Hartak.am-ը գրում է.

Մի փորձեք քաղաքացիական «մեթոդներին» հակադրվել քաղաքական «մեթոդներով», մեկ է, չի ստացվելու: Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական անցուդարձը պայմանավորված է մեկ գործոնով` քաղաքացիական ընդվզումներով. զուտ քաղաքական մոդելները այլևս չեն աշխատում: «Ժողովրդական ընդվզումներ». Ահա, թե որն է այսօր շարժիչ ուժ հանդիսանում`լինի դա քաղաքապետարանի որոշում, թե որևէ այլ գերատեսչական մարմնի, միշտ ի հայտ է գալիս այսպես կոչված «աշխատանքային խումբ» կամ, ինչպես ժողովուրդն է ասում, ինքնաբուխ շարժում, որը հետևողականորեն գնում է մինչև վերջ:

Երբ վերլուծում ես, թե ինչ հարցերի շուրջ է գոյանում ինքնաբուխ շարժումը, հասկանում ես, որ այդտեղ պետության համար առանցքային համարվող խնդիրները, ինչպիսիք են աղքատության հաղթահարումը, անարդարության վերացումը, կոռուպցիայի դեմ պայքարը չկան, հիմնականում սակագներ, բուհերի ուսման վճարների հետ կապված հարցեր, կոնկրետ շենքի կառուցում և այլն:

Այսինքն, ըստ էության, հիմնականում զուտ նեղ սոցիալ-իրավական հարցեր, բայց հետաքրքիրն այն է, որ այս շարժումները ստեղծում են մի այնպիսի աուրա, ըստ որի այսպես երկար շարունակել չի կարելի: Պատմությունը ցույց է տալիս, որ նմանատիպ շարժումները վերջի վերջո վերածվում են քաղաքական մեծ շարժման, այսինքն կամաց-կամաց ստեղծվում է մի իրավիճակ, որի ժամանակ տարբեր հարցերի շուրջ դժգոհությունները համախմբում են ժողովրդական մասսաներին, և նրանք սկսում են միավորվել ընդհանուր մի գաղափարի շուրջ` օրինակ` պայքար անարդարության դեմ: Թերևս կա մի տարբերակ, որը կարող է շտկել իրավիճակը և թույլ չտալ հետագա անցանկալի զարգացումներին. դա այն է, որ իշխանություններն էլ չսպասեն, թե երբ են մարդիկ այս կամ այն հարցի շուրջ համախմբվելու, այլ սեփական նախաձեռնությամբ, առանց արձագանքի ձեռնամուղ լինեն այդ հարցերի լուծմանը: Նրանք պետք է քաջ գիտակցեն, որ այլևս չի գործելու «կպլստանք» սկզբունքը. յուրաքանչյուր սխալ կամ թերի որոշում ամպայման մեծ աղմուկի պատճառ է հանդիսանալու:

Հ.Գ. Հարգելի իշխանություններ, դուք բոլորից լավ եք տեսնում, որ, ժողովրդական լեզվով ասած, ոչ մի սխալ որոշում հենց այնպես չի մարսսվում ժողովրդի կողմից: Միգուցե ժամանակն է եկել առանց սպասելու, անհապաղ շտկել հին սխալները և նոր որոշումներ ընդունելուց աշխատել, որ սխալ կամ թերի որոշումները կյանքի չկոչվեն: Այո, ժամանակները փոխվում են....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել