Պատկերացրեք, որ կանգնած եք Պեկինի ամենամեծ սուպերմարկետի մեջտեղում և կորցրել եք ձեր չինացի ընկերոջը:
Այդ սուպերմարկետն օրական հաճախում է 1228000 մարդ նույն դեմքով:
Պատկերացրի՞ք ձեր հայացքը:

Հենց այդպիսի մի հայացքով էլ մի մարդ կանգնած էր ու հայացքով փնտրում էր:
Նա հասկանում էր, որ Երևանը փոքր է ու հաստատ կգտնի փողոցում մեկին, որն էլ կարող է…
Հաճախակի նայում էր քաղաքի մեծ ժամացույցին ու ավելի էի հուսախաբ լինում:
Ժամացույցը չէր աշխատում:
Մի պահ կարծես հայացքը փոխվեց:
Հեռվից նկատեց մոտեցող մի տղայի:
Սափրված չէր: Վզնոցն անփույթ փաթաթված էր պարանոցին:
Ինքն իրեն խոսում էր ու ձեռքերով անհասկանալի շարժումներ էր անում:
Երբ տղան մոտեցավ ու փորձում էր անցնել կողքից, հարցրեց:
- Դու ո՞վ ես, տղա ջան:
- Ես…պոետ…սկսնակ:
- Իսկ ո՞ւր ես գնում: Պոե՞տ, սկսնա՞կ, հետաքրքիր է:
- Տանում եմ բանալիները տամ և վերջ:
- Ի՞նչ բանալի:
- Առավոտյան կնոջիցս բաժանվեցի, հեռացա, քիչ առաջ տեսա, որ բնակարանի բանալիները մնացել են մոտս, տանում եմ…
- Բայց դու շատ երիտասարդ ես:
- Ապրեցինք մեկ ամիս:
- Բա ասում ես` սկսնա՞կ ես, մեկ ամիս ապրել կնոջ հետ և դեռ սկսնա՞կ լինել, ոչ, դու իսկական պոետ ես, պետք է օգնես:
- Ո՞ւմ:
- Ինչպե՞ս թե ում, բոլորին, պոետ ես չէ՞:
- Այո, բայց ինչպե՞ս:
- Ժամացույցին նայիր, տեսա՞ր, որ չի աշխատում, օգնիր, ինձ չեն հավատա, դու պոետ ես:
- Ես ժամացույց սարքել չգիտեմ:
- Պետք չէ սարքել, դրա սարքողն ընտանիքով վաղուց Ավստրալիայում է:
- Ուրեմն…
- Կանգնում ես այստեղ, նայում ես, ով որ նայի ժամացույցին և հասկանա, որ այն չի աշխատում, կանգ է առել, մոտեցիր և ասա «ժամն» է:
- Ես ժամացույց չունեմ:
- Պոետ, դու չհասկացար, պետք չէ ժամացույց ունենալ, ուղղակի մոտեցիր և ասա «ժամն է» կամ ասա «արդեն ժամանակն է», նրանք կհասկանան:
- «Ժամն է» կամ «արդեն ժամանակն է», հիանալի է և վե՛րջ:
- Եվ վերջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել