Emedia.am-ը գրում է.
«Էթանք, ես ձեզ մի հատ բան ցույց կտամ, ճիշտը գրեք, հաջորդ օրը «Փակ շուկայի» մասին կխոսամ: Մի հատ հիվանդանոց եմ ուզում ցույց տամ, որ սաղդ ճիշտ գրեք: Եթե դուք ճիշտ մարդիկ եք, եկեք հիմա գնանք, հաջորդ օրն էլ «Փակ շուկայից» կխոսանք»,-Ազգային ժողովում լրագրողներին ասել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, նշելով, որ լրագրողներին ցանկանում է ցույց տալ Մալաթիայի հիվանդանոցը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ կապ ունի ինքը հիվանդանոցի հետ, Սամվել Ալեքսանյանն ասել է, որ «ոչ մի կապ էլ չունի, ուղղակի այդ հիվանդանոցն իր համայնքում է։
Սամվել Ալեքսանյանին վրդովվեցրեց «Փակ շուկայի» մասին լրագրողի հարցը։ Ինչ վերաբերում է «Փակ շուկա» ուղարկված կանանց, որոնք «երդվում էին իր անունով», Ս.Ալեքսանյանն արձագանքել է. «Դու էլ եք երդվում իմ անունով»։
Նա չի պատասխանել հարցին, թե որքան էր վճարել այդ կանանց.
«Վա՞տ ա, որ ինձ պաշտպանում են ձեզնից, որովհետև սաղդ իմ մասին ինչքան վատ բան կա, գրում եք: Ես վատ բան չեմ անում, դուք էդ ձև եք ներկայացնում: Կանայք էլ, տաղամարդիկ էլ, ջահելներն էլ, ուսանողներն էլ, սաղ պաշտպանում են ինձի, վա՞տ ա»,– ասել է Ս.Ալեքսանյանը։
Նա ընդգծել է, որ «Փակ շուկայի» տնօրենը ոչ թե ինքն է, այլ Վահագն Մկրտչյանը։
«Ոչինչ, մի օր խիղճներդ կգա, ճիշտը կգրեք»,– ասել է Ս.Ալեքսանյանը, իսկ լրագրողի «բա ձեր խիղճը ե՞րբ է արթնանալու, որ պատմամշակութային արժեքը չաղավաղեք» հարցին էլ պատասխանել է.
«Էդ պատմամշակութային արժեքը ես փրկել եմ զիբիլանոցից, կռիսանոցից»:
Նա անդրադարձել է նաև Մաքսային միությանն ու նշել, որ այո՛, ուրախացել է, որ Հայաստանը միացել է այդ միությանը։
«Դուք գործարար եք, ձեր համար լավ կլինի՞դա» հարցին նա արձագանքել է.
«Ես բիզնեսով չեմ զբաղվում, մեր նախագահը ինչ անում ա, ճիշտ ա անում»:
Լրագրողները նաև հետաքրքրվել են, արդյոք ճի՞շտ են լուրերը, որ Carrefour-ի տնօրենը ջղայնացել է իր վրա, ինչին նա պատասխանել է.
«Մատ է թափ տվել վրես, դրա համար էլ, չեք տենում, տնից դուրս չեմ գալիս էս քանի օրը: Էսօր մի կերպ եկա, տեսա իրանք ըստեղ չեն, մի կերպ եկա»:
Նա ընդգծել է, որ կմասնակցի Carrefour–ի բացմանը, ավելին, «լենթը ինքն է կտրելու»։
Սամվել Ալեքսանյանը լրագրողներին չմոռացավ տեղյակ պահել նաև, որ Երևանի դպրոցներից մեկին 10 մլն դրամի գույք է նվիրել։