Քաղաքացիական հասարակության կազմավորման փորձերն արդեն երկար ժամանակ է ընթանում են Հայաստանում, բայց ապարդյուն, խնդիրը կայանում է նրանում, որ շատ հաճախ շարժումներն իրականում ղեկավարվում են այս կամ այն ուժի կամ անձի կողմից, ինչի արդյունքում էլ արդյունքի չեն կարողանում հասնել: Չի բացառվում, որ ցուցարարները տեղյակ էլ չեն լինում շարժման արհեստական լինելուց, որը բացահայտելու համար պետք է ուղղակի ուշադրություն դարձնել, թե ինչ են պահանջում շարժման մասնակիցները: Ուշադրություն դարձրեք, որ հիմնականում գերկարևոր և հասարակության լայն շերտերի համար էական խնդիրները դուրս են մղված տարաբնույթ շարժումների պահանջների ցուցակից, հիմնական թիրախը կա՛մ ինչ-որ պետական պաշտոնյա է, որը վերջին հաշվով որևէ էական դեր չունի ամբողջ երկրի մասշտաբով, կա՛մ էլ հարց, որը նույնպես զգալի նշանակություն չունի:

Նման շարժումները ստեղծում են արհեստական լարվածություն և շեղում հասարակության ուշադրությունը շատ ավելի կարևոր հարցերից: Ներկայումս Հայաստանում կան բազմաթիվ լուրջ խնդիրներ, որոնցից են մենաշնորհային տնտեսությունը, արտագաղթը, աշխատավորների ոտնահարված իրավունքները, արտաքին քաղաքականության ուղղվածության ընտրությունը, ինչը մեծապես կարող է ազդել ամբողջ երկրի տնտեսության, կենսամակարդակի և առհասարակ զարգացման վրա, անապահով ընտանիքների ավելացումը, երիտասարդների հարկադրված պարապուրդը և շատ այլ հարցեր, որոնք եթե շոշափվում էլ են, ապա շատ մակերեսորեն:

Հաճախ հասարակության ուշադրությունը կենտրոնացնում են փոքր ու միջին խնդիրների վրա` շեղելով ավելի լուրջ հարցերից: Որպես կանոն, այդ խնդիրները լուծվում են, քանզի էական նշանակության հարցեր չեն, և ևս մեկ անգամ ցուցադրվում է այսպես ասած արհեստական քաղաքացիական հասարակության հաղթանակը... Հարգելի ՀՀ քաղաքացիներ, եթե մենք ուզում ենք ապրել որպես լիիրավ ՀՀ քաղաքացիներ, ում իրավունքները պաշտպանված են, պարտականությունները` հստակեցված, ապա պետք է սկսենք կերտել իրական քաղաքացիական հասարակություն, որն իրականում կարևոր հարցեր է լուծում, այլ ոչ թե հասարակությանն էլ ավելի է դեգրադացնում... Աչալուրջ եղեք, քանի դեռ վերջնականապես չենք կորցրել մեր հասարակական առողջ մտածողությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել