Ուսման վարձերի թանկացման որոշումը կայացվել է բուհերի կողմից. Ա. ԱշոտյանVemard.com-գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպման էր հրավիրել «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության անդամներին: Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել երիտասարդներին` հանդիպման առաջարկն ընդունելու համար և շեշտել, որ նախարարությունը սիրով պատրաստ է հանդիպել կրթության խնդիրներով մտահոգ բոլոր հասարակական նախաձեռնությունների և երիտասարդների հետ:

Հանդիպման ընթացքում նախաձեռնության առաջնորդ Վահան Մարտիրոսյանը նախ հրապարակել է ՀՀ ԿԳ նախարարին ուղղված իրենց դիմումը, իսկ այնուհետ այն փոխանցել նախարար Արմեն Աշոտյանին: Դիմումում մասնավորապես նշվում է, որ շարժումը պահանջում է կասեցնել այս տարվա մայիսին ռեկտորների խորհրդի կողմից ընդունված որոշումը, որով նախատեսվում է բարձրագույն կրթական հաստատությունների ուսման վարձավճարների բարձրացում: Ըստ դիմումատուների՝ որոշումը բավարար հիմնավորվածություն չունի և սոցիալական իրավիճակի հետ կապված` բավական մտահոգիչ է: Այս մասին հաղորդում են Կրթության և գիտության նախարարությունից:

Պարզաբանելով բարձրացված հարցը` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նախ նշել է, որ երիտասարդները մեկշաբաթյա ժամկետում կստանան գրավոր հանգամանալի պատասխան, ինչպես նաև նշել, որ նամակում արծարծված խնդիրներն ուղղակիորեն ածանցվում և փոխկապակցվում են երկրի սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակի հետ:

«Ուսման վարձերի թանկացման որոշումը կայացվել է բուհերի կողմից: Պետք է նշել, որ մենք երկար տարիներ փորձել ենք զսպել վարձավճարների բարձրացումը` բուհերին խնդրելով նման որոշումներ չկայացնել: Բայց հարկ է նաև անպայման նշել, որ բուհերի ֆինանսատնտեսական վիճակը մոտ ապագայում վատթարանալու է: 2011 թվականին բուհերը ընդամնեը 20%-ով են կատարել ընդունելություն, քանի որ ավագ դպրոցի բարեփոխման ծրագրի ներդրմամբ պայմանավորված շրջանավարտներ չկային: Բացի այդ, այս տարի նույնպես ունեցել ենք ուսանողների թերհամալրում, մենք ունենք բավական շատ թափուր տեղեր:

Մյուս կողմից բավական մեծ և ուռճացված են նաև բուհերի պրոֆեսորա-դասախոսական և սպասարկման անձնակազմերը, իսկ մենք երկար տարիներ փորձել ենք զերծ մնալ կրճատումներից` հաշվի առնելով սոցիալական խնդիրները: Սակայն այսօր եկել է համակարգում վիրաբուժական միջամտությունների ժամանակը: Եթե մենք այսօր չկարողանանք կտրուկ և լուրջ քայլեր իրականացնել, մոտ ապագայում կրթության համակարգը լուրջ խնդիրներ է ունենալու»,- մեկնաբանելով հրապարակված բաց նամակը՝ նշել է Ա. Աշոտյանը: Միաժամանակ նախարարը վստահեցրել է, որ պետությունը պարտավորություն է ստանձնում լավ սովորող ուսանողների համար ստեղծել հնարավորինս ճկուն և արդյունավետ սոցիալական փաթեթ: 

Ըստ Ա. Աշոտյանի` կառավարության և նախարարության խնդիրն է ուսանողներին առաջարկել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի նրանց համար սոցիալական խնդիրը խոչընդոտ չհանդիսանա բարձրագույն կրթության իրավունքի իրացման համար: Նախարարը նշել է, որ գալիք տարի նախատեսվում է պետության համար գերակա նշանակություն ունեցող մասնագիտությունների համար 400-800-ով ավելացնել պետպատվերի տեղերը:  

Նախարարը նաև շեշետել է, որ վաղուց պետությունն ավելի բարձր գին է վճարում բուհերին` պետպատվերի տեղերի համար, քան վճարովի հիմունքով սովորող ուսանողը: Անդրադառնալով հարցին, թե որքանով են բուհերը նպատակային տնօրինում ուսման վարձավճարները, նախարարը նշել է, որ ուսանողների իրավունքն է պահանջել, որպեսզի բուհերի բյուջեները դառնան առավել թափանցիկ, իսկ նախարարությունը պատրաստ է այս հարցում աջակցել երիտասարդներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել