«Ես թքած ունեմ, թե այդ որոշումները որ երկրների չափանիշներին են համաշունչ` եվրոպական, թե թեկուզ ուզբեկական, ինձ պետք է անհապաղ այս սոցիալական մղձավանջից դուրս գալ, հակառակ դեպքում` ես կործանված եմ…»:

Ահա թե ինչ ասաց ինձ անապահով խավի մի ներկայացուցիչ, երբ  փորձում էի նրան բացատրել, որ պետք չէ արտագաղթել: Մեր երկիրը շատ «կոմպակտ» երկիր է, թե՛ մարդկային քանակով, թե՛ տարածքային չափանիշներով, այսինքն` մեզ մոտ ապրում է ընդամենը 3 մլն մարդ, իսկ տարածքն էլ, համեմատած այլ երկրների հետ, բավականին փոքր է:

Հարց` հնարավո՞ր է արդյոք պատշաճ «տեսքի» բերել մեր երկիրը, պատասխան` միանշանակ հնարավոր է, միայն եթե ճիշտ ընտրվի երկրի ներքին և արտաքին մարտավարությունը: Անկախ նրանից մենք աջ ենք, թե ձախ, թե լիբերալ, կամ միջազգային պրակտիկայում գոյություն չունեցող, սակայն մեզ մոտ առկա այլընտրանքային…մենք այսօր ականատես ենք լրջագույն վերափոխումների: Այսինքն` մենք արդեն գիտակցում ենք, որ առանց սոցիալական բնույթի արմատական բարեփոխումների սայլը տեղից չի շարժվելու: Տեսեք, վերջին ժամանակներս կառավարության գրեթե բոլոր որոշումները (լինեն դա սակագներին վերաբերող, թե հողահատկացումներին, կամ ուսման վարձավճարումներին) պատճառ են դառնում, որպեսզի մարդկանց մի ստվար զանգված փորձի այդ որոշմանը ընդդիմանալ ոչ թե ամբիոններից, այլ հենց փողոցներում (ակցիաներ, միտինգանման հավաքույթներ և այլն): Ինչի՞ մասին է սա խոսում.

• Այն մասին, որ մարդկանց սոցիալական վիճակը այն աստիճան վատ է, որ նրանք յուրաքանչյուր որոշում նայում են ակնթարթային հաջողության տեսանկյունից, այսինքն` մարդկանց այլևս հեռանկարային որոշումներ պետք չեն, նրանց անհրաժեշտ են այնպիսի որոշումներ, որոնք դեռ մեկ օր առաջ պետք է բարելավեին իրենց սոցիալական ծայրահեղ վատ վիճակը:

• Այն մասին, որ սոցիալական բնույթի խնդիրները այն աստիճան են մեզ մոտ գերակա, որ այլ ֆորմատի խնդիրները ժողովրդի կողմից ընկալվում են որպես սոցիալական, այսինքն` բոլոր ճանապարհները տանում են դեպի կենցաղ:

• Այն մասին, որ մարդիկ արդեն հագեցել են անիրականանալի ծրագրերից, այն աստիճան են հագեցել, որ նրանցից շատերը արդեն բացեիբաց բացականչում են` մեզ չի հետաքրքրում` ձեր որոշումները որ չափանիշներին են համապատասխանում` եվրոպական, թե թեկուզ ուզբեկական, մեզ պետք է լավ ապրել և վերջ:

Հարգելի ընթերցողներ, մեր երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որ գոնե ժամանակավոր քաղաքական ուժերը պետք է վերցնեն սոցիալական ուղղորդվածություն: Սա է միակ ելքը: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա միակ ճանապարհը  բոլոր երկրներից օգուտ քաղելն է, որը, ցավոք սրտի, ուտոպիա է հիշեցնում, բայց հուսանք, որ մեկ-մեկ ուտոպիան էլ է վերածվում իրականության:

Հ.Գ. Երկու ուղղությամբ ընտրել ճիշտ մարտավարություն և վերջ, մենք փրկված ենք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել