Mediamax.am-ը գրում է.

Սոցիալական ձեռներեց, Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի տիկինը՝ Վերոնիկա Զոնաբենդը բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքսին։

Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից․

-Բազմաթիվ մարդիկ աջակցություն են հայտնել Ռուբեն Վարդանյանին եւ ձեր ընտանիքին։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է նրա կալանավորումը նման լայն ռեզոնանս առաջացրել ամբողջ աշխարհում։

- Ռուբենը եղել եւ մնում է միաժամանակ գլոբալ եւ տեղական (անգլերեն glocal նորաբանություն-Մեդիամաքս) եւ մասշտաբային անձնավորություն, անկախ նրանից, թե ինչպես են նրան փորձում «կանոնակարգել» լրատվամիջոցներն ու առանձին մարդիկ։ Նա առաջնորդ է եւ վիզիոներ, որը վերլուծում է անցյալը եւ գիտի, թե ինչպես տեսնել ապագայի միտումները՝ նախքան մեծամասնությունը կնկատի դրանք: Դա թույլ է տալիս նրան կանխատեսել փոփոխությունները: Իր հարցազրույցներում ու ելույթներում նա խոսում էր համաշխարհային գործընթացների մասին, որոնց մասին մարդիկ չէին էլ մտածում։ Դիտեք նրա 10-15 տարվա վաղեմության հարցազրույցները։ Զարմանալի է, թե որքան ճշգրիտ էր նա կանխատեսում, թե ինչ է կատարվում հիմա, փորձում էր կանխել խնդիրները եւ խրախուսել մյուսներին գոնե մտածել այդ մասին:

Ռուբենը համաշխարհային մասշտաբի առաջնորդ է եւ լայն կապեր ունեցող անձնավորություն։ Նրանք, ովքեր գործակցել են նրա հետ թե՛ բիզնեսում, թե՛ մարդասիրական աշխատանքներում, հասկանում են նրան, վստահում են եւ տեսնում նրա մտադրությունների անկեղծությունն այն ամենում, ինչ նա անում է։ Նա կատարում է այն ամենն, ինչ ասում է, եւ չի ընդունում երկակի ստանդարտներ, որոնք, ավաղ, աշխարհում նորմ են դարձել։ Ուստի զարմանալի չէ, որ այդքան մարդ աջակցում է նրան։

- Ի՞նչ եք կարծում, եթե հայտնի լիներ, թե ինչով կավարտվեր Ռուբեն Վարդանյանի տեղափոխությունն Արցախ, նա այլ կերպ կվարվեր։ Իսկ Դու՞ք:

- Կարծում եմ, նա ենթադրում էր, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ իր որոշումը, եւ, այնուամենայնիվ, արեց այն, ինչ արեց: Չեմ կարծում, որ նա ակնկալում էր այս աստիճանի բացասական սցենար, բայց վստահ եմ, որ նույնիսկ այդ դեպքում նա չէր փոխի իր որոշումը։ Մեզ հասած նամակում նա գրել էր, որ ոչ մի բանի համար չի զղջում։

Ռուբենն ասում էր, որ հաջողության հասնելու շանսերը միշտ էլ շատ փոքր էին, բայց եթե չփորձես, դրանք զրոյական կլինեն։ Ուստի նա իր պարտքն էր համարում գոնե փորձել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել