Այս օրերին քննարկվող ամենաթեժ թեմաներից մեկը Հայաստանի կողմից ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցն է։ Կողմ և դեմ կարծիքները շատ են։ Քաղաքագետները, վերլուծաբանները, քաղաքական գործիչներն ու ընդհանրապես գրեթե բոլորն իրենց կարծիքն արտահայտում են Եվրաինտեգրում, թե Եվրասիական միություն հարցադրման վերաբերյալ։ Իհարկե, ցանկացած կարծիք գոյություն ունենալու իրավունք ունի (անկախ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից), բայց ոչ մեկի մտքով չի անցնում՝ այդ ո՞նց ստացվեց, որ Հայաստանը հասավ նրան, որ այսօր կանգնած է ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման շեմին։ Ընդ որում, տարածաշրջանում Հայաստանը միակն է, որ կարող է ստորագրել այդ փաստաթուղթը։ Փաստ է, որ Հայաստանն իր ներսում արձանագրված ժողովրդավարական զարգացումների շնորհիվ համապատասխանում է եվրոպական ստանդարտներին։ Փաստ է, որ մենք ժողովրդավարության կառուցման, տնտեսության զարգացման ճանապարհին անելիքներ դեռ շատ ունենք, բայց ակնհայտ է նաև, որ մեզանում տեղի են ունեցել անդառնալի փոփոխություններ, որոնք մեր երկրի վարկանիշն ու հեղինակությունը մեկ այլ՝ ավելի բարձր սանդղակի վրա են դնում։ Մեզ առաջարկում են խաղի նոր՝ եվրոպական կանոններ, ինչը և՛ մեր երկրում տեղի ունեցած բարեփոխումների գնահատականն է, և՛ հետագա զարգացման գրավականներից մեկը։ 5-6 տարի առաջ այս հեռանկարի մասին ոչ ոք մտածել անգամ չէր կարող։ 

Ընդ որում, Հայաստանի եվրաինտեգրումը չի սպառնում մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերություններին (ինչպես փորձում են ոմանք ներկայացնել)։ Հայաստանը շարունակելու է խորացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները։ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ, մշտապես ընդգծել է Ռուսաստանի Դաշնության հետ կապերի ամրապնդման և որդեգրած սկզբունքներին հավատարիմ մնալու իր քաղաքականությունը։ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումն ու Եվրասիական միությունը միմյանց չեն հակասում, այլ միմայն փոխլրացնում են:
Իսկ հոռետեսներին էլ՝ համբերություն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել