Չեմ ուզում շնորհավորել Հայաստանի անկախության 22-ամյակի առթիվ, շնորհավորում էմ Հայաստանի հանրապետության անկախացման առթիվ: Դրանք ամենևին նույն բանը չեն: 22 տարի առաջ Հայաստանի հանրապետությունն անհամեմատ ավելի անկախ էր, քան այսօր: Նույնիսկ 1990թ. Հայաստանի խորհրդային հանրապետությունն ավելի անկախ էր, քան այսօր: Անկախ էր իր քաղաքացիների վարքում, հոգում, գիտակցությունում...Քաղաքացիներն անհամեմատ անկախ էին իրենց զգում աշխարհի վայրիվերումներից, որովհետև վստահ էին, գիտեին, որ իրենք միակամ են և այդ հզոր կամքը պաշտպանում էր երկիրը, բոլորին և յուրաքանչյուրին...

Այդ հզոր ՛՛անկախ կամքն՛՛ էր անկախության գրավականը, ոչ թե քարտեզները, խորհրդանիշերը, անկախ երկրների նախագահների սեթևեթ, բռնազբոսիկ, հաճախ էլ՝ անտարբեր ռևերանսները կամ արարողակարգային ողջույնները... ՛՛Անկախ կամքի՛՛ շրջանում առկա էր համընդհանուր հավաքական պատասխանատվություն բոլորի և յուրաքանչյուրի հանդեպ, առկա էր նաև անհատական պատասխանատվություն ինքն իր և բոլորի, յուրաքանչյուրի հանդեպ... Այս բոլորը միասին պատասխանատվություն էր հայրենիքի հանդեպ, որի նյութական-ռեսուրսային հատվածը և հոգևոր-բարոյական արժեքները դեռ բզկտված չէին...

Եվ որքան հարու՜ստ էինք մենք մեզ զգում... մեր երկրով ու միմյանցով: Որքա՜ն հպարտ: Որքա՜ն պատասխանատու: Այդ անկախությունը մաշեցինք: Նվազեցրինք: Փոքրացրինք: Մեր հավաքական անկախության չափն այսօր ուղիղ համեմատական է մեր նվազող հպարտությանը և հակադարձ համեմատական՝ մեր հայրենիքի ռեսուրսներին տիրացած ոհմակի ահագությանը... Այսօրվա Հայաստանի անկախության չափը հավասար է մեր երկրի բռնապետական համակարգին: Միաժամանակ մենք փորձ ենք կուտակել, նոր որակի փորձ: Լուրջ փորձ: Այդ փորձի կիրառման մեր կարողությունից է կախված Հայաստանի հանրապետության անկախության իրական չափը...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել