Եվրոպական խորհրդարանը նախօրեին քննարկել է ԵՄ արևելյան հարևանների, մասնավորապես` Հայաստանի և Ուկրաինայի հետ կապված վերջին զարգացումների հարցեր, որի ընթացքում ելույթով հանդես է եկել ԵՄ Ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Բացի այն, որ Ֆյուլեն անհամատեղելի է համարել Մաքսային միության ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրին միանալու խնդիրը, նաև կոչ է արել Արևելյան գործընկերության երկրներին սերտացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Արևելյան գործընկերության երկրները կարող են Մաքսային միության հետ սերտացնել հարաբերությունները որպես դիտորդ երկիր։ Միայն այդ դեպքում դա համատեղելի կլինի, միայն այդ դեպքում այն չի խանգարի Խորը և համապարփակ ազատ աոևտրի գոտուն»,- մասնավորապես հայտարարել է Շտեֆան Ֆյուլեն: 
Այս հայտարարության ենթատեքստը մոտավորապես այսպիսին է` «Մենք համաձայն ենք, որ դուք միանաք Մաքսային մությանը, և կշարունակենք համագործակցել»: Իսկ այն, որ «դիտորդի» կարգավիճակ է նշվում Ֆյուլեի կողմից, ամենևին պատահականություն չէ: Պարզ երևում է, ԵՄ-ն ցանկանում է գտնել ինչ-որ ոսկե միջին հարևանության քաղաքականությունը նախագծված սցենարով շարունակելու համար, անկախ ստեղծված նոր քաղաքական իրավիճակներից: Դա ողջունելի է: 
Այս հայտարարությունից նաև պարզ երևում է, որ Ֆյուլեի կոչը նաև վերաբերում է ԵՄ-ին` մեծ առումով ԵՄ-ն նույնպես սերտացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Ֆյուլեի հայտարարությունից երևում է, որ ԵՄ-ն չի հրաժարվում Հայաստանի հետ ոչ միայն Ասոցացման համաձայնագրի ստորագրումից, այլ նաև ԽՀԱԱԳ համաձայնագրի շրջանակներում գնում է բանակցային փուլի շարունակման քաղաքականության ճանապարհով: 
Իսկ Ֆյուլեի, մասնավորապես այս հայտարարությունը` «Ճգնաժամային այս իրավիճակում մենք չենք կարող մեզ թույլ տալ վատնել մեր միջոցները տարածաշրջանային աշխահաքաղաքական մրցակցության վրա», մեղմ ասած, «ջրեց» այս օրերին եվրոպական տարբեր կալիբրի գործիչների շուրթերից հնչող կոշտ հայտարարությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել