1in.am-ը գրում է.

Ինչպես նախագահական ընտրություններից հետո, այնպես էլ երեկ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հրավիրված հանրային ժողովի ընթացքում միավորման կոչ արեց:
Նախագահական ընտրություններից հետո քաղաքական ուժերի առանձին ներկայացուցիչներ միացան, սակայն նույնիսկ այդ՝ քաղաքական լարված իրավիճակում միավորումն ամբողջական չեղավ: 
Ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում, որ համախմբում հնարավոր է աշնանը, և ինչքանո՞վ այն կարող է «աշխատող» տարբերակ» լինել: «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց «ժառանգության» վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանից :
«Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը մեկնաբանելու անհրաժեշտություն առանձնապես չեմ տեսնում, առավել ևս որ մոտիվացիան միանգամայն հասկանալի է. որևէ մեկը միայնակ չի կարող բերել այն փոփոխությունները, որոնց սպասում է հասարակությունը»,- ասաց Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ հասարակությունն ուզում է ևս մեկ անգամ հավատալ և փորձել, որպեսզի այդ փոփոխությունները տեղի ունենան, «իսկ թե ինչպես կարձագանքեն մնացած քաղաքական ուժերը՝ իհարկե, կարևոր է, բայց իրենց պետք է հարցնել»:
Մեր այն դիտարկմանը ի պատասխան, թե քաղաքական ուժերը միշտ դժգոհում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կոնկրետ ծրագիր չի առաջարկում, որի շուրջ կարելի է միավորվել, Ստյոպա Սաֆարյանն ասաց․ «Եթե համարում են, որ ծրագիր չկա, կարող են իրենց ծրագիրը ներկայացնել, որը քննարկելուց հետո հնարավոր է գալ ընդհանուր հայտարարի: Թող գան ու քննարկեն, որևէ մեկը չի ասել, թե պատրաստ չենք քննարկելու ձեր ծրագրերը»:
Հետաքրքվեցինք նաև, թե արդյոք հիասթափված հասարակությունը, իր կարծիքով, նորից ոտքի կկանգնի՞: «Մեր հասարակությունն այնքան է հիասթափվել և ոգի առել, որ, այո, հնարավոր է: Կարծում եմ, որ ժամանակին ժողովուրդն արդեն իսկ ցույց է տվել, որ կարող է ոտքի կանգնել: Մանավանդ եթե քաղաքական ուժերը նույնպես կանգնած են, այդ հիասթափությունը մեկ վայրկյանում հաղթահարվող խնդիր է»,- ասաց մեր զրուցակիցը:
Ս. Սաֆարյանը հավելեց, որ եթե քաղաքական ուժերը ուժ գտնեն հաղթահարել տարաձայնությունները և ընդհանուր նպատակ ձևակերպել՝ այդ դեպքում միանշանակ է, որ հասարակությունը նույնպես ոտքի կկանգնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել