Թեզը, թե Բաքուն և Ստեփանակերտը երկխոսություն ունենան, և այլն, ձևականություն է։

Այս մասին տեսաուղերձում ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների թեզին, թե պետք է լինի Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցի հասցեագրման համար։ 

«Այն պահին, երբ այդ երկխոսությունը սկսվի, փաստաթուղթը ստորագրվելուց հետո, համարեք, որ արդեն Արցախը լուծարվել է Ադրբեջանի մեջ։ Եվ հարցը փակված է»,- նշեց ԱԳ նախկին նախարարը։ 

«Այն, ինչ Փաշինյանն անում է, իրեն թվում է, թե այս իրավիճակում հարցի լուծման ամենահեշտ  ճանապարհն է»,- ասաց Օսկանյանը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում քայլերի մասին։

Ըստ նրա՝ այն, ինչ Փաշինյանն անում է, անիրատեսական է․ «Ինքը ուզում է մի բան, որն իրենը չէ, որ տա։ Նա ուզում է մի տարածք, որ հազարամյակներ պատկանել է Արցախի ժողովրդին Այնտեղ հայեր են ապրել։ Ինքն ուզում է տալ մի տարածք, որը երբեք, երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել»։

Օսկանյանը նշեց, որ աշխարհում 50-ից ավելի ինքնորոշման շարժումներ կան, որոնք գործընթացներ են, շարունակվում են, մի մասը՝ 80-100 տարվա պատմություն ունի։

Դիվանագետը նաև նշեց, որ Խորհրդային Ադրբեջանի կազմում Արցախն ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակը, և այս փաստը պետք է բանակցային դաշտ բերվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել