Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի կողմից խաղաղության գործընթացի վերաբերյալ առաջ քաշված երեք սկզբունքները համահունչ են միջազգային իրավունքի նորմերին և նույնիսկ դրանք Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքում հանրահռչակված սկզբունքներ են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Երեք սկզբունքները վերաբերում են երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը և սահմանների անձեռնմխելիությանը։ Տրասնպորտային հաղորդակցական ենթակառուցվածքների մասին խոսելիս՝ այդ երեք սկզբունքների համատեքստում կրկին խոսում ենք իրավազորության մասին։ Դրանք միջազգային հանրության կողմից ընդունված սկզբունքներ են, որոնց լեգիտիմությունն ընդունված է ողջ աշխարհում։ Շառլ Միշելը հերթական հանդիպումից հետո նույնպես հայտարարել է այդ մասին»,- ասաց ՀՀ արտգործնախարարը։

Միրզոյանի պնդմամբ՝ պետք է առաջնորդվել հրապարակային հայտարարություններով, հաստատված պայմանավորվածություններով։ Ըստ նրա՝  նույնիսկ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ երբեմն լինում են վերահաստատումներ, ինչպեսև ոչ հետևողական վերահաստատումներ, որոնց պատճառով ժամանակի ընթացում շոշափելի արդյունք չի արձանագրվում։ Միրզոյանն ասաց, որ կա խաղաղության իրական հնարավորություն, բայց դա կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝ Ադրբեջանի կառուցողականությունից։

Ինչ վերաբերում է սահմանագծման և սահմանազատման գործընթացում կիրառվելիք քարտեզներին՝ ՀՀ արտգործնախարարը շեշտեց, որ հայկական կողմի համար չափազանց կարևոր է, որ նշված գործընթացը լինի կանխատեսելի, դրա սկզբունքներն ու հիմքերն արձանագրվեն խաղաղության պայմանագրում։ Այս փուլում քննարկվում է քարտեզների ընդգրկման հնարավորությունը՝ որպես սահմանազատման սկզբունք ամրագրելու, սահմանազատման համար կանխատեսելիություն ապահովելու դրսևորում։

ԻԻՀ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր հերթին նշեց, որ Հայաստանը խաղաղության հասնելու գործում շատ լուրջ է տրամադրված և այդ ուղղությամբ կատարում է կոնկրետ քայլեր։

«Նախօրեին հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ և նկատեցի, որ պաշտոնական Բաքուն ևս ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու հնարավորությունը։ Մենք լավատես ենք, դրական տրամադրվածությունները կարող են օգնել առանց արտաքին միջամտությունների, «3+3» ձևաչափի միջոցով լուծել առկա խնդիրները»,- նշեց Իրանի արտաքին գործերի նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել