Համաշխարհային քաղաքական առաջնորդներից մեկի՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի` ժամանակին արտահայտած միտքը, թե այն ժողովուրդներն ու պետությունները, ովքեր չեն ուզում լավ ապրել, լինել իրապես բարեկեցիկ ու ժողովրդավարական, ունենալ օրինականության հիման վրա կառուցված պետություն, երբեք լավ չեն ապրի ու երբեք չեն լինի այնպիսին, ինչպիսին այսօր քաղաքակիրթ ու զարգացած պետություններն են…

Այսօր, ըստ էության, Ռուսաստանի մայրաքաղաքում պաշտոնապես հայտարարվեց Հայաստանի առաջիկա տարիների, եթե չասենք առաջիկա տասնամյակների զարգացման ուղենիշն ու այն օրակարգը, որի առանցքի շուրջ պտտվելու է մեր փոքրիկ պետությունը:
Ի՞նչ խոսք, Հայաստանի ապագայի վերաբերյալ մեր պատկերացումները կարող են լինել այլ կերպ, երբեմն արմատապես տարբեր ու հակադիր, այդուհանդերձ, վերջին 300 տարիներին, Իսրայել Օրուց սկսած, մեր ճակատագրական ելքերը մենք միշտ փորձել ենք փնտրել ու գտնել ռուսական կայսերապաշտական ազդեցության դաշտում: 

Պատմության այդ ընթացքը գնահատելու համար մեծ պատմաբան պետք չէ լինել՝ հասկանալու համար մշտապես խաբվածի մեր վիճակը…
Եվ իսկապես հարց է առաջանում, մենք ունե՞նք, արդյոք, այլընտրանքի հնարավորություն՝ մեր պետության զարգացման հայեցակարգի ընտրության հարցում, արդյո՞ք այսօրվա ընդունված քաղաքական որոշումները մանևրելու ռեսուրսից զրկված լինելու դրսևորում չեն, արդյո՞ք Հայաստանի ապագան բացառապես կապված է ռուսական աշխարհաքաղաքական հետաքրքրությունների հետ: 
Եվ, եթե աս ամենն իսկապես այդպես, է, ուրեմն այդ ո՞ր անկախությունից ենք մենք արդեն 20 տարուց ավելին խոսում, հպարտանում, այդ ո՞ր պետականության ամրապնդման համար ենք պահում մեր բանակը, վերջապես հանուն ո՞ր գաղափարի ենք մենք այսպես ազգովի զբաղված ինքնախաբեությամբ, և վերջապես՝ ո՞րն է այս գինը…

Ինչևէ, գոնե իմ կարծիքով, Հայաստանը զրկվում է կայուն պետականություն, բարեկեցիկ հասարակություն, իրապես ժողովրդավարական պետություն կառուցելու վերջին փշրանքներից…
…Հիմա մնում է լոկ համոզված պնդել, որ իսկապես չենք ուզում լավ ապրել, լինել բարեկեցիկ ու արժանապատիվ պետություն…
Այդուհանդերձ, կեցցե նոր Հայաստանը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել