Մարտի 27-ին եւս մեկ նոր կուսակցության հիմնադիր համագումար տեղի կունենա։ Կուսակցությունը կոչվում է «Արդար խոսք», հիմնադիրն Ազատամարտիկների եւ վետերանների միության նախագահ Միհրան Մովսիսյանն է, ում որդին Դոգի «Հանրային ձայն» կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակում է։ Մեզ հետ զրույցում Մովսիսյանն ասաց, որ կուսակցությունը համախոհներով են հիմնադրել, ամսի 27-ին կհայտարարեն՝ ընդդիմադի՞ր են, թե՞ իշխանամետ:

«Ընդդիմադի՞ր ենք լինելու, թե՞ իշխանամետ․ այդ հարցին եկեք ես այս պահին չպատասխանեմ, որովհետեւ մեր կուսակցությունը լինելու ոչ թե անձի կուսակցություն, այլ համախոհների խումբ, որոնց հետ միասին որոշում ենք կայացրել, հիմնադիր ժողովն անցկացրել ենք, իսկ մարտի 27-ին տեղի է ունենալու անդրանիկ համագումարը։ Մենք որոշում ենք կայացրել, որ լրագրողների մուտքն ազատ լինի։ Համագումարից հետո մենք որոշում կկայացնենք, թե որ դաշտում ենք լինելու, եւ մեր կարգավիճակը որն է լինելու»,- ասաց Մովսիսյանը։

- Համախոհները, որոնց մասին նշեցիք, ովքե՞ր են, քաղաքական գործիչնե՞ր են, գուցե նախկին զինվորականներ։ Կա՞ն հանրությանը հայտնի մարդիկ։

- Նախկին զինվորականներ էլ կան, նախկին ազատամարտիկներ էլ կան․․․, ազատամարտիկը դարձել է նախկին, որովհետեւ, ցավոք սրտի, պետության կողմից ուշադրության չեն արժանանում։ Տարբեր ոլորտի մարդիկ կան․ իրավաբաններ, տնտեսագետներ, սոցիալական հարցերով զբաղվող մարդիկ։ Այժմ մենք մտավորականների հետ առանձին աշխատանք ենք տանում, մնացած գործողություններն ենք կազմակերպում։ Ձեր ասած՝ ճանաչված քաղաքական գործիչներ․․․, կարող եմ ասել, որ, ոչ, չկան, «ճանաչված» հասկացությունը չկա, կան մարդիկ, որոնք ցավում են պետության ապագայի համար, եւ եթե ես եմ իրենց ճանաչում, ապա ես եմ երաշխավորում, իսկ եթե մեր հիմնադիր ժողովից մեկ ուրիշն է ճանաչում, ապա որեւիցե մեկը պետք է մեզ միանալու եւ կուսակցության անդամ դառնալու ցանկություն ունեցողներին պարտադիր երաշխավորի։ Ճիշտ է՝ թափանցիկ ենք համարում, բայց գիտեք՝ այսօր Հայաստանում ինչ է կատարվում՝ կապված բոլոր տեսակի հարցերի հետ․ մեկ հատ նախադասություն ես արտահայտում, տուն չհասած՝ արդեն բարեւում են ձեզ նույն տարբերակով։ Մենք ուշադիր մոտեցում ենք ցուցաբերում։ Չեմ կասկածում, որ ճանաչում եք, թե մենք ով ենք, եւ կարող եմ ասել, որ մենք մեր ուրույն տեղը կգրավենք։ Այսօր մոնոպոլիա է ստեղծված թե՛ իշխանամետ դաշտում, թե՛ ընդդիմադիր, բայց մենք մեր տեղը կգրավենք։ Առաջին անգամը չէ, ոչ մենք կուսակցությունով զբաղվում ենք, դեռ 2001 թվականին «Աշխատանք, օրենք, միասնություն» կուսակցության նախագահն եմ եղել, բայց հիմա նախագահ չեմ, նախաձեռնող խմբի անդամ եմ։ Մեր համագումարի անդրանիկ ժողովում երբ որոշում կայացվի, թե ով կդառնա նախագահ, ապա մենք այդ հարցի վերաբերյալ անգամ մտածելու կարիք չունենք, ով դառնա, նրա շուրջ մենք կհամախմբվենք եւ մեր ծրագրերը կիրականացնենք։

- Իսկ ինչո՞ւ եք որոշել նոր կուսակցություն բացել, 2026-ի խորհրդարանական ընտրությունների՞ն եք պատրաստվում, թե՞ կարծում եք՝ արտահերթ կլինի, կամ գուցե փողոցային պայքա՞ր եք ցանկանում ծավալել։

- Ես Ձեր հարցը հասկացա։ Մեր կուսակցությունը մարտի 27-ից հետո շատ լուրջ մոտեցում է ցույց տալու՝ սկսած Մեղրիից, ավարտած Ամասիայով, բոլոր տեղերում մասնաճյուղեր կունենանք։ Նախապատրաստվում ենք թե՛ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, թե՛ 2026 թվականին, այսինքն՝ այնպես, ինչպես կյանքը կթելադրի ու ցույց կտա, բայց մեր կարծիքը պարզ ասեմ՝ շատ հավանական է, եւ չի բացառվում, որ աշնանը մենք արտահերթ ընտրությունների գնանք։ Ինչ վերաբերում է փողոցային պայքարին, ապա այժմ մենք դեմ ենք այդ հարցերի վերաբերյալ, որովհետեւ տեսնում ենք, թե ինչ է կատարվում․ տարբեր կազմակերպություններից տարբեր հայտարարություններ, որի արդյունքում քաղաքացիները գալիս են Ազատության հրապարակ եւ հիասթափված տուն վերադառնում։ Այդ հարցի վերաբերյալ էլ մենք շատ լուրջ պետք է մտածենք։ Միայն կարող եմ ասել, որ մենք որոշում ենք կայացրել, որ մեզ մոտ ոչ թե «ես»-ով պետք է շարժվենք, այլ՝ «մենք»-ով, եւ մեր «այո»-ն պիտի լինի «այո», «ոչ»-ը՝ «ոչ»։

- Հնարավո՞ր է, որ Ձեր հորեղբոր որդին՝ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, Ձեր կուսակցությանն անդամագրվի։

- Ոչ։ Ո՛չ իր կողմից է առաջարկ եղել, ո՛չ էլ մեր նախաձեռնող խմբի կողմից, բայց Առաքել Մովսիսյանն ինձ հարազատ մարդ է, ում համար ես պատրաստ եմ կյանքս էլ զոհել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել