Ինձ իմ հավատամքից շեղել մի փորձեք: Մի՛ ասեք, թե Ռուսաստանը մեր լավագույն բարեկամն է, կամ էլ թե Եվրոպան է, որ պիտի ստանձնի Հայաստանի լավագույն բարեկամի դերը: Չեմ հավատում ո՛չ մեկին, ո՛չ էլ մյուսին: Հիշեցրեք գոնե մեկ դեպք, երբ Ռուսաստանը կամ ԵՄ-ն պաշտոնապես դատապարտել են Ադրբեջանի գործողությունները: Չի՛ եղել նման բան: Բայց ես չեմ խոսում հենց հիմա դաշնակից փոխելու մասին, այլ անընդհատ, պարբերաբար ու առանց հոգնելու փորձում եմ հիշեցնել, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն կամ մեկ ուրիշը չունեն մշտական բարեկամներ, այլ ունեն մշտական շահեր, ու որ պետք է պատրաստ լինել, որ 1914, 1917 կամ էլ 1991 թվականի նման մի օր կարթնանանք ու կտեսնենք, որ ռուսը կողքներիս չի, իսկ անգլիական սուզանավերն էլ հայկական լեռներ չեն բարձրանում: Իսկ պատմությունը, ի հեճուկս պնդաճակատների, պարբերաբար կրկնվելու վատ սովորություն ունի: Ուստի ես պնդում եմ, որ Հայաստանը պիտի մշակի քաղաքականություն, որի կենտրոնում ոչ թե սրա կամ նրա շահերն են լինելու, այլ Հայաստանը, միայն ու բացառապես Հայաստանը: Ու եթե կգա մի պահ, երբ իրադարձությունների բերումով մեր շահերից կբխի մեջքով շրջվել դեպի Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն կամ երկուսին էլ միաժամանակ, ապա պիտի դրա պատրաստի բաղադրատոմսն ունենանք, պիտի կանխավ մշակված գործողությունների ծրագիր լինի: Ի վերջո, մենք պիտի սովորենք այլոց հետ վարվել այնպես, ինչպես մեզ հետ են վարվել ու, անհրաժեշտության դեպքում, դեռ վարվելու են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել