Երբ արևմտամետները փորձում են ներկայացնել ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման դրական կողմերը, ռուսամետներն էլ Եվրասիական միության հեռանկարները ի օգուտ Հայաստանի, դեռ կարելի է հասկանալ ու 2 դեպքում էլ որոշակիորեն ընդունելի համարել փաստարկների մի մասը, բայց երբ սկսվում են հակափաստարկները, իրար «փուռը տալու» խիստ ավանդական հայկական գործընթացները, զավեշտն ու սեփական ամբիցիաները իրար հերթ չտալով մթագնում են ազգային շահն ու երկրի ապագան։

Բնականաբար բոլորն էլ գիտեն, որ Եվրոպայում մարդիկ ավելի լավ են ապրում, հետևաբար նրանց հետ տնտեսական կապեր ստեղծելը կնպաստի մեր երկրի զարգացմանը, մանավանդ որ նրանք պատրաստ են բավական մեծ գին վճարել, որը բնավ մեր գեղեցիկ աչքերի կամ զարգացած տնտեսություն ունենալու ցանկությունից չի բխում, այլ ընդամենը մեր աշխարհագրական դիրքից, ու հետապնդում է տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու պարզ նպատակ՝ դրանից հետո ոչ միայն չպարտավորվելով պահպանել մեր անվտանգությունը, այլև ենթատեքստային մակարդակով մեզ հասկացնել, որ քանի որ մեր տարածաշրջանի ամենազարգացած պետությունը Թուրքիան է, ուստի լավ կլինի, որ Հարավային Կովկասի մյուս երկրները, այդ թվում և մենք, մեր ապագան կապենք Թուրքիայի հետ...

Իսկ Ռուսաստանի՝ տարածաշրջանից դուրս գալու դեպքում, եթե իհարկե դա տեղի ունենա, ԵՄ-ի համար, կարծում եմ, բոլորովին նշանակություն չի ունենա, թե մի քանի տարի անց այս տարածքում որ ազգի ներկայացուցիչներն են բնակվում, կամ քարտեզի վրա այն ինչ գույն կունենա, վտանգի կամ ագրեսիայի դեպքում էլ, ինչպես արդեն առիք ունեցել ենք համոզվելու, նրանց նավերը դարձյալ մեր լեռները չեն բարձրանալու։

Այս ամենը բնավ չի նշանակում, որ մենք պետք է թողնենք ասոցացումը ու միանանք Եվրասիական միությանը, քանի որ այս դեպքում էլ բացասական մի շարք պատճառներ կարելի է նշել, պարզապես այսօր այնպիսի տպավորություն է, որ մենք կատարում ենք ընտրություն փողի ու մեր անվտանգության միջև, մանավանդ որ մեծ հաշվով այդ փողի համը հասարակ քաղաքացին թերևս չի էլ զգալու, իսկ անվտանգության խաթարումը ու նոր պատերազմի հրահրումը, մանավանդ Ռուսաստանի բացակայության պայմաններում Թուրքիայի մասնակցությամբ, մեր կաշվի վրա զգալու ենք բացառապես բոլորս, եթե իհարկե մենք էլ չարտագաղթենք։

Էլ չեմ խոսում այն մասին, որ որոշ մարդիկ այս ամենը ներկայացնում են ոչ թե տարբերակներից մեկն ընտրելու, այլ դրանց՝ իրար չխանգարելու ու փոխլրացնելու տեսանկյունից, բայց մեկ ձեռքով երկու ձմերուկ գործնականում բռնելն անհնար է, և ընդհանրապես 2 ձմերուկ բռնած՝ ճանապարհ անցնելը բավական ծանր ու հոգնեցուցիչ է լինում, երբեմն նաև կորուստներով լի, երբ մնում ես առանց ձմերուկների, լրիվ ձեռնունայն...
Նույնիսկ բանը հասնում է նրան, որ որոշ գործիչներ կարծիք են հայտնում, թե քանի որ Մինսկի խումբն է զբաղվում ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմամբ, ապա եթե ասոցացման համաձայնագրից հետո որոշվի հանձնել ԼՂՀ-ն, մենք պարտավոր ենք այն հանձնել (օրինակ՝ http://www.galatv.am/news/view/ara-papyan_2408.html ):
Քաղաքական լուծում կոչվածը իրենից չի ենթադրում ազգի ու մի ամբողջ ժողովրդի իրավունքների ոտնահարում ու բռնակցում ուժի կիրառմամբ, մանավանդ եթե խոսքը վերաբերում է Արցախին ու նրա ժողովրդին։ Նման փորձեր արդեն արվել են, իսկ արդյունքը թերևս բոլորս գիտենք. չստացվեց։

Ինչևէ, արևմտամետ ու ռուսամետ, էլ չեմ ասում փողամետ լինելուց առաջ նախ պետք է լինել հայամետ։ Քանի դեռ Հայաստանը չունի սեփական ուժերով իր անվտանգությունն ապահովելու պոտենցիալ, պետք է մինչև փաստաթղթերից մեկի ստորագրումը այս կամ այն կողմից նախ ստանալ անվտանգության ապահովման երաշխիքներ ու գործնական քայլեր, հակառակ դեպքում գումարի տեսքով նվերներն ու վարկերը միայն ու միայն դժվարացնելու են Հայաստանի դրությունը...
Հ.Գ. Սրանք զուտ նախնական ու ընթացիկ նկատառումներ են, բայց ասելիք շատ կա, մնացածը` ավելի ուշ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել