալից, չէ՞ որ այն խնդիրները, որոնք մեր համար անլուծելի են, ձեզ համար այդ խնդիրների լուծումը ձեր առօրյայի անբաժանելի մասն է կազմում: Չէ՞ որ դուք բոլորից լավ գիտեք, որ նույնիսկ Էյլերի չլուծվող համարվող խնդիրները ժամանակի ընթացում լուծում ստացան: Այո՛, Հայաստանում այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որը հանգիստ կարելի է դասել Էյլերի խնդիրների շարքին, բայց չէ՞ որ դրանք կլուծվեն՝ ձեր անկոտրուն կամքից կախված: Թե՞ ոչ...

Հիմա անցնենք ամենակարևոր պարագային, թե ինչ վիճակում եք դուք գտնվում այսօր. ունե՞ք արդյոք անհրաժեշտ պայմաններ արարելու համար: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ դուք այսօր հիմնականում դասվում եք երկրի անապահովների դասին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ձեզանից շատերը ծայրաստիճան աղքատ վիճակում են գտնվում, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ձեզանից շատերը նույնիսկ տանը համակարգիչներ չունեն և ապահոված չեն ինտերնետ կապով, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ձեզանից շատերը ճարահատյալ ստիպված են արտագաղթի ճանապարհը բռնելու, սակայն հենց դուք, հենց այս մղջավանջի մեջ գտնվելով, պետք է ազգին օգնության ձեռք մեկնեք: Օրինակ` այսօր մենք հնչեցնում ենք, որ մեր արտադրանքը անմրցունակ է: Ո՞վ կարող է, ձեզանից բացի, սարքել այն մրցունակ: Իհարկե ոչ ոք: Օրինակ՝ այսօր մենք ասում ենք, որ մենք պետք է բռնենք Ճապոնիայի, Չինաստանի կուրսը բարձր տեխնոլոգիաների բնագավառում: Ո՞վ կարող է, բացի ձեզանից, այն իրագործել: Իհարկե ոչ ոք... Եվ այսպես շարունակ:

Հ.Գ. Հարգելի գիտնականներ, հանուն ժողովրդի, ոչ մի պարագայում նրան մենակ մի թողեք, նա առանց ձեզ ուղղակի կկործանվի, մի լքեք մեր երկիրը, կենտրոնացրեք ձեր ողջ մնացած ուժերը և շենացրեք այս երկիրը: Միայն դուք եք ի զորու այն անելու, քանզի նույնիսկ քաղաքական որոշումների մեջ պետք է գիտական հենք լինի…

Կարեն Թումանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել