Ամեն շաբաթ, մի քանի անգամ համացանցից ծանոթանում ենք նման ինֆորմացիաների. Վովա Գասպարյանը հրամաններ է ստորագրել. մեկին հանել է, մյուսին նշանակել, մեկ ուրիշին ուղարկել կադրերի տրամադրության տակ, էն մեկ էլին էլ` ծառայական քննություն, կամ ընդհանրապես ազատել համակարգից:

Եթե նրա պաշտոնավարման սկզբնական շրջանում նման գործելաոճը հոռետեսները անվանում էին կադրային ջարդ, կամ լավագույն դեպքում` կտրուկ բարեփոխումներ, ապա հիմա նույնիսկ անբարյացկամ տրամադրվածները սուս են, որովհետև ուղղակի հասկացել են, որ երևույթը ուղղակի ոստիկանության պետի յուրահատուկ ու արդյունավետ մոտեցումն է կադրային քաղաքականությանը, և որ հաստատ վաղը չի ավարտվելու, անընդհատ ու շարունակական է լինելու: Անընդհատ զտում, անընդհատ ինքնամաքրում ու անընդհատ զգոնությունը վերականգնող պրոցես:
Հիմա պատկերացնում եմ, թե ողջ ոստիկանական համակարգում, ամենաստորադաս ոստիկանից մինչև ամենակալիբրով պագոնավորը ինչ են զգում առավոտյան աշխատանքի գնալուց ու երբ տուն են վերադառնում: 

Ավելին, կարծում եմ, որ հենց այս ձևն է ստիպել մեր ոստիկաններին սկսել փոխվել դեպի լավը, որովհետև սկսել են մ-տա-ծել, անընդհատ մտածել` հրաման կատարելուն զուգահեռ: Մտածել, որպեսզի չսխալվեն, չսայթաքեն ծառայության ընթացքում: Երևի որովհետև ոստիկանության պետը սխալը չի հանդուրժում, նույնիսկ մեկ սխալը: Գոնե այսօրինակ կադրային շարժընթացից այդ կարելի է ենթադրել: Իսկ արդյոք հեց դա չի՞ մեր հասարակության ուզածը խոշոր հաշվով. ունենալ մտածող-մարդ ոստիկան: Իսկապես շատ եմ հավանում Գասպարյանի ոճը, ով ինչ ուզում է ասի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել