Բանակցությունները, պայմանավորվածությունները կաշխատեն այն ժամանակ, երբ մյուս կողմը կիմանա, որ իրավունք չունի խախտելու պայմանավորվածությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Պատասխանելով հետևորդներից մեկի հարցին, թե արդյոք հնարավոր կլինի բանակցություններով կարգավորել Արցախի հիմնախնդիրը, թե պետք է անպայման պատերազմել՝ Ռուբեն Վարդանյանը նշել է՝ միշտ եղել է այն կարծիքին, որ ամենածանր, ամենադժվար բանակցություններն ավելի լավ են, քան՝ պատերազմը:

«Վստահ եմ, որ բանակցությունների միջոցով կարող ենք հասնել մեր նպատակին, բայց, միևնույն ժամանակ, նայելով պատմության էջերը, վստահ եմ՝ եթե ուժեղ չլինենք, եթե մենք պատրաստ չլինենք պատերազմի, եթե մեր ոգին և կամքը չցուցաբերենք թշնամում, ոչ մի բանակցություն հաջողության չի հասնելու: Ավելին՝ բանակցությունները, պայմանավորվածությունները կաշխատեն միայն այն ժամանակ, երբ մյուս կողմը միշտ կիմանա, որ իրենք իրավունք չունի խախտելու մեր պայմանավորվածությունները», - նշել է Վարդանյանը:

ԱՀ նախկին պետնախարարը հիշեցրել է, որ կան բազմաթիվ օրինակներ, երբ հզոր պետությունների միջև կնքված խաղաղության պայմանագրից ամիսներ կամ տարիներ անց մեծ պատերազմ է սկսվել։ Նրա խոսքով՝ այժմ մենք նույն վիճակում ենք, ուստի եթե ուզում ենք, որ մեզ համար ընդունելի պայմանավորվածությունները պահպանվեն երկար ժամանակ, ապա պետք է ուժեղ լինենք ու միշտ պատրաստ պատերազմին։

«Վստահ եմ՝ այդ ուժը մեզ հնարավորություն կտա խուսափել պատերազմից», - եզրափակել է Ռուբեն Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել