Խմոր՝

50 մլ գոլ կաթի մեջ լուծել 1 թ. գդալ խմորիչ, 1 թ. գդալ շաքարավազ և 2 թ. գդալ ալյուր, լավ խառնել և թողնել տաք տեղում, որ փրփրի: 50 գ կարագը հալեցնել և թողնել, որ սառչի: 250 մլ գոլ կաթը հարել 2 ձվի, 100 գ շաքարավազի, 1/3 թ. գդալ չյոդացված աղի և կարագի հետ: Ավելացնել փրփրած թթխմորը, խառնել և քիչ-քիչ մաղել մոտ 400-450 գ ալյուր, որ ստացվի փափուկ, չկպչող խմոր: Ծածկել շատ տաք ջրի մեջ թրջած և լավ քամած բամբակե սրբիչով և տեղափոխել առանց միջանցիկ քամու տաք տեղ մոտ 1.5 - 2 ժամով: Խմորը պետք է ավելանա 2 անգամ:

Միջուկ՝

180-200 գ շաքարավազը խառնել 10 գ աղացած դարչինի հետ: Հասունացած խմորը բաժանել մասերի, յուրաքանչյուրին գլանակի տեսք տալ և գրտնակել, մեջտեղում լցնել միջուկը, եզրերը լավ ամրացնել և ստացված գլանակը ներս ոլորել՝ խխունջի տեսք տալով: Բուլկիների վրա հարած ձու քսել և միջուկից ցանել վրան (ես բնական վանիլով շաքարավազ եմ ցանել): Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, շարել բուլկիները, թխել նախապես 200 (400F) աստիճան միացրած ջեռոցում մոտ 20-25 րոպե: Շատ համեղ են թե՛ տաք, թե՛ սառը վիճակում: Բարի ախորժակ :)


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել