Կիրանցի ապօրինի պաշարումը ոստիկանական զորքի կողմից շարունակվեց նաեւ երեկ։ Հիշեցնենք․ ոստիկանական ուժային գործողություններից հետո իրավապահները նախօրեին, վաղ առավոտից փակել են դեպի գյուղ տանող բոլոր ճանապարհները. Կիրանց մտնել ցանկացողներին ստիպում են անձնագիր ցույց տալ, որում նշված լինի, որ բնակության վայրը Կիրանց գյուղն է։ Ովքեր տեղի բնակիչ չեն, նրանց մուտքն արգելում են: Բագրատ սրբազանին, տավուշյան պայքարի մյուս աջակիցներին երկու օր է՝ թույլ չեն տալիս մտնել Կիրանց։ Տասնյակ հարյուրավոր ոստիկաններ երեկ էլ շարունակեցին փակ պահել գյուղի մուտքերը, թեպետ որոշներին թույլ էին տալիս մուտք գործել, դիցուք` Գառնիկ Դանիելյանին, իրավապաշտպան Արսեն Բաբայանին: Պարզ ասած՝ ոստիկանական ամենաթողություն է, օրենքն այստեղ չի գործում։

ՆԳ նախարարությունը հայտարարեց, որ ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն` ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու եւ նրանց անվտանգությունն ապահովելու համար: Բայց չմանրամասնեց՝ ինչ իրավական հիմքով, եթե չի սահմանվել հատուկ ռեժիմ, թե ինչ իրավունքով են փակ պահում ճանապարհները․ դրա համար հատուկ ռեժիմի որոշում է պետք ընդունել, որը սահմանվում է օրենքով։ 
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեր զրույցում ասաց, որ այս օրերին պետական կառույցներն ինքնիրավչությամբ են զբաղված, սահմանված չէ իրավական հիմք ունեցող հատուկ ռեժիմ, սահմանելու համար կա՛մ պետք է արտակարգ եւ ռազմական դրության մասին օրենքով առաջնորդվեն, կա՛մ «Պետական սահմանի մասին» օրենքի կարգավորումով: Իսկ «Պետական սահմանի մասին» օրենքը նախատեսում է՝ սահմանային ռեժիմ հայտարարելու համար ելակետ ընդունել պետական սահմանը։ «Իրենք եթե սահմանեն ռեժիմ, կընդունեն, որ այսօրվա հայ-ադրբեջանական շփման գիծը հենց պետական սահմանն է։ Իրենք փորձում են արդարանալ, թե կա նախարարի հրաման եւ այլն, բայց նախարարը նման հրաման տալու իրավունք չունի, խոսքս ՆԳ նախարարի մասին է։ Չունի, որովհետեւ չկա նկարագրված, թե  ինչ է կատարվում, որպեսզի իրավունքների սահմանափակումներն էլ համապատասխանեն Սահմանադրությամբ կամ միջազգային կոնվենցիաներով նախատեսված իրավունքներին»,- պարզաբանեց Մինասյանը։

Նշենք, որ «Պետական սահմանի մասին» օրենքի 20-րդ հոդվածն է կարգավորում «սահմանային ռեժիմ»-ը․ «ՀՀ կառավարությունը պետական սահմանում պատշաճ կարգ ապահովելու նպատակով, սահմանված կարգով, սույն օրենքին եւ ՀՀ իրավական այլ ակտերին համապատասխան, սահմանում է սահմանային ռեժիմ, որը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ այլ անձանց` սահմանային շերտ մուտքի, այնտեղ ժամանակավորապես գտնվելու, բնակվելու, տեղափոխվելու եւ այլ գործունեություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները»:

«Սահմանային շերտը սահմանային գոտու մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին` մինչեւ մեկ կիլոմետր լայնությամբ»: Սահմանային շերտ մուտքի, այնտեղ ժամանակավորապես գտնվելու թույլտվությունը ՀՀ ոստիկանության եւ ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների համաձայնությամբ տալիս են սահմանապահ զորքերը: Անհրաժեշտության դեպքում սահմանապահ զորքերի հրամանատարությունը կարող է լրացուցիչ ժամանակավոր ռեժիմային սահմանափակումներ մտցնել սահմանային շերտ մուտքի եւ այնտեղ ժամանակավորապես գտնվելու համար: «Ժամանակավոր ռեժիմային սահմանափակումներ մտցնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկացնելով` սահմանափակվում կամ արգելվում են անձանց, տրանսպորտային միջոցների, ընտանի կենդանիների, բեռների եւ այլ գույքի մուտքը, այլ գործունեությունը սահմանային շերտում»:

Ուստի. «Սա պարզ ինքնիրավչություն է, կամայական սահմանափակում՝ քաղաքացիների ազատ տեղաշարժի, եւ սա ունենալու է կոնկրետ իրավական հետեւանքներ։ Մենք հիմա փաստահավաք առաքելություն ենք իրականացնում, դատական  պրոցեսով, ինչու ոչ` նաեւ միջազգային իրավական գործընթացներ սկսելով։ Իրավական հետեւանքները նախատեսում են՝ սկսած նրանից, որ գործողությունները ոչ իրավաչափ են, ավարտված կոնկրետ պատճառված վնասների գնահատման, նաեւ քրեական-քաղաքացիական իրավահարաբերություններից բխող հետեւանքներ՝ պատճառված վնաս, քրեական արդարադատություն: Ի վերջո, գոնե իշխանափոխությունից հետո միանշանակ պատասխանատվության են ենթարկվելու»։ Ասում է Արծվիկ Մինասյանը, ով դեռեւս նախօրեին Կիրանցի շրջափակման օրինականության հարցով նաեւ ՄԻՊ-ին է դիմել, ով խորհրդարանում վերջին օրերին իր ղեկավարած կառույցի տարեկան հաշվետվությունն է ներկայացնում:

Երեկ ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեցինք․ ի վերջո, պարզե՞լ է՝ ոստիկանական գործողություններն օրինակա՞ն են, թե՞ ոչ, սակայն Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի պաշտպանը հայտարարեց, որ իրավական հիմքերի մասին ճշտումներ է անում, որից հետո միայն կասի իր պրոֆեսիոնալ կարծիքը, մեզ պես «սիրողական» գնահատականներ չի կարող հնչեցնել։ Ի պատասխան հարցին, ասաց, թե դիմել է ՆԳՆ, բայց դեռեւս պատասխան չի ստացել։ «Որպեսզի կարողանամ տալ վերջնական գնահատական, պետք է հասկանամ, թե նրանց տեղաշարժն ինչ հիմքով է ընդհանրապես սահմանափակված: Որովհետեւ շատ հնարավոր է, եւ դա Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է իր դիրքորոշումներով հաստատել եւ մի շարք միջազգային չափանիշներով, որ լինեն մարդու իրավունքները սահմանափակելու հիմքեր, եւ նաեւ մարդու իրավունքների սահմանափակումը լինի համաչափ: Դա է պատճառը, որ ինձ անհրաժեշտ է հստակ պաշտոնական պարզաբանում՝ իրավունքների սահմանափակման թե՛ հիմքերի, թե՛ համաչափության հետ կապված, որից հետո, բնականաբար, կկարողանամ գնահատականներ հնչեցնել»,- ասաց Մանասյանը: Ի՞նչ կա պարզելու, երբ հոգեւորականին թույլ չեն տալիս մտնել Կիրանց, մարդկանց հետ շփվել։ Մանասյանը եւս մեկ անգամ շեշտեց՝ որպեսզի կարողանա գնահատել, թե կոնկրետ այդ իրավիճակում կա՞ իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենա հիմնավորում, որի համաձայն՝ սահմանափակվել է անձանց իրավունքը:

Անահիտ Մանասյանի խոսքով՝ իրեն չեն կարող բավարարել բանավոր պարզաբանումները, թե այդպես են վարվում՝ մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով: «Բանավոր պարզաբանումները բավարար չեն, որովհետեւ գործ ունենք պետական ինստիտուտների հետ, եւ եթե ձեզ թվում է, որ պետական մարմինը, որը պետք է արժանահավատ տեղեկատվություն տա, հանկարծ իրավասու է լինելու տարածել այնպիսի տեղեկատվություն, որը զուրկ է լինելու արժանահավատությունից։ Ես դա, բնականաբար, չեմ անելու նաեւ այն պատճառով, որ առաջին ՄԻՊ-ն եմ, ում՝ ԼՂ-ի վերաբերյալ զեկույցները սկսել են ցիտվել միջազգային տարբեր ատյանների կողմից: Ես չեմ պատրաստվում կորցնել իմ խոսքի արժանահավատությունն ընդամենը այն պատճառով, որ դառնամ պոպուլյար»,- նշեց Մանասյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել