Չգիտեմ` որ պետական գերատեսչությունում է ծնվել այն միտքը, որի մասին հիմա կգրեմ, բայց ավելի հանճարեղ աբսուրդ դժվար թե կարելի լիներ մտածել՝ չգիտակցելով դրա հետևանքները...
Վերջերս կառավարությունն ու քաղաքապետարանը տարբեր առիթներով հաճախ են կրկնում, որ այս կամ այն խնդրի դեմ բողոքողների և շահառուների թիվը չի անցնում 50-100 հոգուց, ուստի նրանք իրավունք չունեն խոսել ամբողջ ժողովրդի անունից, քանի որ ժողովրդի 0.0001%-ն էլ չեն կազմում։ Սրա մեջ իհարկե կա ճշմարտության մաս, բայց նախ պետք է հասկանալ դրա պատճառները։
Բնականաբար, եթե երկրում կա մեկ միասնական խնդիր, ապա բոլորը պայքարում են այդ մեկ խնդրի դեմ, պայքարողների քանակն անցնում է 1000-2000-ը, երբեմն նաև 10.000-ն ու շատ ավելին։ Այս դեպքում պետությունը ստիպված է լինում զիջումների գնալ և բավարարել մարդկանց պահանջը, հիշեք «Վճարենք 100 դրամ» ակցիան ու դրա արդյունքը։ 
Եվ որպեսզի խնդիրը չլինի մեկը, պայքարողներն էլ չհամախմբվեն մեկ գաղափարի շուրջ, մերոնք որոշել են ստեղծել հնարավորինս շատ խնդիրներ, որպեսզի պայքարողները ստիպված կիսեն իրենց ուժերը, պայքարեն յուրաքանչյուր խնդրի դեմ առանձին-առանձին, իսկ նրանց պատասխանեն, որ 50-100 հոգու պահանջը անհիմն է և չի արտահայտում ամբողջ ժողովրդի պահանջը։ Եթե մեկի շենքը քանդում են առանց իր կարծիքը հաշվի առնելու, նա պետք է պայքարի նախ դրա դեմ, բնականաբար չպայքարելով օրինակ վճարովի ավտոկանգառների, ուսման վարձերի թանկացման, պատմամշակութային հուշարձան հանդիսացող Փակ շուկայի աղճատվող կառուցապատման, էլ չեմ խոսում մյուս թանկացումների ու սոցիալական խնդիրների մասին։ Այսինքն՝ բանը հասել է նրան, որ պայքարողներ կան գրեթե բոլոր խնդիրների դեմ, բայց յուրաքանչյուրը պայքարում է ինչ-որ խնդրի դեմ 50-100, թող լինի 500 հոգանոց խմբերով, ուստի միասնականության կոչերը հաճախ տեղ չեն հասնում, խնդիրներն էլ օրեցօր ավելանում են՝ ներգրավվելով նոր, բայց դարձյալ առանձին խմբերի։ 
Ես իհարկե չեմ կարող չհամաձայնել, որ հանճարեղ գաղափար է մարդկանց պայքարի մեջ այս կերպ «պառակտում» մտցնելը, բայց, հարգելի կամ ոչ այնքան հարգելի պետական մարմիններ ու նրանց ղեկավարներ, նման գաղափարներ առաջ քաշելուց առաջ մտածեք, որ մի օր գուցե բոլորը հասկանան, որ առանձին խնդիրները հաճախ չեն լուծվում, ու միավորվեն մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ ձեր դեմ, իսկ այս պայմաններում դրա բոլոր հիմքերը ստեղծում եք հենց ինքներդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել