Այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ ազգիս նեմնկլատուրային ինԾիլիգենցիայի նյարդերը տեղի տվեցին «Բարեւ Երեւան» խմբակցության առատ ելույթներից ու հարցերից հետո: Առաջին շարքերում նստած «ավանգարդը»` Տարոն պատմական նահանգի (աներորդու տերմինն է) արքայական այրուձին (լեվոնիգիթյանամարտինվարդազարյանախառը) փնչոցներ հանեց, իմ նյարդերն էլ տեղի տվեցին, եւ հորդորեցի Տարոն Մարգարյանին, որ նրանք ամեն ինչ իրենց ներսում չպահեն` արտահայտվեն, կարճ-կոնկրետ` նրանց ելույթի հնարավորություն տրվի: Դարակազմիկ իրադարձությունը իրեն սպասեցնել չտվեց. խորհրդային-եվրասիամիութենական լավագույն ավանդույթների պահպանությամբ եւ ստալինաբոլշեւիկյան դիկտատուրային հավատարիմ լրագրության համաշխարհային ռահվիրա, խղճի, մտքի, խոսքի ազատության ճիչ եւ բոց Աստղիկ Գևորգյանը պահանջեց մեծարգո վսեմաշուք քաղաքապետից, որպեսզի վերջինս ապահովի, որ ընդդիմադիրները հարցեր ձեւակերպեն մի երկու նախադասությամբ (տեղում մի աղոթք արեցի, որ չառաջարկեց տեղում ուտել ընդդիմադիրներին, ամորձիներն էլ ի պահ հանձնել ժուռնալիստների միությանը), բայց ոչ ավել: Բայց արեւափայլը այդքանով չավարտվեց: Մտավորաճանչափայլ տիկինը շորորալով ու կուռաժիտով բեմ բարձրացավ ու ...մե մուննաթ, մե թարախ, մե մաղձ չարակամ ընդդիմադիրների հասցեին, որ չեն գնահատում ազգիս սակավաթիվ բարեգործներին, ովքեր դարիս ամենակարկառուն, ամենատիեզերական մրցանակին են արժանացել, այն է` ժուռնալիստների միության մրցանակին (կատակ չեմ անում, փշաքաղվեցի, երբ ինքզինքը որակեց իր իսկ գլխավորած կազմակերպության մրցանակը): Բայց ամեն ինչ դրանով էլ չավարտվեց. մի թեթեւ մուննաթ էլ եկավ Սմբատ Լպուտյանը, ում տրամադրվել էի լուրջ լսել... Քիչ անց հասկացա, որ պալատական դասական փեշակավոր է ու ոչ ավելին... Ելույթներիցս մեկի ժամանկ էլ չգիտեմ, թե ինչ փնթփնթաց Լեւոն Իգիթյանը, բայց ականջովս հասավ մայրենի ինԾիլիգենտական լեզվի «ВСЕ» ձեւակերպումը: Թե ինչն էր ավարտվել դարիս բուծիկագետի մոտ (համբերությո՞ւնը, թե՞ այլ բան), այդպես էլ պարզ չդարձավ: Բայց չդիմացա ու տեղից բարձրաձայնեցի` «Եթե Իգիթյանն ասել է ՎՍՅՈ, ուրեմն ՎՍՅՈ»:
Քյոռանամ քո համար, ազգ իմ, որ սրանք են մտավորականներդ: Ու պատանեկության տարիներին նրանցից ոմանք իմ համար մեծություն էին թվում... Իսկ ավագանու անդամ թաղի հարգված տղերքը, որոնք եւ տրամաբանություն ունեն, եւ գոնե որոշակի ընկալումներ, որի շրջանակներում հնարավոր է նրանց հետ զրուցել, բան բացատրել, անգամ` համոզել, աչքիս ահագին բարձրացան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել