Ստացա վերաքննիչի դատավոր Լուսինե Հովհաննիսյանի 20.10.2023թ. որոշումը՝ Նարեկ Մալյանի կալանքն անփոփոխ թողնելու մասին։ Իմ բերած ոչ մի փաստարկ չի ընդունել՝ բացի մեկից։ Ընդունել է միայն իմ այն պնդումը, որ Մալյանի փախուստի ռիսկը բացակայում է։
Բայց, միևնույն է, Մալյանին թողել է կալանքի տակ, քանի որ նա կարող է «ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորել»։ Այս դատողության հիմքում դրել է ձերբակալման արձանագրության մեջ Մալյանի կատարած գրառումը. «Լավ եմ արել, քիչ եմ արել, էլի եմ անելու». այս խոսքը մեկնաբանվել է որպես «ենթադրյալ հանցանքը կրկին կատարելու հայտարարություն»։
Այսինքն՝ հերիք չի՝ Մալյանի խոսքերը, մինչև բուն դատը, գնահատվել է որպես հանցանք (դա փարիսեցիաբար քողարկելով «ենթադրյալ» բառով), դեռ մի հատ էլ նշված գրառումը ներկայացվել է որպես նոր հանցանք գործելու մտադրություն։
Էլ չեմ խոսում այն մասին, որ ոչ մի հակափաստարկ չի բերվել ոչ ծանր «ենթադրյալ» հանցանքի մեջ մեղադրվող անձի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, գրավ կիրառելու մասին մեր հիմնավորումների կապակցությամբ։
Հե՜յ գիդի իրավաբանություն։ Հե՜յ գիդի ժամանակներ։
ՀԳ. Հիշեցնեմ, որ վերաքննիչի դատավոր Լուսինե Հովհաննիսյանի՝ նույնքան «հիմնավոր» որոշման հիման վրա էր լուսահոգի Արմեն Գրիգորյանը 2022 թվին պահվում փակի տակ, երբ տեղի ունեցավ հուլիսի 15-ի ողբերգությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել