1in.am-ը գրում է.

Ռուսաստանի իշխանություններն ընդունել են սկզբունքային որոշում՝ ընդառաջ գնալու Իրանի ցանկություններին երկու առանցքային հարցերի շուրջ: Դրանք են՝ С-300 մոդիֆիկացված զենիթահրթիռային համալիրների մատակարարումն ու «Բուշեհրում» ատոմային երկրորդ էներգաբլոկի շինարարությունը: Այս մասին գրում է Kommersant-ը՝ հղում անելով Կրեմլին մոտ աղբյուրին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանն Իրան կմատակարարի Antey-2500 հինգ համալիրներ: Գործարքի առանցքային պայմանն այն է, որ Թեհրանը պետք է հետ կանչի 4 մլրդ դոլարի հայցը «Ռոսօբորոնէքսպորտի» դեմ, որը ներկայացվել էր նախկին պայմանագիրը խզելու համար:

Թերթը հիշեցնում է, որ С-300-ի մոդիֆիկացված տարբերակի 5 համալիրների մատակարարման 800 մլն դոլար արժեքով պայմանագիրը ստորագրվել էր 2007 թվականին:

Երեք տարի անց ՄԱԿ ԱԽ-ն բանաձև էր ընդունել, որով պատժամիջոցներ էին ներմուծվել Իրանի դեմ: Դրանց թվում էր ժամանակակից սպառազինությունների մատակարարման արգելքը:

Պարբերականը նշում է, որ երկու թեմաները Վլադիմիր Պուտինը մտադիր է Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանիի հետ քննարկել սեպտեմբերի 13-ին՝ Բիշքեկում Շանհայյի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել