Երևի ամենահարմար ժամանակն է գրելու և հիշեցնելու Հիսուս Քրիստոսի «Մի՛ դատիր, որ չդատվես» պատվիրանը մեր ժողովրդին, որովհետև վերջին շաբաթներին բազմացել են դատողները, այն էլ Աստծո եկեղեցու ծառաներին:

Չեմ ուզում մանրանալ ո՛չ անունների, ո՛չ էլ նրանց արարքների մեջ, բայց այս խրատը, որ գրել է մեծն վարդապետ Վարդան Այգեկցին, կարծում եմ, արժե որ մեզնից յուրաքանչյուրը կարդա, քանզի շատ ժամանակ, իսկապես մեղավոր դիմացինին դատելով, մենք ինքներս ենք դատապարտվում այդ նույն հանցանքով, ինչպես զգուշացնում է մեզ Պողոս առաքյալը. «Ո՛վ մարդ, դո՛ւ, որ դատում ես, չե՛ս արդարանալու, այն բանի համար, որ ընկերոջդ ես դատում, դրանով իսկ ինքդ քեզ ես դատապարտում, քանի որ դու նույնն ես անում, ինչի համար որ դատում ես նրան» (Հռոմեացիներին 2.1):

Այժմ կարդանք Վարդան վարդապետի խրատը ուղղված ժողովրդին. «Եվ դո՛ւ, ժողովուրդ, քո առաջնորդներին ու քահանաներին դատավոր ու քննիչ մի՛ եղիր, որովհետև դա քեզ բնավ չի պատշաճում, և Աստծո կողմից էլ չպատվիրվեց, և Քրիստոսի դատաստանն ու դատավորական աթոռը մի՛ հափշտակիր, որովհետև Նա է քահանաների քննիչն ու դատավորը, Ով դատաստանի օրը մի մազը որպես լեռ է քաշելու մեր եղունգներից: Քեզ հրամայվեց քահանաներին լսել և նրանց խոսքերին ու քարոզությանը հնազանդ լինել, ո՛չ թե նայել նրանց գործերին կամ մտահոգվել ու նրանց քննել: Այդ պատճառով աղաչում եմ քեզ, Աստծո՛ ժողովուրդ, եպիսկոպոսներին պատվեցեք ինչպես Քրիստոսին, և քահանաներին` իբրև Աստծո առաքյալների ու պատգամաբերների, անթերի ծառայե՛ք նրանց և ամբողջապես կատարե՛ք Աստծո Եկեղեցու հանդեպ պարտքը` սահմանված Եկեղեցու կողմից, որովհետև դա է Աստծո առաջին բաժինը ձեր վաստակից և եկամուտներից, որ հոժարությամբ տալիս եք Աստծո եկեղեցիներին: Եվ վա՜յ նրան, ով Աստծո Եկեղեցուն զրկում է, որովհետև զրկում է Աստծուն և իր ննջեցյալների հոգիներին, քանի որ Եկեղեցին հոգևոր մայր և ծնող է, իսկ սուրբ Ավազանը` արգանդ, որով Աստծո որդիներ դարձանք և ազատվեցինք սատանայի ծառայությունից: Դրա համար մենք պետք է առավել սիրենք Եկեղեցին, որը մեր հոգևոր մայրն է, քան մեր մարմնավոր մորը, որովհետև քահանայի միջոցով, Եկեղեցով և Խաչով են սահմանված մեր բոլորի մահն ու կյանքը` մկրտությունն ու պսակը, թաղումը, Աստծո սքանչելագործությունների ու մարդեղության բոլոր տոնակատարությունները: Եվ այս բաների պատճառով մի՛ դատեք Աստծո քահանային, այլ թողեք Աստծո՛ւն: Որովհետև առանց քահանայի չեք կարող քրիստոնյա լինել, և չի իրականանում ձեր քրիստոնեությունը: Պսակի, մկրտության և խոստովանության ժամանակ Սուրբ Հոգին քահանայի միջոցով է շնորհ պարգևում: Իսկ ո՞վ գիտի, սուրբ քահանա չի հանդիպում. նույնիսկ հանցավոր քահանան է իր կարգի բերումով և անհրաժեշտության պատճառով պսակում, մկրտում, հաղորդում ու խոստովանեցնում, և Աստված ձեզ շնորհ ու թողություն է տալիս, իսկ նրան ըստ նրա գործերի պատժում:

Ահա ձեզ որպես օրինակ ոսկե և երկաթե մատանիները. [երբ նրանցով] մոմի վրա կնիք են դնում, [երկու դեպքում էլ] թագավորի պատկերը նույնն է երևում մոմի վրա»: Ի հաստատումն այս ամենի, Հիսուս Տիրոջ խոսքը լսենք. «Մովսեսի աթոռի վրա նստեցին օրենսգետներն ու փարիսեցիները. ամեն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արե՛ք և պահեցե՛ք, բայց մի՛ արեք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում» (Մատթ. 23.2)։

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել