ԶԼՄ-ներն ամեն օր մեզ տեղեկացնում են բազմաթիվ հանցագործությունների մասին, որոնք կատարում են պետական պաշտոնյաները, սակայն որևէ պատիժ այդ բացահայտումներին չի հետևում: Այդ երևույթն արդեն ունի համակարգային բնույթ, և շատ կարևոր է հասկանալ դրանց պատճառները:

Վերջին ժամանակաշրջանի Հայաստանի քաղաքական պատմությունը լի է ոճիրներով, այսինքն` ծանր հանցագործություններով, սակայն պատժի` կատարածի համար պատասխանատվություն կրելու մասին որևէ նշանակալի դեպք դժվար է մտաբերել: Ո՞րն է պատճառը: Բոլորս գիտենք, որ դատական համակարգն անկախ չի և ենթարկվում է գործադիր իշխանությանը: Կարելի է ասել, որ ի տարբերություն իշխող Հանրապետական կուսակցության, որին ըստ էության ենթարկվում են պետական կառույցները, և որը, եթե հետևեք հայկական մամուլին, իրականում ապաքաղաքական կառույցի է վերածվել, դատական համակարգն ամենաքաղաքականացված կառույցն է, և այդ «քաղաքականացվածությունը» արտահայտվում է վճիռներում: Հանրապետականի ապաքաղաքական լինելու և դատական համակարգի «քաղաքական» լինելու պատճառը մեկն է: Դա երկրի կառավարման հակասահմանադրական բնույթն է, այսինքն` սահմանադրական մարմինները չպետք է կատարեն իրենց պարտականությունները և հակառակը` կատարեն այն, ինչն իրենցից ակնկալում է հակասահմանադրական կառավարման երաշխավորը:
Հայաստանի բնակչությանը կարելի է բաժանել երկու կատեգորիայի, որոնց նկատմամբ կիրառվում է տարբեր «օրենսդրություն»: Երկրորդ կետեգորիան հասարակությունն է, որի նկատմամբ գործող օրենսդրությունը կիրառվում է ողջ խստությամբ և ծանրությամբ, որը նաև առաջին հատվածի համար հանդիսանում է հարստահարման օբյեկտ: Այստեղ ամեն ինչ պարզ է, և ավելացնելու ոչինչ չկա: Սակայն բնակչության առաջին կատեգորիան բավականին բարդ կառուցվածք ունի, առավել բարդ է հասկանալ այն «օրենքները», որոնցով այդ խումբը կառավարվում է: Բնական է, որ այդ խումբը, որի մեջ մտնում են պետական նոմենկլատուրան, ուժային կառույցների ֆունկցիոներները, խոշոր բիզնեսը և քրեական աշխարհի էլիտան, չեն կարող կառավարվել նույն ստանդարտներով, որոնցով սանձահարվում է բնակչության հիմնական զանգվածը: ՀՀԿ համագումարի վերջում, երբ մասնակիցները երկար հերթ էին կանգնել առաջնորդին հրաժեշտ տալու համար, կենդանի կատարմամբ հնչում էր ոչ թե երկրի հիմնը, այլ «Դավաճանությունը շանտղություն է» երգը: Երգի տակ հրաժեշտի համար մոտեցող զանգվածն ի ցույց էր դնում իր հավատարմությունն անձամբ առաջնորդին, ինչպես նաև ընդունում իր վրա իշխանություն իրականացնելու «ներքին կանոնները»: Հասկանալի է, որ «դավաճանության» համար պետք է խիստ պատիժներ սահմանվեն: Պարզ է նաև, որ քրեական հիմք ունեցող խմբավորումը չի կարող կառավարվել հասարակ մահկանացուների համար նախատեսված օրենքներով: 2008-ի դեպքերի ժամանակ, ի տարբերություն ձերբակալված քաղբանտարկյալների, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը հայտարարվեց «դավաճան» և պատժվեց յուրահատուկ եղանակով: Այսպիսով, «դավաճանները», այսինքն նրանք, ովքեր եղել են խմբավորման անդամ և օգտվել են համապատասխան բարիքներից և հնարավորություններից կամ ավելի ճիշտ մասնակցել են անօրինական գործընթացներին, պետք է պատժվեն այլ եղանակներով` հեռացում խմբավորումից` համապատասխան նվաստացումների միջոցով, կամ զրկվեն ունեցվածքից, կամ ավելի «ծանր հանցագործության դեպքում» կրեն առավելագույն պատիժ, որի օրինակները բազմաթիվ են: 
Սա է Հայաստանի կառավարման համակարգի կարևորագույն մեթոդոլոգիան, որի իմացության դեպքում կկարողանաք հասկանալ ներքաղաքագիտական հոդվածների իմաստն ու բովանդակությունը, ինչպես նաև «ռեֆորմների» բնույթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել