
Վերջին ժամանակներս տարբեր լրատվամիջոցներով շատ են հրապարակվում նյութեր՝ կապված Odnoklassniki.ru կայքի միջոցով տարբեր տեսակի խաբեությունների ու խարդախությունների, սեքսուալ բնույթի և այլ հանցագործությունների մասին: Սկզբում կարծում էի ցանկացած սոցկայքերով կատարվող հանցագործություն վերագրվում է վերոնշյալ կայքին, բայց վերջերս հասկացա, թե ինչի հենց այդ կայքով, և ինչպես են գտնում հանցագործներն (որոնք կարող են նույնիսկ ակամայից դառնալ) իրենց թիրախային զոհին: Վերջին մի քանի ամիսներին «Օդնոկլասնիկյան» ընկերներիցս տարատեսակ խաղերի հրավերներ էի ստանում, գրեթե ոչ մեկին չէի մերժում, բոլորն ընդունում էի, հետո ջնջում՝ մտածելով` միանգամից մերժելով չնեղացնեմ, հետո հրավերները սկսեցին ինտենսիվանալ և ամենաշատ առաջարկվող խաղերից մեկը դարձավ «Целуй и Знакомься» խաղը, դե արդեն վերնագրից պարզ է` ինչ խաղ կարող է լինել: Ու օրեցօր տվյալ խաղի հրավերների ինտենսիվությունը սկսեց աճել թվաբանական պրոգրեսիայով, հրավեր էին ուղարկում թե՛ ամուրիները, թե՛ ամուսնացածները, հետո արդեն սկսեցին հրավեր ուղարկել բարեկամներիս 12,13 տարեկան երեխաները: Չգիտեմ ինչ ազարտային սկզբունքով է այդ խաղը կազմված, բայց նույնիսկ իմ մերժումներից հետո էլ նույն մարդիկ նույն ինտենսիվությամբ սկսում են ուղարկել, և այսպես ամեն օր: Կարճ ասած` այդ խաղը վերածվել է շատերի մոտ մոլուցքի: Հետաքրքրության համար սկսեցի մտնել տարբեր մարդկանց անձնական պրոֆիլներ, գրեթե բոլորի մոտ կա այդ խաղը: Եթե հաշվենք, որ Odnoklassniki.ru կայքը Հայաստանում ամենաշատ օգտատերեր ունեցող կայքն է, և այդ խաղն էլ` ամենատարածվածներից մեկը, պատկերացրեք` ինչքան խարդախներ ու հանցագործներ կարող են լինել՝տարբեր շահադիտական նպատակներով, որոնց համար խնդիր չէ խաբել ցանկացած միամիտ, գլամուրային կյանքով ապրել երազող աղջկա կամ անչափահաս երեխաների: Հարգելի ծնողներ, լավ է, որ դուք ձեզ համարում եք առաջադեմ, ձեր 8-16 տարեկան երեխաներին թողնում եք գրանցվել սոցկայքերում, բայց ցանկալի կլիներ նաև մեկ-մեկ հետևեիք, տեսնեիք, ձեր երեխան արդեն իրեն հասուն մարդու տեղ դրած «Целуй и Знакомься» կամ նմանատիպ խաղե՞ր է խաղում, թե ուղղակի անմեղ շփվում է իր դասընկերների հետ: Ուշադիր եղեք: