«Թուրքագիտական պորտալի» հիմնադիր, թուրքագետ

Երկար տարիներ Սիրիայում ապրող հայերը 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության մղձավանջից հետո ստիպված են ևս մեկ անգամ փոխել իրենց բնակության վայրը` կրկին բախվելով բռնությունների և տեղահանության: Սիրիան, որը համարվում է աշխարհով մեկ սփռված հայերի մայր գաղութը, այժմ գտնվում է քաոսի մեջ, որը վատագույն ձևով անդրադառնում է նաև հայերի վրա:

Հայերը ներկայիս Սիրիայի տարածքում ապրում են դարեր շարունակ: Անհիշելի ժամանակներից Դամասկոսում և Հալեպում եղել է հայ բնակչություն:

Իսկ Մեծ Հայքի արքա Տիգրան Երկրորդ Մեծի (Ք.Ա. 95-55 թթ) օրոք Սիրիայի տարածքը (Ասորիք) հայկական խոշոր թագավորության մասն է կազմել:

Հետագա դարերում Սիրիայի տարածքում մշտապես հայեր են բնակվել, որոնց թիվը զգալի ավելացել է 1915-1923 թվականներին, երբ Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանություն և բռնի տեղահանություն է իրականացվել:

Հայոց ցեղասպանության տարիներին տասնյակ հազարավոր հայեր, փրկվելով թուրքերի կոտորածներից, հանգրվան են գտել Սիրիայում, որտեղ տարիների ընթացքում իրենց աշխատանքի և ստեղծագործ էության շնորհիվ դարձել են Սիրիայի օրինակելի և հարգված քաղաքացիներ:

Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի զանգվածային կոտորածների և տեղահանության ժամանակ երիտթուրքերն ընտրել էին Սիրիական անապատը` որպես կոտորածի անցկացման հիմնական վայրերից մեկը: Հարյուր հազարավոր հայեր Փոքր Ասիայի տարբեր անկյուններից քշվում էին Սիրիական անապատ, որտեղ նրանց զգալի մասը ջարդերի էր ենթարկվում կամ մահանում էր ծարավի, սովի և հիվանդությունների պատճառով:

1915-16 թվականներին Դեր Զորում կենտրոնացվեց և մեծամասամբ կոտորվեց 200 հազարից ավել հայ: Մինչ այժմ էլ անապատում կարելի է գտնել հայերի ոսկորները, ովքեր այդպես էլ անթաղ մնացել են ավազակույտերում: Դեր Զորն արտասահմանցի ընթերցողին ավելի հասկանալի լինելու համար կարելի է այն նմանեցնել նացիստների Օսվինցիմ համակենտրոնացման ճամբարին, որտեղ կոտորում էին հրեաներին:

Քչերն էին կարողանում անցնել Սիրիական անապատը և փրկություն գտնել Սիրիայի տարածքում: Սակայն փրկվածների հաշվին Սիրիայում հայերի թիվն ավելանում էր:

Հայերը հետագա տարիներին, հաստատվելով Սիրիայում, սկսեցին վարել ակտիվ հասարակական, հոգևոր և մշակութային կյանք` վերածվելով հայկական սփյուռքի կարևորագույն կենտրոններից մեկի:

Հայոց ցեղասպանությունից հետո Սիրիայում բնակվող հայերին ևս մեկ հարված էր սպասվում: 1939 թվականի հունիսին, հակառակ տեղի բնակչության կամքին և Սիրիայի ընդդիմանալուն, Ալեքսանդրետի սանջակը (ներկայում հայտնի Հաթայ անունով) բռնակցվեց Թուրքիային, որի հետևանքով հուլիսի 16-23-ը ընկած ժամանակահատվածում տեղաբնակ շուրջ 40,000 հայ լքեց իր բնակավայրը և հաստատվեց Սիրիայի այլ շրջաններում ու Լիբանանում: Թուրքիային անցած տարածքում միայն մեկ հայկական գյուղ մնաց` Վագուֆլուն (Վաքըֆլը), որը մինչ օրս էլ Թուրքիայի` 780 հազար քկմ տարածքի միակ հայկական գյուղն է` իր շուրջ 150 բնակչով:

Մերձավոր Արևելքով սփռված հայությունը հանգիստ չունի նաև 21-րդ դարում: 2011 թվականի մարտին այսպես կոչված «արաբական գարնան» շրջանում բախումներ սկսվեցին նաև համեմատաբար կայուն կյանքով ապրող Սիրիայում: Բախումները վերածվեցին լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի, որի ընթացքում զգալի տուժեցին նաև սիրիահայերը: Տասնյակ հազարավոր սիրիահայեր ստիպված լքեցին իրենց տներն ու անցան այլ երկրներ, այդ թվում նաև Հայաստան, որտեղ, ըստ տարբեր աղբյուրների, հանգրվան է գտել շուրջ 10 հազար սիրիաբնակ հայ:

Այսպիսով, պետք է փաստել, որ Սիրիայում հաստատված հայերը մեկ դարում արդեն ստիպված են երկրորդ (նրանց մի մասը` նաև երրորդ) անգամ փոխել բնակության վայրը, իսկ ահա Սիրիայում հնարավոր արտաքին ռազմական միջամտությունը կարող է էլ ավելի վատ վիճակ ստեղծել տեղի հայ համայնքի համար:

Բավական մեծ է վտանգը նաև այն դեպքում, երբ Թուրքիան մասնակցի Սիրիա ներխուժմանը: Սակայն սա արդեն առանձին անդրադարձի թեմա է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել