Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի կունենան սույն թվականի հոկտեմբերի 9-ին: Սկզբնական շրջանում սպասումներն այս ընտրություններից այնքան էլ մեծ չէին, սակայն 2013թ. մայիսին ստեղծված Ադրբեջանի դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը մի փոքր ակտիվություն մտցրեց արդեն երկար ժամանակ լճացման մեջ գտնվող երկրի քաղաքական դաշտում: «Ազգային խորհուրդի» կազմի մեջ մտան ընդդիմադիր համարվող կուսակցություններ, իրավապաշտպաններ, տարբեր գործիչներ: Համատեղ որոշվեց, որ ընդդիմության միասնական թեկնածու է լինելու հայտնի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը: Սպասվում էր, որ երկրի բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է համախմբվեին միասնական թեկնածուի շուրջը, սակայն պարզվեց, որ «ավանդական» ընդդիմության շատ ներկայացուցիչներ ունեն իրենց սեփական քաղաքական նկրտումները, և բնավ պատրաստ չեն առաջնորդի դափնիները հանձնել քաղաքական դաշտում նորահայտ Իբրահիմբեկովին: Կրքերը բորբոքում էին նաև այն խոսակցությունները, որ Իբրահիմբեկովը չի կարողանա գրանցվել որպես նախագահի թեկնածու, քանի որ նա ունի երկու երկրի անձնագիր՝ Ադրբեջանի և Ռուսաստանի: Իսկ որպեսզի սահմանադրությունը թույլ տա նրան մասնակցել ընտրություններին, նա պետք է հրաժարվի ՌԴ քաղաքացիությունից: Տեսնելով, որ այս գործընթացը կարող է ձգձվել՝ Ազգային խորհրդում հենց Իբրահիմբեկովի հորդորով որոշում ընդունվեց որպես միասնական թեկնածու առաջադրել պրոֆեսոր Ջամիլ Հասանլիին: Վերջինս Բաքվի պետական համալսարանի պրոֆեսոր է, և իրավմամբ համարվում է Ադրբեջանում տարածաշրջանի պատմությունը խեղաթյուրող առանցքային դեմքերից մեկը: Հայտնի իր հակահայկական ընդգծված կեցվածքով, մի քանի աշխատություն ունի երկրորդ աշխարահամարտի մասին: 
Այնուհանդերձ հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուստամ Իբրահիմբեկովը այնքան էլ շահագրգռված չէր ամբողջ հոգով նվիրվել քաղաքականությանը, քանի որ նա հրաժարվեց մասնակցել Ջամիլ Հասանլիի և Ազգային խորհրդի գործադիր մարմնի ղեկավար Էլդար Նամազովի՝ Լոնդոն կատարած այցին, պատճառաբանելով, որ ավելի կարևոր գործեր ունի: Բնական է, որ նրա այս քայլը մեծ զայրույթ առաջ բերեց Ազգային խորհրդի շարքերում, և Իբրահիմբեկովն ի վերջո հրաժարվեց տվեց կառույցի ղեկավարի պաշտոնից, ինչպես նաև վերջնականապես հեռացավ քաղաքականությունից
Ներկա դրությամբ Ադրբեջանի ԿԸՀ-ն արդեն գրանցել է 21 թեկնածուների: Դրանցից կարելի է առանձնացնել գործող նախագահ Իլհամ Ալիևին, Ազգային խորհրդի կողմից առաջադրված Ջամիլ Հասանլիին, Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուին, ինչպես նաև «Մեծ Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության նախագահ, պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևին: Ամենայն հավանականությամբ պայքարը կընթանա հենց այս թեկնածուների միջև, քանի որ մնացածները այդքան ռեսուրս չունեն իրենց շուրջ լուրջ ընտրազանգված ստեղծելու համար: Համենայն դեպս պարզից էլ պարզ է, որ Իլհամ Ալիևը կօգտագօրծի վարչական բոլոր ռեսուրսները կրկին վերընտրվելու համար: Իսկ մնացած թեկնածուները այդպես էլ չկարողացան միասնական լուրջ ուժ ստեղծել, որը ունակ կլիներ լուրջ մրցակցություն ցուցաբերել Ալիևին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել