Armenpress.am-ը գրում է

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացում ամենակարևորն իրավական գնահատականն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները ունեն հստակեցում, թե ինչ քարտեզներով պետք է իրականացվի սահմանազատումը և սահմանագծումը։

«Իրավական գնահատականի հիման վրա միայն կարելի է ասել, թե որ քարտեզների հիման վրա կարելի է գործընթացն անել։ Այդ աշխատանքները տարվում են, Հայաստանի փոխվարչապետի գլխավորությամբ կա խումբ, որտեղ իմ տեղակալներն էլ մասնակից են, ամենօրյա աշխատանք է տարվում»,- նշեց նա՝ հավելելով, որ արդյունքների վերաբերյալ հրապարակայնորեն կհայտնեն։

Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանը կադաստրի վկայական չունի»՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարն ասաց, թե վարչապետի խոսքը, իր կարծիքով, վերաբերել է նրան, որ Հայաստանի սահմանները դեմարկացված ու դելիմիտացված չեն։

«Երբ Հայաստանի սահմանները կլինեն դեմարկացված ու դելիմիտացված, դա ինքնին կնշանակի, որ Հայաստանի սահմանները փաստագրված են»,- նշեց Թովմասյանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների համապատասխան հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի վերջին։ Հանդիպմանը քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել