2013թ-ի սեպտեմբերի 14-ին ԲՀԿ Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնը վերսկսեց իր ուսումնական գործունեությունը` «Պետական գործիչների դպրոց» ծրագրի մեկնարկով: Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Կրթական Կենտրոնի ուսանողներին իր օրհնանքի և ոգևորումի խոսքն ուղղեց Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավոր Հայր Թովմա քահանան, ով իր խոսքում կարևորեց երիտասարդների շարունակական կրթվելու ցանկությունն ու նրանց կապը հոգևոր՝ քրիստոնեական արժեքներին, շնորհավորեց բոլորին նոր սկզբի ու նոր ձեռնարկի առիթով, քաջալերեց ԿՔԾ Կենտրոնի առաջին կուրսեցիներին, ովքեր առաջին անգամն են մուտք գործել այս կրթօջախ ու բարեմաղթեց, որ բոլորի ստացած գիտելիքները ծառայեն բարիքի ստեղծմանն ու ի բարօրություն հայոց պետականության:

Այնուհետև իր ողջույնի ու շնորհավորանքի խոսքն ուսանողներին հղեց ԲՀԿ ԵՄ ղեկավար, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն, ով մեկ անգամ ևս կարևորեց Կենտրոնի գործունեությունը, այստեղ ներգրավված ուսանողների ցանկություններն ու մղումները, որոնք երբեք աննկատ չեն մնա: ԱԺ պատգամավորը մեկ անգամ ևս ընդգծեց, որ որակյալ կրթություն ստացած երիտասարդներն են մեր ապագա կադրերն ու երկիրն առաջ մղող ուժը, ուստի իր համար միշտ էլ հաճելի է ամեն տարի մեր շարքերում նկատել նման երիտասարդների համալրումը:

ԲՀԿ ԿՔԾ Կենտրոնի ուսումնական տարվա սկզբի և «Պետական Գործիչների Դպրոց» ծրագրի մեկնարկի առիթով Կենտրոնն այդ օրվա համար հրավիրել էր նաև հատուկ բանախոս՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին: Պարոն Ռոստոմյանն, իրեն հատուկ անմիջական ոճով, կազմակերպեց իր զրույցն ուսանողների հետ, անմիջապես շեշտելով, որ ինքը դեմ է կարծրատիպերով շփումներին ու ակնկալում է անկեղծ և անմիջական զրույց: Այնուհետև բանախոսը երիտասարդների հետ կիսվեց իր կյանքի փորձով, ինչը չնայած իր տարիքին, բավականին լեցուն էր իրադարձություններով ու անհավանական դիպվածներով: Ամեն տարիքում և կարգավիճակի համար պարոն Ռոստոմյանն ընդգծեց սովորելու հանդեպ ունեցած իր մղումները և դրա կարևորությունը, ուսանողներին բացատրեց այն նրբությունները, թե ինչպես է մեր կյանքում սպորտը վերածվել երկրների միջև մղվող պայքարի ու քաղաքականության դրսևորման, և թե Հայաստանն ինչպիսի ջանքերի շնորհիվ է փորձում իր ուրույն տեղն ունենալ միջազգային այդ գերտերությունների մրցապայքարում, իսկ երբեմն նաև արձանագրում փայլուն հաջողություններ:



Առաջին կուրսեցիներին Հրաչյա Ռոստոմյանը խորհուրդ տվեց միշտ կարևորել իրենց գործունեության նպատակը, կյանքում երբեք չմոռանալ իրենց վրա աշխատանք տարած ուսուցիչներին, մարդկանց ու մասնագետներին և իրենց կյանքի բոլոր բնագավառներում փորձեն լինել լավագույնն ու հաղթողը, որպեսզի իրենց զբաղեցրած դիրքն ու պաշտոնը արժանի լինի իրենց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել