keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Հերման Հեսսե | Սիդհարթա

visibility 6166 commentմեկնաբանել

Հերման Հեսսե

Հնդկական բանաստեղծություն

(հատված)

ԲՐԱՀՄԱՆՈՐԴԻՆ

Տան ստվերում, նավակներին մերձ գետափնյա արևի ներքո, խեժառատ անտառի ստվերախիտ թավուտներում, թզենու հովանու տակ հասակ առավ Սիդհարթան, բրահմանի գեղեցկատես որդին, պատանի բազեն, Գովինդայի հետ միասին՝ իր ընկերոջ, բրահմանորդու: Արևն իր շառագույնն էր տալիս նրա ճերմակափառ ուսերին՝ լողանալիս, սրբազան լվացումների ժամանակ, սուրբ զոհաբերումներ մատուցելիս: Մանգոյի այգեստանում ստվերն էր ծորում նրա սևաթույր աչքերի մեջ՝ մանկահասակ տղաների հետ խաղալիս, մոր երգեցողության, սրբազան զոհաբերությունների ժամանակ, իր ամենագետ հոր խրատաբանությունների միջոցին, իմաստունների զրույցներն ունկնդրելիս: Արդեն վաղուց էր Սիդհարթան մասնակցում իմաստունների խոսք ու զրույցին, Գովինդայի հետ խոսքարվեստի մրցույթներում վարժվում էր նա, Գովինդայի հետ միասին վարժվում էր հայեցողությունների արվեստում՝ ինքնախորասուզմանն ի խնդիր: Նա արդեն գիտակցելով ու համրաձայն կարողանում էր Օմն արտաբերել, բառերի բառը, այն համրաձայն արտասանել իր ներսում՝ շունչը պահելով, ապա և համրաձայն արտաշնչումով իր միջից ի դուրս արտաբերել, կենտրոնացած, սևեռուն հոգով, ճակատը լուսաճառագած հստակ մտածության ոգեփայլի մեջ: Նա արդեն կարողանում էր իր էության խորքերում Աթմանը գիտակցել, անխաթարն ու անանցը, տիեզերքի հետ մեկտեղվածը, մեկ դարձածը:

Հրճվանքն էր ծփում նրա հոր սրտում իր որդու համար, ուսյալ, գիտության ծարավի խորագետ մի իմաստուն ու քարոզիչ էր նա տեսնում որդու մեջ բնավորված, մի իշխան՝ բրահմանների մեջ:
Օրհնանքն էր ճախրում նրա մոր կրծքի տակ, երբ նա որդուն էր նայում, տեսնում նրան քայլ գցելիս, նրա նիստուկացը, Սիդհարթային՝ ամրակազմ ու գեղեցիկ, իր բարալիկ ոտքերի վրա ամրաքայլ ընթացողին, ամենակատարյալ պատվարժանությամբ իրեն ողջունողին:
Սերն էր բորբոքվում բրահմանների նորատի դուստրերի սրտերում, երբ Սիդհարթան ընթանում էր քաղաքի նրբափողոցներով, լուսափայլող ճակատով, արքենական հայացքով, բարալիկ կոնքազդրերով:
Սակայն բոլորից ավելի նրան սիրում էր Գովինդան՝ իր բարեկամը, բրահմանորդին: Նա սիրում էր Սիդհարթայի հայացքն ու նրբագեղ ձայնը, սիրում էր նրա քայլվածքն ու շարժուձևերի կատարյալ վայելչագեղությունն ու արժանապատվությունը, սիրում էր այն ամենը, ինչ Սիդհարթան ասում էր ու անում, բայց ամենից ավելի սիրում էր նրա հոգին, նրա վեհ ու կրակոտ գաղափարները, վառվռուն կամքը, նրա բարձր կոչումը: Գովինդան գիտեր, որ սովորական բրահման չէր դառնալու իր բարեկամը կամ զոհաբերություններ կատարող ծույլ պաշտոնյա, անէծք ու նզովք շռայլող գծուծ առևտրական, սնափառ ու դատարկախոս ճառասաց, ոչ իսկ չարամիտ ու խարդավանող քուրմ, ինչպես որ նա չէր լինելու բարեմիտ ու տխմար մի ոչխար՝ բազմագլուխ հոտի մեջ: Ո՛չ, և սակայն ինքը՝ Գովինդան ևս չէր ցանկանում այդպիսին դառնալ, սովորական մի բրահման, որպիսիք հազարավորները կան: Նա ցանկանում էր հետևել Սիդհարթային, իր սիրելիին, սքանչելիին: Եւ երբ Սիդհարթան օրերից մի օր աստված դառնա, երբ նա երբևիցե մուտք գործի ճաճանչափայլների մոտ, այդժամ Գովինդան կուզենար հետևել նրան՝ որպես նրա բարեկամը, նրա ուղեկիցը, որպես նրա սպասավորն ու նիզակակիրը, նրա ստվերը:
Այսպես բոլորը սիրում էին Սիդհարթային: Բոլորին նա երջանկացնում էր, բոլորին մխիթարում էր նա:
Բայց ինքը՝ Սիդհարթան, երջանկությանն անհաղորդ էր, անմասն՝ մխիթարություն ասածին: Թափառելով թզենյաց այգու վարդագույն կածաններում, նստոտելով հայեցության մարգագետնի լուրթ ստվերներում, ապաշխարության լոգարանում ամենօրյա լվացումներ կատարելով, զոհաբերություններ մատուցելով մանգոյի այգեստանի ստվերահեղց խորաստաններում, շարժուձևերի մեջ` կատարյալ առաքինությամբ, բոլորի կողմից սիրված լինելով և բոլորին երջանկացնելով, իր սրտի մեջ, սակայն, նա երջանկություն չէր գտնում: Գետի հոսանուտ ջրերից, գիշերային լուսատուների առկայծումներում, արեգակի ճառագայթների փայլատակումներում այցելում էին նրան երազները, գրոհում անդուլ, հուզախռիվ մտքերը: Անուրջներն ու հոգու տագնապները այցելում էին նրան նաև խնկարկման զոհաբերության ծխաքուլաներից, Ռիգ-Վեդայի ընթերցանությունների շնչառությունից, հին բրահմայական ուսմունքների կաթիլքներից:
Սիդհարթան սկսեց տառապել իր մեջ բնավորված անբավարարվածությունից: Նա սկսեց զգալ և հասկանալ, որ իր հոր սերը, իր մոր սերը ու նաև իր ընկերոջ՝ Գովինդայի սերը բավական չեն, որպեսզի մշտնջենապես ու մեկընդմիշտ երջանկացնեն իրեն, խաղաղեցնեն ու բավարարեն իրեն: Նա արդեն կանխազգալու պես սկսել էր հասկանալ, որ իր հարգամեծար հայրն ու իր մյուս ուսուցիչները, իմաստուն ու խորագետ բրահմանները իրեն արդեն իսկ հաղորդել են իրենց իմաստնության մեծագույն ու լավագույն մասը, որ նրանք արդեն լիուլի, բերնեբերան լցրել են իր անհագուրդ անոթը, բայց անոթն այդ ամբողջությամբ դեռ չէր լցվել, միտքը բավարարված չէր, հոգին՝ խաղաղված, սիրտը մխիթարված չէր: Լվացումները հիանալի էին, բայց եղածը սոսկ ջուր էր, որով մեղքերը չես մաքրի, նրանք չէին հագեցնում հոգու ծարավը, չէին բուժում սրտի տագնապները: Հրաշալի էին սրբազան զոհաբերություններն ու աստվածներին ուղղված աղոթքները, բայց արդյո՞ք այդ ամենը բավարար էր: Արդյո՞ք զոհաբերությունները երջանկություն էին պարգևում: Եվ կամ աստվածներին ուղղված աղոթքները: Իսկապե՞ս աշխարհի արարիչը Պրաջապատին էր: Թե՞ դա Աթմանն էր, Նա, Միակը, համընդգրկուն Եզակին: Արդյո՞ք աստվածներն էլ արարածներ չեն, ստեղծված ինչպես ես և դու, ժամանակին ենթակա, հպատակ ու անցավոր… Այդ դեպքում արդյո՞ք հարիր էր, արդարացի՞ էր արդյոք, իմաստ ունե՞ր կամ արժե՞ր արդյոք աստվածներին զոհեր մատուցանել: Ուրիշ էլ ու՞մ զոհաբերում մատուցել, ու՞մ երկիր պագանել, եթե ոչ Նրան՝ Միակ-Եզակիին, Աթմանին: Իսկ որտե՞ղ փնտրել Նրան, որտեղ էր բնակվում Աթմանը, որտե՞ղ էր տրոփում նրա հավերժական սիրտը, որտե՞ղ, եթե ոչ սեփական Եսի մեջ, այն ծածուկ, նվիրական խորքի մեջ պարփակ, այն անոչնչացնելիի, այլև անխորտակելիի տիրույթում, որ յուրաքանչյուր ոք կրում է իր մեջ: Բայց որտե՞ղ էր, որտե՞ղ էր այդ Եսը, այդ սրբազնական ներքինը, այդ ամենավերջինը, որ նաև սկիզբն է ամենայն ինչի: Այն ոչ մարմնում է, ոչ արյան մեջ, ոչ մտքում է, ոչ էլ գիտակցության մեջ, ինչպես ամենից իմաստնագույններն են ուսուցանում: Ուրեմն որտե՞ղ է այն: Կա՞ արդյոք մեկ այլ ճանապարհ ներթափանցելու այնտեղ՝ այդ Եսի մեջ, ի՛մ մեջ, Աթմանի մեջ, մի ճանապարհ, որն արժեր որոնել: Ավա՜ղ, ոչ ոք չէր կարող մատնացույց անել, նշել այդ ուղին, ոչ ոք չգիտեր այն, ո՛չ հայրը, ո՛չ ուսուցիչներն ու իմաստունները, ո՛չ էլ սրբազան զոհաբերության երգեցողությունները: Նրանք ամեն ինչ գիտեին՝ բրահմաններն ու նրանց սուրբ գրությունները, ամեն, ամենայն ինչ, նրանք ամեն ինչից քաջատեղյակ էին, նույնիսկ ավելին գիտեին, շատ ավելին, քան նույն այդ ամեն ինչն էր, աշխարհի արարչագործումը, խոսքի ծագումը, կերակուրների, շնչելու և արտաշնչելու առաջացումը, զգացմունքների կարգն ու հարաբերակցությունը, աստվածների արարքները, այսպես նրանք անսահմանորեն շատ բան գիտեին, բայց ի՞նչ արժեք ուներ նրանց այդ գիտցածը, եթե չգիտես, չես ճանաչում Միակն ու Եզակին, կարևորագույնը, միակ կարևորը:
Ճիշտ է, սուրբ գրքերի բազմաթիվ քերթվածներում, հատկապես Սամավեդայի ուպանիշադներում խոսվում է այդ ծածուկ, նվիրականի մասին, նախասկզբնականի, որքա՜ն հրաշալի են այդ քերթվածները… «Քո հոգին ամբողջ աշխարհն է», գրված է այնտեղ ու նաև ասվում է, որ մարդս քնի մեջ, խորը քուն մտած միջոցին մուտք է գործում իր նվիրական իղձերի խորխորատը՝ իր Եսի մեջ ու այնտեղ ապրում Աթմանի մեջ: Հիասքանչ իմաստնություն է պարփակված այդ քերթվածներում, ամենագիտունների ողջ իմաստնությունն առկա է այստեղ՝ ի մի ժողովված, մոգական խոսքերի մեջ արտահայտված, մաքրամաքուր՝ ինչպես մեղուների հավաքած մեղրը: Ո՛չ, չի կարելի թերագնահատել և մեծագույն հարգանքով չվերաբերել գիտելիքի այն հսկայական պաշարին, որ ամփոփված է այստեղ՝ իմաստուն բրահմանների անթիվանքանակ սերունդների կողմից ժողովված ու պահպանված: Բայց որտե՞ղ են այդ բրահմանները, որտե՞ղ են այդ իմաստնության քուրմերը, բոլոր այդ իմաստուններն ու անձնվեր ճգնավորները, որոնց հաջողվել է ոչ միայն հասու լինել այդ բարձրագույն գիտելիքին, այլև կյանքի կոչել այն: Որտե՞ղ է այն հրաշագործ գիտունը, որն ի զորու էր, քնին անձնատուր եղած միջոցին, Աթմանին իր այդ տրվածությունը փոխադրել արթմնի գոյավիճակի մեջ, կյանքի կոչել, գործողության մեջ դնել այն, վերածել խոսքի ու գործի: Շատուշատ արժանապատիվ բրահմանների էր ճանաչում Սիդհարթան, ամենից առաջ՝ իր հորը, մաքրության մարմնացումին, ամենագետին, արժանապատիվների մեջ ամենապատվարժանին: Երկրպագության արժանի էր իր հայրը, նրա նիստուկացն ու վարքը ներշնչված էին հեզությամբ ու առաքինությամբ, նրա կյանքը մաքուր էր, խոսքն իմաստուն, նրբանուրբ ու ազնվական գաղափարներն էին բնավորված նրա ճակատի ներքո, սակայն նա նույնպես, այդ ամենագետը, արդյո՞ք երանության մեջ էր ապրում, հա՞շտ էր արդյոք ինքն իր հետ, մի՞թե նա էլ որոնող ու ծարավի մեկը չէր: Արդյո՞ք նա նույնպես, իր իմացության ծարավը հագեցնելու համար, ժամանակ առ ժամանակ չէր դիմում սրբազան սկզբնաղբյուրներին՝ զոհաբերումներին, սուրբ գրքերի մասունքներին, բրահմանների հետ մտքերի փոխանակումներին: Ինչու՞ էր նրան` այդ անբասիր ու անպարսավելի մարդուն անհրաժեշտ ամեն օր մեղքերը քավելուն ի խնդիր լվացումների համար հոգ տանել, ամեն օր ողջը նորից ու նո-րից վերսկսել: Մի՞թե Աթմանը չի ապրում նրա մեջ, մի՞թե նրա իսկ սրտում չի հոսում սկզբնաղբյուրը: Հենց նրան, այդ սկզբնաղբյուրն է անհրաժեշտ գտնել սեփական Եսի մեջ, նրա նկատմամբ է հարկավոր տիրապետություն հաստատել: Ողջ մնացյալը սոսկական որոնում է, զարտուղի ոլորանների փնտրտուք, մոլորություն:
Այսպիսին էին Սիդհարթայի մտածությունները, սրանք էին նրան մտատանջում, տառապանք պատճառում:
Հաճախ էր նա արտասանում Չհանդոգյայի մի ուպանիշադի խոսքերը: «Ճշմարիտ եմ ասում, բրահմանի անունը Սատյամ է, ճշմարտապես, ով հասու է դրան, նա ամենայն օր մտնում է երկնային թագավորությունը»: Հաճախ այդ երկնային աշխարհը, թագավորությունը նրան շատ մոտիկ էր թվում, սակայն ոչ մի անգամ իրեն չէր վիճակվում ամբողջապես հասնել նրան, լիուլի հագուրդ տալ իր ծարավին: Եվ բոլոր իր գիտցած ու ճանաչած իմաստունների ու իմաստնագույնների մեջ, որոնց ուսմունքներին ու խրատներին անսում էր ինքը, չկար մեկը, որ ամբողջովին հասած լիներ այդ երկնային թագավորությանը, լիուլի հագեցրած լիներ իր այդ հավերժական ծարավը:
- Գովինդա,- մի անգամ Սիդհարթան ասաց իր ընկերոջը,- Գովինդա, սիրելիս, հետևի՛ր ինձ, գնանք բանանի ծառի տակ՝ միասին ինքնախորասուզման վարժությամբ պարապենք:
Եւ նրանք ուղևորվեցին դեպի բանանի ծառը, նստոտեցին նրա տակ, այստեղ, ահա՛, Սիդհարթան, նրանից մի քսան քայլ հերավորության վրա՝ Գովինդան: Սիդհարթան՝ նստելով ծառի տակ, Օմը արտաբերելուն պատրաստ, շշնջաձայն արտասանեց բանաստեղծությունը.
Օմը աղեղն է, հոգին՝ նետը,
Բրահման՝ նետի նպատակը,
Թիրախին դու պետք է անվրեպ խփես:
Երբ ինքնախորասուզման վարժանքին հատկացված ժամանակն իր լրումին հասավ, Գովինդան ոտքի կանգնեց: Արդեն երեկոն իջել էր և ժամանակն էր անցնելու երեկոյան լվացումներին: Նա ձայնեց Սիդհարթային: Սիդհարթան որևէ կերպ չար-ձագանքեց: Նա նստած էր ամբողջովին ինքնախորասուզված, նրա հայացքն անշարժացած, սևեռված էր հեռուհեռավոր մի կետի, նրա լեզվի ծայրը դույզնինչ դուրս էր ցցված ատամների արանքից, և կարծես չէր շնչում: Այսպես նստած էր նա, խորասուզված հայեցումի մեջ, Օմը առմտածելով, նրա հոգին որպես մի նետ նպատակաուղղված էր դեպի բրահման:
Օրերից մի օր սամանաներն էին անցնում այն քաղաքով, ուր Սիդհարթան էր ապրում: Դրանք ուխտագնաց ճգնավորներ էին, երեք չորացած, հանգած տղամարդիկ, ոչ ծեր, ոչ երիտասարդ, փոշեծածկ ու արյունամած ուսերով, գրեթե մերկանդամ, արևից շոգեվառված, մենակությամբ շուրջառված, աշխարհի հանդեպ օտար ու թշնամանքով լեցուն, օտարոտի ու վտիտ շնագայլեր՝ մարդկանց աշխարհում: Համրախոս կրքի տաք շնչառությունն էր փչում նրանցից, հյուծախտա-վոր աշխարհաթողությունն ու անկարեկից ինքնահրաժարումը:
Երեկոյան, ինքնահայեցումի ժամից հետո, Սիդհարթան խոսքն ուղղեց առ Գովինդան.
- Առավոտյան վաղ, բարեկամս, Սիդհարթան կմիանա սամանաներին: Նա ինքն էլ սամանա կդառնա:
Գովինդան գունատվեց՝ այդ խոսքերը լսելուն պես և իր բարեկամի անշարժացած հայացքում կարդաց անտեղիտալի վճիռը, անկասելի՝ ինչպես աղեղից արձակված նետը: Անմիջապես, առաջին իսկ հայացքից Գովինդան մեկընդմիշտ հասկացավ. ահա՛, սկսվեց, հիմա արդեն Սիդհարթան ոտք է կոխում իր ճանապարհը, նրա ճակատագիրն արդեն իր ընթացքի մեջ է մտնում, նրա հետ էլ՝ իմը: Եւ նա գունատվեց՝ ինչպես բանանի չորուկ կեղևամաշկը:
- Ո՜վ Սիդհարթա,- կանչեց նա,- թույլ կտա՞ արդյոք քո հայրը:
Սիդհարթան հայացքը նրան ուղղեց՝ ասես քնից նոր-նոր արթնացած: Նետընթաց արագությամբ նա կարդաց, թե ինչ էր կատարվում Գովինդայի հոգում, կարդաց նրան պաշարած սարսափը, նրա հնազանդ համակերպությունը:
- Ո՜վ Գովինդա,- ցածրաձայն խոսեց նա,- եկ դատարկ բաների վրա խոսքեր չշռայլենք: Վաղն առավոտյան, լույսը ծագելուն պես, ես կսկսեմ իմ սամանայական կյանքի շրջանը: Այդ մասին այլևս ոչ մի խոսք:
Սիդհարթան մտավ այն սենյակը, ուր կեղևաթելից հյուսկեն խսիրի վրա նստած էր իր հայրը, անցավ հոր հետևը և մնաց այնտեղ կանգնած այնքան ժամանակ, մինչև որ հայրը զգաց, որ ինչոր մեկը կանգնած է իր թիկունքում: Ու բրահմանն ասաց.
- Դու՞ ես, Սիդհարթա: Դե խոսի՛ր, ինչի համար որ եկել ես:
Սիդհարթան ասաց.
- Քո թույլտվությամբ, հայր իմ: Ես եկել եմ ասելու քեզ, որ ես ցանկանում եմ առավոտյան լքել քո տունը և ընկերանալ ճգնավորներին: Իմ սիրտն ինձ մղում է սամանա դառնալ: Ես շատ կուզենայի, որ հայրս դրան չընդդիմանար:
Բրահմանը լռեց, լռեց այնքան ժամանակ, որ փոքրիկ պատուհանի մեջ առկայծող աստղերը տեղաշարժվեցին ու փոխեցին իրենց դասավորությունը, մինչև որ սենյակում շարունակվող տևական լռությունն իր ավարտին հասավ: Համրացած ու անշարժ կանգնած էր որդին՝ ձեռքերը խաչակնքած, համրացած ու անշարժ նստած էր խսիրի վրա հայրը և աստղերը շարունակում էին իրենց համրաքայլ ընթացքը երկնակամարում: Հանկարծ հայրը խոսեց.
- Բրահմաններին վայել չէ խիստ ու զայրացկոտ խոսքեր ասել: Սակայն անկամորդ զայրույթն է ցնցում իմ սիրտը: Ես չէի ցանկանա այդ խնդրանքը երկրորդ անգամ լսել քո շուրթերից:
Դանդաղ նստած տեղից վեր բարձրացավ բրահմանը, Սիդհարթան լուռումունջ կանգնած էր՝ խաչակնքած ձեռքերով:
- Էլ ինչի՞ ես սպասում,- հարցրեց հայրը:
Սիդհարթան վրա բերեց,- Դու շատ լավ գիտես…
Զայրույթը սրտում՝ հայրը դուրս եկավ սենյակից, մոլեգնության մեջ որոնեց-գտավ իր անկողինն ու պառկեց վրան:
Մեկ ժամ անց, քանի որ այդպես էլ քուն չիջավ նրա աչքերին, բրահմանը վեր կացավ, ետուառաջ քայլեր գցեց ու դուրս եկավ տնից: Սենյակի փոքրիկ պատուհանի միջից նա ներս նայեց, այնտեղ նա տեսավ Սիդհարթային՝ նախկին դիրքով կանգնած, ձեռքերը խաչակնքած, անդրդվելիորեն անշարժացած: Մթնշաղի մեջ գունատ կայծկլտում էր նրա լուսավոր վերնազգեստը: Զայրույթը սրտում՝ հայրը վերադարձավ իր ննջատեղին:
Մեկ ժամ էլ չէր անցել, քանի որ այդպես էլ քուն չիջավ նրա աչքերին, բրահմանը նորից վեր կացավ, ետուառաջ քայլեց, տնից դուրս եկավ ու տեսավ, որ լուսինը հայտնվել է: Սենյակի պատուհանի միջից նա ներս նայեց, այնտեղ կանգնած էր Սիդհարթան՝ անշարժացած ու անդրդվելի, խաչված ձեռքերով, լուսնի լույսն էլ վետվետում էր նրա մերկ սրունքներին: Մտահոգ սրտով հայրը վերադարձավ իր քնարանը:
Այսպես նա նորից եկավ մեկ ժամից, հետո էլ՝ երկու ժամից, նայում էր պատուհանի մեջ, ուր կանգնած էր Սիդհարթան՝ լուսնաթաթախ, աստղալույսի ու խավարի մեջ ողողված: Հետո ժամեր անց շարունակ գալիս էր նա, լռելյայն նայում սենյակից ներս, տեսնում անդրդվելիորեն կանգնածին, նրա սիրտը զայրույթով էր լցվում, տագնապում էր նրա սիրտը, լցվում ցավ ու կարեկցանքով:
Եվ տվնջյանը նախորդող վերջին գիշերաժամին, մինչ օրը կսկսվեր, նա կրկին վերադարձավ, ներխուժեց սենյակ ու տեսավ պատանուն նույն դիրքում կանգնած, որն այս անգամ նրան թվաց ավելի մեծացած ու օտարոտի:
- Սիդհարթա,- ասաց նա,- էլ ինչի՞ ես դու սպասում:
- Դու լավ գիտես:
- Դու այդպես մնալու ես կանգնած ու սպասելու ես մինչև օրը բացվի, հետո կեսօր լինի ու երեկոն իջնի՞:
- Ես կանգնած կմնամ ու կսպասեմ:
- Դու կհոգնես, Սիդհարթա:
- Կհոգնե՛մ:
- Դու կհանգչես մահագուշակ թմբիրի մեջ, Սիդհարթա:
- Ո՛չ, ես թմբիրին չեմ տրվի:
- Դու կմահանաս, Սիդհարթա:
- Ես կմահանա՛մ:
- Դու նախընտրում ես մահանալ, քան թե հո՞րդ հնազանդվել:
- Սիդհարթան միշտ էլ հնազանդ է եղել իր հորը:
- Ուրեմն դու հրաժարվու՞մ ես քո նկրտումից:
- Սիդհարթան կանի այնպես, ինչպես հայրը կկարգադրի:
Օրվա առաջին լույսի ծվենն ընկավ սենյակից ներս: Բրահմանը նկատեց, որ Սիդհարթայի ծնկները թեթևակի դողում են: Բայց Սիդհարթայի դեմքին նա դող չտեսավ, աչքերը նայում էին հեռուն: Հանկարծ հայրը հասկացավ, որ Սիդհարթան այս պահից ի վեր այլևս իր հետ չէ և հեռացել է հայրենի տնից, որ նա այլևս լքել է իրեն:
Հայրը ձեռքով դիպավ Սիդհարթայի ուսին:
- Դու անտառ կգնաս,- ասաց նա,- ու սամանա կդառնաս: Եթե անտառում դու երանություն գտնես, եկ և ինձ էլ սովորեցրու այն: Եթե հուսախաբություն ճաշակես, վերադարձիր և մենք նորից միասին զոհեր կմատուցենք աստվածներին: Դե հիմա գնա, համբուրիր մորդ, ասա նրան ուր ես գնում: Իսկ ինձ համար ժամ է արդեն իջնելու գետափ ու առաջին լվացումը կատարել:
Նա ձեռքը ետ տարավ որդու ուսից ու դուրս եկավ: Սիդհարթան մի պահ երերաց, երբ փորձեց առաջին քայլն անել: Բայց նա տիրապետություն հաստատեց իր անդամների վրա, խոնարհվեց հոր առաջ և ուղևորվեց մոր մոտ՝ անելու ու ասելու համար այն, ինչպես որ հայրն էր կարգադրել:
Երբ օրվա առաջին լույսի բացվելուն պես՝ անզգայացած ու ընդարմացած ոտքերով, դեռևս քնի մեջ ընկղմված նա քաղաքն էր լքում, վերջին խրճիթի ստվերների միջից պոկվեց ու ուխտավորին միացավ մի աղոտ նշմարելի կերպարանք, որ Գո-վինդան էր:
- Դու եկար,- ասաց Սիդհարթան ու ժպտաց:
- Ես եկա,- ասաց Գովինդան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել