Ուրախ ժամանց, նոր ծանոթություններ և անմոռանալի հիշողություններ․ այս ամենը հիշեցնում է տարիներ շարունակ Երևանում մեծ համբավ վայելող ու սիրված «Արբատ» ինտելեկտուալ խաղերի ակումբը, որը, ցավոք, արդեն որոշ ժամանակ է, ինչ չի գործում:

Ակումբի պակասը երևանյան ժամանցային առօրյայում շատ է զգացվում, այդ հետքերով էլ BlogNews.am կայքը որոշեց գտնել և զրուցել «Արբատ»-ի հիմնադիր Կարինե Ջավախյանի հետ: Հաջողակ ու սիրված ակումբի հիմնադիրն այժմ զբաղվում է ոչ պակաս հաջողակ նախաձեռնությամբ․ այժմ Կարինե Ջավախյանը «JAVAKHYAN COLLECTION» բրենդի հիմանդիրն է, որը կարճ ժամանակահատվածում հասցրել է սիրվել ոճային հայուհիների կողմից:

Մեզ հետ զրույցում Կարինե Ջավախյանը պատմեց իր բրենդի, նպատակների և սպասվող նորությունների մասին:

««JAVAKHYAN COLLECTION»-ի կարևոր առանձնահատկություններից ու տարբերություններից մեկը գունեղությունն է և գույների համարձակ համադրությունը:
Այն նախատեսված է կանանց և աղջիկների համար ու կարող է գոհացնել անգամ ամենակամակոր հաճախորդի պահանջները: Մեր բրենդը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուրին և կարողանում է բացահայտել ու ընգծել առավելությունները»,- պատմում է Ջավախյանն ու նկատում, որ հայուհիների ոճը տարիների ընթացքում փոխվել է․ եթե նախկինում նրանք նախընտրում էին մշտապես լինել առավել երեկոյան ու ոչ առօրյական լուքերով, ապա հիմա գեղեցկությունը գտնում են պարզության մեջ:

20-րդ դարի նորաձևության խորհրդանիշ Կոկո Շանելն ասում էր՝ «Մի տարվեք անկրկնելի լինելու մոլուցքով:
Կանանց նորաձևության մեջ օրիգինալությունը երբեմն կարող է դիմակահանդեսի վերածվել», և հավելում՝ «Իսկական նրբագեղությունը պարզության մեջ է»:

Նույն նպատակն է հետապնդում նաև «JAVAKHYAN COLLECTION»-ը՝ փորձելով ամենօրյա պարզության մեջ մցնել գունեղություն և անհատական ոճ:
Ըստ Կարինե Ջավախկյանի՝ ոճը անհատականության, կարգավիճակի, բնավորության, հոգեբանության, ներաշխարհի արտացոլումն է հագուստի միջոցով, իսկ նորաձևությունը առաջարկում է գույներ, գունային համադրություններ, որոնք մարդկանց վրա ունեն և հոգեբանական, և ֆիզիկական ազդեցություն:

Ջավախյանը խոսելով համաշխարհային բրենդներից՝ առանձնացնում է «Գուչչի»-ն,  սակայն կարծում է, որ պետք չէ նմանվել որևէ մեկին, այլ պետք է ստեղծել անհատական ու չկրկնվող ոճ: Անդրադառնալով շուկայում առկա խոչընդոտներին և հնարավորություններին՝ Ջավախյանն ասում է․ «Ցավալի է, որ հումքի հետ կապված շատ հաճախ դժվարությունների ենք բախվում, որովհետև սպառման պակասի հետևանքով շատ որակյալ բաներ Հայաստանը չի ներկրում, և մենք ստիպված ենք այդ ամենը ձեռք բերել այլ ճանապարհներով:
Ինչ վերաբերում է շուկայի դրական կողմերին՝ գովելի է, որ մեր բրենդներում հստակ զգացվում է հայկականն, ու մեր սպառողն էլ նախապատվությունը տալիս է հենց հայկականին»:

Այժմ Կարինե Ջավախյանն արդեն սկսել է աշխատանքներն ու ամիսներ անց կներակյացնի նոր, գարնանային հավաքածուն:
Ջավախյանի նպատակներից է բրենդը ճանաչելի դարձնել արտասահմանյան շուակյում և ներկայացնել աշխարհին հայկականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել