Էս Կոմիտասի շենքի հետ կապված հարց ա առաջանում: Անշուշտ, քաղաքում կարող են ծրագրեր իրականանալ, որոնք լավ չընդունվեն բնակչության կողմից, չնայած իրականում ապագայի համար պետք են, այդ տիպի կոնֆլիկտները ամեն տեղ լինում են: Իհարկե, դրանց լուծման բազմաթիվ ձեւեր կան, որոնցից ոչ մեկը մեզ մոտ չի կիրառվում, նախնական քննարկումներ մարդավարի չեն լինում, մարդիկ տեղյակ չեն` ինչ կլինի իրենց քթի տակ վաղը եւ այլն: Մի կողմ դնենք, որ որոշումները ապօրինի են ընդունվում, որ առանց գոնե պատշաճ ձեւակերպված փաստաթղթերի շինարարություն են անում, որ իշխանությունները բռի են ու անգրագետ, որ չկա քաղաքաշինական հեռանկարային փաստաթուղթ, համաձայն որի մարդը կիմանա, թե ինչ է սպասում իր անշարժ գույքին, որը կարող ա նորակառույցի պատճառով արժեզրկվի: Մոռանանք, որ թաղապետի խոսելաձեւը արդեն վկայում է նրա մասին, որ էդ մակարդակի մարդը իրավունք չունի որոշումներ կայացնել եւ այլն, եւ այլն:

Ինձ ուրիշ հարց ա հետաքրքրում (ու իհարկե՝ հրետորական)

Ի՞նչ քաղաքաշինական հիմնավորում, նպատակ ու իմաստ ունի Կոմիտասի վրա 14* հարկանի բնակելի շենք խցկել արդեն լավ թե վատ ձեւավորված կառուցապատման մեջ, արդյո՞ք ինչ-որ մեկը հաշվարկել ա` ինչպես դա կազդի Կոմիտասի պողոտայի տրանսպորտի ու մնացած ենթակառուցվածքների վրա: Կարո՞ղ ա լավ ա, ճիշտ ա, ու պետք ա սաղ 5 հարկանիները վերացնել ու բարձրահարկ բնակելի շենքերով կառուցապատել: Հարց ա, որի պատասխանը իհարկե չկա, քանի որ ՀՀ քաղաքաշինությունը մի սկզբունք ունի. գտնել մի կտոր հող, վրեն մի բան սարքել, հնարավորինս մեծ, արագ կառուցել, օր առաջ ծախել ու մոռանալ դրա մասին: Բնականաբար, ամենահարմարը բնակելին է. ծախեցիր՝ տերը չես, ինչ ուզում ա լինի:

Լավ կլիներ նախկին եւ ապագա գլխավոր ճարտարապետները պատասխանեին, էլ չեմ ասում Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահը:

-------
*  իսկ հիմա հարեւանների ճնշման պատճառով դառել է 7 հարկ, էդ էլ ա զարմանալի, ինչքան հեշտ ա շենքը մեծանում-փոքրանում, կարծես թե շենքը երշիկ ա, ինչքան կուզես՝ կկտրես, կամ ինչքան կուզենք, էդքան կխփենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել