Armenpress.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիան աջակցում է այն հարթակին, որի արդյունավետ աշխատանքի և կայացման գործում միջնորդական առաքելությամբ հանդես են գալիս ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, ինչպես նաև զորակցում է հայկական և ադրբեջանական կողմերին, որպեսզի նրանք ներգրավվեն կառուցողական բանակցություններում՝ հավատալով, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է մոտ ապագայում։     

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, ով մասնակցում էր «Հարավային Կովկաս․ Միտումներն ու զարգացումներն ուկրաինական պատերազմի համատեքստում» խորագրով գիտաժողովին։

«Այն փաստը, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները բանակցում և քննարկում են անչափ կարևոր խնդիրներ, իհարկե, հուսադրող է։ Անցյալ ամիս Բեռլինում հանդիպեցին երկու երկրների արտգործնախարարները, ինչը դրական քայլ է և բացում է հնարավորությունների պատուհան խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։ Մեծ Բրիտանիան խրախուսում է երկու կողմերի անմիջական հանդիպումները և կոչ է անում, որպեսզի դրանք կազմակերպվեն ավելի հաճախակի՝ վստահ լինելով, որ կառուցողական մթնոլորտի առկայության պարագայում հնարավոր է քննարկել ամենացավոտ հարցերը»,- ասաց Մեծ Բրիտանիայի դեսպանը։

Անդրադառնալով նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Գալագերն ասաց, որ այդ հարցում Մեծ Բրիտանիան նույնպես աջակցում է կողմերին։

«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար, իսկ կոնկրետ Հայաստանին կօգնի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու և ավելի անվտանգ երկիր դառնալու ճանապարհին»,- ասաց դիվանագետն ու հավելեց, որ տվյալ գիտաժողովը չի վերաբերում միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, այլ հիմնական թեման առնչվում է Հարավային Կովկասում անվտանգության օրակարգի ստեղծման խնդրին։

«Մենք գիտակցում ենք նման հարթակների ստեղծման կարևորությունը, որտեղ ոչ միայն տարածաշրջանի, այլև նրանից դուրս գտնվող երկրների փորձագետները, ներառյալ բրիտանացի վերլուծաբանները, կարող են ժամանել Հայաստան և մասնակցել մասնագիտական քննարկումներին, փոխանակել կարծիքներ կենսական նշանակություն ունեցող թեմաների շուրջ, հնարավորության դեպքում գտնել կառուցողական քայլեր՝ նպաստելու խաղաղության օրակարգը կյանքի կոչելուն։ Շատ կարևոր է նաև հասարակության լայն շրջանակների ներկայությունն ու ներգրավվածությունը նման քննարկումներում, որոնց ընթացքում առանձնահատուկ կերպով արժևորվում են խաղաղության հասնելու գաղափարը, փոխզիջումների գնալու հնարավորությունը և փոխգործակցությունը խթանելու հեռանկարը։ Նման միջոցառումներն օգնում են ստեղծել բարենպաստ պայմաններ կայուն խաղաղության հաստատման համար»,- եզրափակեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանը։

Մանվել Մարգարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել