«Իրենք քննում են, իրենք էլ որոշում են: Դա լիազոր մարմնի գործն է, և իրենք են որոշում»,-այսպիսի հայտարարություն է արել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը արձագանքելով Սուրիկ Խաչատրյանի որդու և նրա թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՊՆ քննչական ծառայության կայացրած որոշմանը: Դիտարկմանը, թե ստացվում է Սուրիկ Խաչատրյանը անիմա՞ստ զրկվեց զբաղեցրած պաշտոնից և արդյոք նրա ցանկության դեպքում հնարավո՞ր է նորից վերանշանակվի այդ պաշտոնում, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Ամեն ինչ հնարավոր է, անմեղներ և մեղավորներ չեն լինում, մենք մարդկային հասարակություն ենք և պիտի այդ ամեն ինչը քննության առնենք. մենք բոլորս մարդիկ ենք՝ մեր թերություններով»:

Սքանչելի հայտարարություն է: Գալուստյան հումանիզմից ուղղակի աչքերս լցվեցին: Մենք մարդկային հասարակություն ենք, հետևաբար խղճի խայթով պետք է վերաբերվենք խեղճ Սուրիկ Խաչատրյանին, որի որդին մարդ է սպանել: Անկախ նրանից՝ ինքնապաշտպանական մղումն է եղել պատճառը, թե հակամարդկային ագրեսիան՝ կատարվել է սպանություն՝ քրեական ռազբորկաների հակաօրինական բոլոր կանոններով: Սյունիքի նախկին մարզպետը ստեղծել է մի միջավայր, որտեղ մարդիկ ոչ թե ինքնապաշտպանվում են դատարանում, այլ քրեական ռազբորկայի արդյունքում մեկը մեկին սպանում է: Եվ երկրի իշխող կուսակցության փոխնախագահը, այդ փաստը դատապարտելու փոխարեն, դրսևորում է սրտաճմլիկ մարդասիրություն՝ իր քնքուշ գիրկն առնելով սիրելի կուսակցին: Անգամ չի բացառում հնարավորությունը՝ հետ վերադարձնելու նրան իր նախկին պաշտոնին:

Եթե Գալուստ Սահակյանը հումանիզմի նոր տեսություն է զարգացնում՝ էլ ինչ կարիք կա, որ պետությունը ծախսեր անի, համալսարաններում նոր կադրեր պատրաստի: Այս կամ այն մեղքի համար աշխատանքից ազատված բոլոր նախկին պաշտոնյաներին վերադարձրեք իրենց պաշտոններին, բաժանեք նրանց զենքեր և հատուկ հրովարտակով վեր դասեք բոլոր օրենքներից: Ինչ կարիք կա՝ ամեն անգամ դատավարություններ կազմակերպելու, ձևական ձերբակալություններ անելու: Թող Գալուստ Սահակյանից ինդուլգենցիաներ գնեն հարմար գներով և ինչքան սիրտները ուզում է՝ ինքնապաշտպանվեն...

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել