Պատուհանից երևում են ծառերի կատարների ու շենքերի տանիքների մուգ կարմիր գույնը:

Չի հասկացվում արշալույսն է սկսվո՞ւմ, թե մայրամուտն է վերջանում:

Երբ քնից բացում ես աչքերդ, միանգամից չես կարողանում կողմնորոշվել:

Սվետան չկա, տունն էլ ցուրտ է:

Քնել եմ մի ամբողջ ցերեկ, երեկոյան ժամը յոթն է, հարկավոր է գնալ աշխատանքի…

Սովա՜ծ եմ:

Հիշեցի իմ խորթ հոր խոսք-խորհուրդները:

«Արհեստավորը սոված կլինի մինչև կեսօր, իսկ քանի որ գրպանահատությունն արհեստների արհեստն է ուրեմն…

Գրպանահատը պետք է ունենա զգայուն մատներ, զգայուն սիրտ, բարի աչքեր, դեպի իրեն տրամադրող անմեղ հայացք ու ժպիտ, գլուխը դեպի աջ կիսաթեքած»:

Այն ժամանակ ինքն ընդամենը տասնչորս տարեկան էր, քանդակագործ հորը չէր հիշում:

Առաջին գողության փորձը հաջողությամբ ավարտվեց, դա իր սեփական մոր պարանոցից թռցրած ուսկյա կախիչն էր, ոսկյա շղթայով:

- Կարո՞ղ ես մորդ վրայից հանել կախիչն այնպես, որ չզգա:

- Կարող եմ:

- Եթե չստացվի գիշերը կանցկացնես նկուղում, պարզ է:

- Ի՞սկ եթե…

- Կստանաս իմ կողմից պարգևատրում:

Մոտեցավ մորը, որը խոհանոցում ճաշ էր պատրաստում:

- Մամ, գլուխս ցավում է, կոկորդս էլ:

Մայրը կռացավ գրկեց ամուր սեղմեց իրեն:

Մի քանի անհաջող փորձից հետո երբ չստացվեց բացել շխթայի փականը, շղթայի մի կտոր հայտնվեց ատամի տակ, սեղմեց ատամները:

Շղթան պարանոցից զգույշ տեղափոխվեց գրպանը:

- Լավ, մամ ջան, գնամ պառկեմ, ես հետո կուտեմ:

Շղթան վաճառեց հորը, հետո ծեծ կերավ և մորից և խորթ հորից այդպես էլ չհասկանալով ինչի համար:

Հղկվեց, մասնագիտացավ, չմոռացավ խորթ հոր խոսքերը, բայց հոգում երևի արվեստագետ, հարազատ հոր արձագանքն էր, որ հանգիստ չէր տալիս:

Փոքր երեխայի նման ես էլ ունեմ իմ երազանքը, իմ հեքիաթը, որ մի ինչ որ Կազինոյի, ռեստորանի կամ չգիտես էլ որտեղ կարողանամ հարուստ, այդ թեթևսոլիկ կանանց պայուսակից հանել մի այնպիսի գումար, որ կարողանամ հավատալ – հեքիաթներ լինում են կյանքում:

Ամենալավ հեքիաթասածը եղել է Շեքսպիրը, որ կարողացավ իր Ռոմեոյի ու Ջուլիետայի հեքիաթը  հավատացնել ողջ աշխարհին, մի՞թե դա սեր էր…

Սերը այն երկու ծերուկների կյանքն էր, որ ապրեցին երկար ու երջանիկ, նույնիսկ մինչև այն պահը, երբ ունեցան Գնդիկ-Բոքոնիկ, այ թե որն է սերը:

Իսկ հեքիաթները չար են, մի տեղ գայլն է ուտում տատիկին, հետո չգիտես ինչու միայնակ անտառում հայտնված աղջկան, մի տեղ փոքր կոշիկը ոտքը մտցնելու համար խորթ քույրերը կտրում են բութ մատը, կամ կրունկը և այս ամբողջը երեխաների համար:

Մի տեղ ինչ որ հրեշ է գողանում աղջկան մինչև արքայազնի գալը ու ոչ ոք չի հավատում, որ այդ հրեշը կարող էր շահել աղջկա սիրտն ու իրեն սիրել տալ, մինչև արքայազնի ժամանելը,  այ սա կլինի հեքիաթ, կյանքի նման և ոչ միայն մեծերի համար:

 

Մեծերի համար ամենալավ հեքիաթը՝  Ոսկե ձկնիկի հեքիաթն է, ինչո՞ւ, որովհետև հիմա պատկերացնում եմ ավտոբուսում նստած, ցանցավոր զուգագուլպաներ հագած աղջկա ոտքը որպես իմ ցանցի մեջ ընկած Ոսկե ձկնիկ:

Ու խոսում եմ ոտքի հետ:

Ոտքն ասում է

- Բաց թող ինձ, ես կկատարեմ քո ցանկացած ցանկություն:

Ես ցանկանում եմ, որ պայուսակներում լինեն ոչ թե բանկոմատային քարտեր այլ դրամ, որ կարողանամ…

Բաց եմ թողնում ոսկե ձկնիկին, քանի որ պետք է ձեռքս ազատ լինի պայուսակի մեջ մտնելու համար:

Ժպտում եմ աղջկան, գլուխս աջ կիսաթեքած ու պայուսակից թռցրած դրամապանակը գրպանս իջնում հաջորդ կանգառում:

 

Հարկավոր է գտնել, մտնել մութ անկյուն ու ազատվել դրամապանակից, որը կարծես մի ծանր քարի նման տաբատս ձգում է ներքև:

Եթե դիմանամ, մի փողոց էլ անցնեմ արդեն հեշտ կլինի, կլինենք երկուսով:

 

Այստեղ լուսավոր է, հարմար չէ, կանգառին էլ մոտիկ:

Նայում եմ ցուցափեղկից երևացող մսերին:

Մի փոքրիկ աղջիկ քաշում է թևս:

- Քեռի գրկիր ես էլ եմ ուզում նայել:

- Նայելու բան չկա, հետաքրքիր չէ, իսկ ինչո՞ւ ես մենակ:

- Մենակ չեմ, տեսնում ես, այ նա, իմ մայրիկն է ընկերուհու հետ է խոսում, գրկիր հա՞:

Գրկեցի աղջկան, աղջիկը չի նայում խանութի ներսը:

- Լավ, բավական է ես վազեցի:

- Ի՞սկ ինչ էիր ուզում նայել, չհասկացա:

- Ոչինչ, ուզում էի, որ ժպտայիր,- ձեռքով է անում ու վազում դեպի մայրը: 

 

Շքեղ խանութի մուտքի կողքը նստած դրամ հավաքող կինը կծկվել է ցրտից:

Աչքերը կախ են դիմացը փռած ստվարաթղթի վրա մի քանի դրամների վրա:

Մոտենում եմ ու պատկերացնում նրան ցանցավոր զուգագուլպաներվ, գեղեցիկ շորերով ինչպես այն ավտոբուսում աղջիկն էր ու համոզվում որ միևնույն է նրանից բարին ու գեղեցիկը չկա ուղղակի ոչինչ չունի հագնելու ու երկուսս էլ կիսասոված ենք:

- Հը, մի բան կա՞, - ինքս էլ տեսնում եմ որ ոչինչ չկա:

- Հազար վեց հարյուր դրամ, ընդամենը, հազիվ հերիքի սուրճի ու ծխելիքի: Իսկ քեզ քանի անգամ խնդրեցի, որ դուրս չգաս տանից, նորից փորձո՞ւմ ես, առանց հասկանալու, որ եթե բռնվես, ես կմնամ մենակ, խնդրել էի չէ՞:

Հանում եմ գրպանիցս դրամապանակը, քիչ է մնում ուրախությունից բղավենք:

Տասնութ հազար դրամ կա մեջը:

- Լավ է չէ՞, երեկոյան շքեղ ընթրիք կանենք, օգնիր վեր կենամ, ոտքերս ցավում են:

- Չէ, սպասիր այս խանութը մտնեմ ու գամ:

- Սա կոշիկի խանութ է…

- Գիտեմ, կգամ մի տաս րոպեից:

- Աղաչում եմ մի անիր, սա մեզ բավական է մի տասը օր:

- Սպասիր, հիմա կգամ:

Խանութի ինքնաբացվող դռները կուլ տվեցին ինձ ու տարան ներս:

- Ի՞նչով կարող եմ օգնել, - աղջիկը, որ մոտցավ ինձ նայում է ուղիղ աչքերիս մեջ:

Ի՞նչով կարող է օգնել, երբ պայուսակ չունի:

Մտքումս ծիծաղում եմ իմ մասնագիտական բնավորությանս վրա:

Նրա աչքերն էլ են ծիծաղում նայելով հագուստներիս:

- Երեսունյոթ համարի, սև գույնի, ցույց տվեք, ասենք այնպիսին ինչպիսին ինքներդ կհագնեք:

- Ի՞նչ գնի սահմաններում:

- Տասնութ հազարի, կլինի՞:

- Իհարկե: Մի բան կգտնենք հարմար:

 

Երբ մոտեցավ Սվետան դողացնում էր:

- Դա ի՞նչ է:

- Բարձրացրու ոտքդ, - տուփից հանեց կոշիկները:

- Դու իրո՞ք գիժ ես, իսկ ի՞նչով ենք ապրելու:

- Ի՞նչ գեղեցիկ  է ոտքիդ վրա, կանգնիր, ավելի լավ կերևա:

- Հա՛յկ, - առանց նայելու ոտքերի գեղեցիկ կոշիկներին  փաթաթվեց Հայկի պարանոցին, լաց էր լինում:

- Դե թող, մի կարգին նայեմ:

- Ոչ, չեմ թողնի, ես չեմ ուտի, չեմ ծխի, հասկանո՞ւմ ես ամեն ինչ կթողնեմ քեզ:

Գետնի ստվարաթղթի վրա, մանրադրամների վրա ընկած, բերանը բաց դրամապանակն էլ էր կարծես լաց լինում, հիանալով կոշիկներով:

Հայկը փորձ արեց գլուխն ազատելու նրա ձեռքերից ու երբ մի քիչ թեքեց դեմքը հասկացավ, որ հեքիաթն ավարտվեց…

Նրանց էին մոտենում ավտոբուսի այն աղջիկն ու նրան ուղեկցող մի ոստիկան:

Ուշ էր արդեն որևե բան ձեռնարկելու:                       

Ոստիկանը դանդաղ բարձրացրեց գետնից դրամապանակն ու վստահ, առարկություն չպահանջող դեմքով մեկնեց կնոջը:

- Սա՞ է, ստուգեք պարունակությունը:

Կինը վերցրեց, նայեց Հայկի աչքերի մեջ, մատները մտցրեց դրամապանակի մեջ, ու կարծես թե աննկատ վերցնելով բանկոմատի քարտը, դրամապանակը շպրտեց գետնին:

Հայկի աչքից չվրիպեց քարտը թաքցնելու պահը:

Անելու բան չէր մնում քան գլուխը թեքած ժպտալը:

- Ոչ, սա չէ, նա էլ նման չէ այն գողին, գողն ավելի տարեց էր ու սպիտակ վերնաշապիկով

 

Հեքիաթներ չե՞ն լինում, լինում են, բայց ցավոք ավարտվում…

 

Երբ դուռը բացեցին ու մտան ներս, Հայկը դիմեց Սվետային:

- Սվետ, սոված եմ, մի բան կարո՞ղ ես մտածել:

- Հիմա, մի բան մտածեմ…

Գիտեր, որ սառնարանը դատարկ է, անջատված է, հոսանքն անջատել են, խոհանոցում ոչինչ չկա, բայց հիշում էր, որ մի տեղ երկու գդալ սուրճ էր պահել:

Գտավ:

Փորձ արեց միացնելու գազօջախը, չստացվեց, գազն էլ է անջատված:

Մատներով կտրատեց ու մանրացրեց կոշիկի ստվարաթղթե տուփը, լցրեց գազօջախի վրա:

Լուցկին մոտեցնելով ձայն տվեց:

- Հայկ ջան, հիմա սուրճը կբերեմ…

Հեքիաթները երբեք չեն ավարտվում, ուղղակի պետք է նրանց միշտ տեսնել, լսել նրանց ձայնը ու եթե թվում է թե կարող են ավարտվել, պետք չէ ընկվճել, քանի որ անպայման կսկսվի մի այլ հեքիաթ, որը շատերը սխալմամբ անվանում են կյանք…

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել