«…Ես չեմ կարող լուծել այնպիսի խնդիրներ, որոնք իրականում գոյություն չունեն, սակայն ինչ-ինչ պատճառներով որոշ գիտնականների մոտ դրանք ընկալվում են որպես լուծման ենթակա խնդիրներ» /Ռեզերֆորդ/

Միայն Հայաստանում է հնարավոր, որ պառլամենտում ներկայացված մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը բախտորոշ հարցերում իրեն պահի որոշ ոչ պառլամենտական կուսակցությունների նման` չհայտնելով իր հստակ քաղաքական դիրքորոշումը: Միայն Հայաստանում է հնարավոր, որ պառլամենտում ներկայացված մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը այդպես էլ չկողմնորոշվի, թե ինքը ինչ ուղղությամբ է «զարգանում»` աջ, ձախ, թե՞ … Այլ դրա փոխարեն հանրությանը ներկայացնի, որ ինքն այն է, ինչը միջազգային պրակտիկայում, իրոք, չկա և չի էլ կարող լինել, քանզի այնպիսի ուղղություն, ինչպիսին է «այլընտրանքայինը», գոյություն չունի` սկսած հին հունական քաղաքական պատմությունից, վերջացրած ամենազարգացած քաղաքական ֆորմացիաներով: Սակայն սխալ կլիներ չասել, որ ԲՀԿ-ի այս «նոու հաու»-ն շատ դեպքերում կուսակցության համար ծառայում է որպես «պլստալու» և բազմազան խմորումներից չոր դուրս գալու կախարդական փայտիկ: Այսինքն, երբ պետք է դուրս գալ ժողովրդի մոտ և ասել «Հարգելի ժողովուրդ, տեսեք, սա է ԲՀԿ-ի հստակ դիրքորոշումը, այս հարցում բացի սև և սպիտակ գույներից այլ գույներ չեն կարող լինել», նրանք նախընտրում են միջնորդ քաղաքական գործիչների կամ հրապարակախոսների միջոցով «լուրեր տարածել», որ իրենց կուսակցությունում երկու բևեռ կա և դրանով իսկ իրենց ձերբազատում են կոնկրետ հայտարարություններ անելուց: Բավականին ժամանակ է անցել սեպտեմբերի 3-ից, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Մաքսային Միության անդամակցելու իր դիրքոշման մասին, սակայն մինչ օրս ԲՀԿ-ն կուսակցության անունից Մաքսային Միությանը անդամակցելու հարցով հանդես չի եկել հայտարարությամբ եւ չի հայտնել քաղաքական հստակ դիրքորոշում: Նույնիսկ Արմեն Ռուստամյանի նման հմուտ քաղաքական գործիչը Ռ-էվոլյուցիա հեղինակային հաղորդման ժամանակ զարմացած առարկեց Սաթիկ Սեյրանյանին` ասելով, որ ԲՀԿ-ն այլընտանքային կոչվել չի կարող, քանզի ԱԺ-ում այդպիսի հասկացողություն չկա, նա դիտարկվում է որպես ոչ իշխանական: Իհարկե, ես այստեղ լիովին չեմ կարող համաձայնվել Արմեն Ռուստոմյանի հետ, քանի որ այդ ստատուսն էլ չի «սազում» ԲՀԿ-ին. ի՞նչ «ոչ իշխանական»-ի մասին է խոսքը, երբ ԲՀԿ-ն, պահի տակ «չկողմնորոշվելով», «լռելով», շատ անգամ այնպիսի մեծ ծառայություն է մատուցում իշխանություններին, որ իշխանությունները դրա մասին նույնիսկ չէին էլ կարող երազել…

Հ.Գ. Հարգելի ԲՀԿ, երկիրն այն վիճակում չէ, որ կարելի է այստեղ Մաքիավելիական քաղաքական խաղերով մնալ քաղաքականության մեջ և տարբեր մանիպուլյացիների միջոցով ազգին անմնացորդ նվիրվածության իմիջ ստեղծել …Եկել է հստակ որոշումներ ընդունելու ժամանակը: Մի մոռացեք, որ Ձեզ ձայն են տվել մոտ կես միլիոն մարդ: Ձայն են տվել, ոչ թե նրա համար, որ Դուք այսօր Ձեր «Նոու Հաու»-ն կյանքի կոչեք և դրանով իսկ շարունակեք մնալ Հայաստանի քաղաքական կյանքում, այլ այն պարզ պատճառով, որ նրանք հավատացել են, որ դուք կարող եք փոփոխություն մտցնել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել