Լուսանկարը՝  Կարեն Անտաշյանի

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

Հարցազրույց բանաստեղծ, թարգմանիչ, արտասահմանյան գրականության պրոֆեսոր, ՀՀ պետական եւ ՀՀ նախագահի մրցանակների դափնեկիր Հենրիկ Էդոյանի հետ

-Երբ գրողի հայացքով եք քննում ժամանակը, ի՞նչ տպավորություն եք ստանում:
- Ես ուզում եմ գտնել, թե հիմա մեր հասարակության մեջ ինչ է կատարվում, ինչ է կատարվում մտավոր, հոգեկան, զգայական աշխարհում, եւ ուր է գնում հասարակությունը: Ի վերջո, մարդը հոգեբանություն է, մեր կյանքը վատն է, որովհետեւ մարդու հոգեբանությունն է վատը: Ամեն ինչ հանգում է մարդուն, եթե լավ մարդ է, ուրեմն միջավայրն էլ է լավ: Հասարակությունը պետք է կազմված լինի լավ մարդկանցից, այսինքն՝ մարդու խնդիրն է դրված:
Ինչո՞վ է ապրում մարդը, ինչպե՞ս կբնորոշեք մեր ժամանակի մարդուն:
- Ցավոք սրտի, պիտի ասեմ, որ հիմա մեր երկրում ապրող մարդն ինչ-որ չափով դեգրադացիա է ապրում՝ մտավոր, հոգեկան առումով: Շատ արժեքներ արժեզրկվում են, մարդկային արժեքներ կան, որոնք միշտ պետք է գոյություն ունենան, ավելին՝ պետք է զարգանան, բայց մեզ մոտ մի քիչ հակառակ ընթացք է: Հավանաբար, դա էլ է անխուսափելի, մի ամբողջ համակարգ է փոխվել, մեր ժողովրդի հոգեբանությունը սոցիալիստական է ի վերջո, հիմքերը սոցիալիստական են, եւ այդ հիմքերի վրա կապիտալիստական հարաբերություններ են բարձրանում, հակասություն է ստեղծվում: Մեծ հակասություն կա. հոգեբանությունը սոցիալիստական է, հարաբերությունները՝ կապիտալիստական: Փողն իշխում է հիմա, բայց մեր հոգու մեջ, ի վերջո, փողը չի իշխում՝ անցյալից եկած, եւ մի ներքին պայքար, ցավ է առաջանում մարդու հոգու մեջ: Երկու տարբեր ֆորմացիաների հակադրություն կա մեր երկրում՝ սովետական սոցիալիստական եւ ժամանակակից կապիտալիստական: Եվ այս ամենի վրա ստեղծվում է փողի իշխանություն, դաժանություն միմյանց նկատմամբ, անհարգալից վերաբերմունք մարդու նկատմամբ։ Այդ բոլոր բաները հակասում են մարդու մեր պատկերացումներին, զգայուն մարդն այստեղ դժվարությամբ է դիմանում այդ երկու հարվածներին: Համաշխարհային ճեղքվածք է ստեղծվել, որ անցնում է մարդու միջով. մեր դժգոհության հիմնական առանցքը հենց դա է: Մենք չենք կարող ամերիկյան մոդելն ամբողջովին ձեւավորել մեզ վրա, որովհետեւ մեր հիմքը մի քիչ ուրիշ է: Այսպիսին է երեւույթը:
Այսօր, փաստորեն, դեռ շարունակվում է սովետական մարդը, մի կողմից՝ բռնատիրություն տեսած, որ կոպտորեն իշխում է, մյուս կողմից՝ սոցիալիստական գաղափարներով դաստիարակված հասարակություն: Այդպե՞ս է:
- Շարունակվում է դեռ: Իհարկե, սովետական մարդը միագիծ չէ, եւ դրականը կա, եւ բռնատիրական դաստիարակությունը կա, որ պիտի ուժով լուծել ամեն ինչ: Մեզ մոտ երկու աշխարհների վայրենի բախում է: Մարդիկ՝ առեւտրականները, որ նախկինում արհամարհված էին հասարակության մեջ, հիմա իշխանության ամենաբարձր լծակին են: Դա մարդու մեջ ցավ է առաջացնում. կարծում եմ, որոշ ժամանակ դեռ պետք է անցնի:
Եվ այսօր արդյունքում մենք ունենք սոսկալի արտագաղթ, պառակտվածություն, հասարակության մի ստվար զանգված դժգոհ է, թշնամական հարաբերություններ են՝ ինչպես խրամատի տարբեր կողմերում:
- Արտագաղթը ոչ թե աղքատությունից է, բնականաբար, վատ են ապրում, այլ այս մթնոլորտից են փախչում, այս հարաբերություններից՝ արդեն անմարդկային դարձած, արդեն մարդու ուժերից վեր է: Այդ հակասություններին դիմանալը մարդու ուժերից վեր է, բոլորը չէ, որ կարող են դաժան, կոպիտ, անմարդկային լինել: Արտագաղթն ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի հետեւանք է, անհուսության մեջ է մարդը, անօգնական եւ անպաշտպան վիճակում է, ոչ ոք մարդուն չի պաշտպանում՝ ոչ պետությունը, ոչ էլ մարդը, ոչ մի կողմից պաշտպանություն չունի: Ի վերջո, շատ մեծ պոտենցիալ ունի մեր ժողովուրդը, բայց չի կարողանում իրեն իրացնել, հնարավոր չէ: Մեր աչքի առջեւ մեր երկիրը հալվում է: Աշխարհը բաժանված է սեւի ու սպիտակի, բայց նրանց միջեւ ինչքան երանգներ կան։ Ամենակարեւորը հավասարակշռության բերելն է բեւեռները, մարդը պետք է իմանա, որ ինքը հասկացվում է: Ոչինչ չի խնայվում, մեկը մյուսին չի խնայում, բոլորը բոլորի դեմ պայքար են մղում, երբեմն անհասկանալի է, հարցնում ես՝ ի՞նչ ես ուզում, ինքն էլ չգիտի: Հիմա մեր գրականության մեջ էլ Հայաստանի քաղաքացին կարդում եւ տեսնում է, որ չի հասկացվում, որ իրեն չեն հասկացել: Հասարակությանը պետք է հասկանաս, բայց երբ հասարակությանը հասկանում ես, հասարակությունն արդեն փոխվում է:
Դուք միշտ դավանել եք եվրոպական արժեքները, եւ հենց դրանց վրա էլ խարսխված են Ձեր գրականությունն ու կեցությունը: Մենք, որ տեւական ժամանակ ձգտում էինք Եվրամիություն, հանկարծ հայտարարեցինք, որ մտնում ենք Ռուսաստանի հետ նույն Մաքսային միության մեջ: Ի՞նչ եք մտորում այդ առիթով:
- Մեր մշակույթը, մեր պատմությունը եվրոպական են ըստ էության, այսինքն՝ նկատի ունեմ քրիստոնեական, մենք այդ կուլտուրան կրող ժողովուրդ ենք, մեր կյանքը, կենցաղը դրա վրա են հենված՝ եվրոպական, քրիստոնեական, ասենք՝ արեւմտյան: Բնականաբար, մեր ճիշտ տեղն այդտեղ է, մենք պետք է լինենք մեր աշխարհի հետ, իսկ մեր աշխարհը եվրոպականն է, հայերն իրենց ամենաազատն զգում են Եվրոպայում: Ռուսաստանի հետ էլ ենք կապված, ռուսական իրականությունը, ի վերջո, քրիստոնեական է, բայց ռուսական պետությունը մի քիչ տարբերվում է Եվրոպայից: Եթե հիմա ինձ հարցնես՝ ո՞րն եք նախընտրում, ես ասում եմ՝ բնականաբար, Եվրոպական Միությունը, դա կօգնի մեզ վերափոխվելու, մեր կյանքը կփոխվի՝ այդ դաժանությունը, անհանդուրժողականությունը միմյանց նկատմամբ: Ռուսաստանը պետք է այնքան խոհեմ լիներ, որ իմանար, թե ինչ է ուզում այս փոքր երկրից. փոքր երկիր է՝ թող ինքն ընտրություն կատարի:
Ո՞րն է գրողի դերը ժամանակի մեջ, ոչ միայն գրական, նաեւ հասարակական կյանքում:
- Դեռ Ք. ա. 4-րդ դարում Արիստոտելն ասել է՝ երբ գրականությունից պահանջում ես ավելին, քան նա կարող է անել, գրականությունը մեռնում է: Պոեզիան ունի իր նպատակը, պոեզիայով որեւէ հարց չի լուծվում, եւ պոեզիայի վրա չպետք է այն բեռը դնենք, որ չի կարող տանել: Պոեզիան ստեղծում է ժամանակակից մարդու հոգեւոր աշխարհը, նրա հատակագիծն է տալիս, բայց ինքը չի կարող մասնակցել պետական, քաղաքական անցուդարձին: Երբ նայում ենք պատմությունը, տեսնում ենք, որ գրականությամբ որեւէ հարց չի լուծվում: Պոեզիան լուծում է արվեստի հարցեր, արվեստի հարց լուծելով՝ մարդուն տալիս է ներքին ազատություն, մի իրականություն է ստանում, որտեղ ինքը կարող է ազատ լինել: Իսկ մեր իրականության մեջ, որքան էլ ասում ենք մարդն ազատ է, իրականությունն ազատություն չունի, իրականությունը չի կարող մարդուն ազատություն տալ, որովհետեւ մարդը կախված է այնպիսի հարցերից, առանց որոնց չի կարող ապրել, այդ հարցերը ծանրանում, նրան սպանում են: Ես դեմ եմ, որ գրականությունը պետք է մեկնի հասարակական հարցեր, որովհետեւ որեւէ ազդեցություն հասարակություն վրա գործել չի կարող, որեւէ բան փոխել չի կարող. ստվերի պես կսահի-կգնա, իսկ ստվերը չի շարժում իրերը: Գրականությունը կարող է փոխել մարդու հոգեբանությունը, ներաշխարհը. գրականությունն անհատի հետ գործ ունի, ոչ հասարակության հետ:
Ազա՞տ է մեր երկրի մարդը:
- Բացարձակ ազատություն չկա մարդու համար, մարդը կարող է ազատ լինել կիսով չափ, որովհետեւ երկու աշխարհների միացում է՝ հոգի է եւ մարմին: Եթե հոգին ազատ է, բայց դրված է մարմնի մեջ՝ կիսով չափ կորցնում է իր ազատությունը: Բացարձակ ազատության ձգտել՝ մարդուն տրված չէ: Իհարկե, մարդը պետք է ազատ լինի, բայց պետք է իմանա, թե ինչ բան է ազատությունը եւ ինչից է ուզում ազատ լինել, իսկ ամենակարեւորը՝ հանուն ինչի է ուզում ազատ լինել: Եթե մարդն այդ երկու բաները չգիտի, թե ինչից է ուզում ազատ լինել եւ հանուն ինչի է ուզում ազատ լինել, ինքն ազատ լինել չի կարող: Մարդն ազատ է այն ժամանակ, երբ ազատ է ինքն իրենից: Ժամանակակից աշխարհում մարդը պետք է ներքին հոգեկան ազատություն ունենա, մտավոր, հոգեբանական ազատություն, ինքն իրենից ազատ լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել