Նամակը երեխաներին.

Սիրելի Իլդիտա, Ալեիդիտա, Կամիլո, Սելիա և Էռնեստո: Եթե դուք մի օր կարդաք այս նամակը, ուրեմն ես այլևս ձեզ հետ չեմ: Դուք քիչ բան կհիշեք իմ մասին, իսկ փոքրիկները ոչինչ էլ չեն հիշի:

Ձեր հայրը մի մարդ էր, որը գործում էր համաձայն իր հայացքների և անկասկած ապրում էր իր համոզմունքներով:

Մեծացեք լավ հեղափոխականներ: Շատ սովորեք, որպեսզի տիրապետեք տեխնիկային, որը հնարավորություն է տալիս իշխել բնության վրա: Հիշեք, որ ամենագլխավորը հեղափոխությունն է և մեզանից յուրաքանչյուրը առանձին վերցված ոչինչ չարժե:

Եվ ամենագլխավորը, միշտ ունակ եղեք ամենախորը ձևով զգալ ցանկացած անարդարություն՝ աշխարհի որ կետում էլ այն լինի: Դա հեղափոխականի ամենահիանալի հատկանիշն է:

Ցտեսություն բալիկներ, ես հույս ունեմ ձեզ դեռ տեսնել:

Հայրիկը ձեզ մեծ համբույր է ուղարկում և ամուր գրկում է: 

Նամակը ծնողներին.

Թանկագին ծերուկներ.

Ես իմ կրունկներով կրկին զգում եմ Ռոսինանտի կողոսկրերը, կրկին՝ հագած զրահներս, ես ճանապարհ եմ ընկնում:

Մոտ տաս տարի առաջ ես ձեզ ուրիշ հրաժեշտի նամակ էի գրել:

Ինչքան հիշում եմ, ես այդ ժամանակ ափսոսում էի, որ ավելի լավ զինվոր կամ բժիշկ չեմ. երկրորդն արդեն ինձ չի հետաքրքրում, իսկ որպես զինվոր այդքան էլ վատը չեմ:

Հիմնականում ոչինչ չի փոխվել այն ժամանակվանից, եթե չհաշվենք այն, որ ես դարձել եմ ավելի գիտակից, իմ մարքսիզմն արմատացել է իմ մեջ և մաքրվել: Կարծում եմ, որ զինված պայքարը իրենց ազատագրման համար պայքարող ժողովուրդների միակ ելքն է և ես հետևողական եմ իմ հայացքներում: Շատերն ինձ կանվանեն արկածներ որոնող և դա այդպես է: Սակայն ես ինքնատիպ արկածներ որոնող եմ՝ այն տեսակից եմ, որոնք վտանգում են իրենց կաշին, որպեսզի ապացուցեն իրենց ճշմարտացիությունը:

Գուցե ես դա կփորձեմ անել վերջին անգամ: Ես նման ավարտ չեմ որոնում, սակայն դա հնարավոր է, եթե տրամաբանորեն նայենք հավանականության տեսանկյունից: Եվ եթե այդպես պատահի, ընդունեք իմ վերջին ողջագուրումը:

Ես ձեզ չափազանց սիրում եմ, սակայն չեմ կարողացել արտահայտել սերս: Ես չափազանց ուղղամիտ եմ իմ գործողություններում և կարծում եմ, որ ինձ երբեմն չէին հասկանում: Բացի այդ ինձ հեշտ չէր հասկանալը, սակայն այս անգամ հավատացեք ինձ: Այսպիսով, հաստատակամությունը, որը ես կատարելագործել եմ արտիստի խանդավառությամբ, կստիպի գործել տկար ոտքերը և հոգնած թոքերը: Ես կհասնեմ իմ նպատակին:

Երբեմն հիշեք XX դարի այս համեստ կոնդոտիերին:

Համբուրեք Սելիային, Ռոբերտոյին, Խուան-Մարտինին և Պոտոտինային, Բեատրիսին, բոլորին:

Ամուր գրկում է ձեզ ձեր անառակ և անուղղելի որդի Էռնեստոն:

Օգտագործվող աղբյուր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել