Գաղթ…, արտագաղթ…
Ամենատհաճ բառերն են ականջի համար, էլ չեմ ասում հոգու ու սրտի համար:
Թող ինձ ներեն բոլոր արտագաղթածները (ինքս էլ ունեմ արտագաղթած հարազատներ ու բարեկամներ), բայց ես երբեք չեմ հարգել, չեմ խրախուսել նրանց քայլը:
Եթե արտագաղթեին մի այլ մոլորակ, միգուցե հասկանայի, բայց հեռանալ հայրենիքից, երբ գտնվում է ծանր վիճակում… դա հանցանքի չպատժվող տեսակ է:
Այն բոլոր մարդիկ, որոնք ՓԱԽՉՈՒՄ են կիսախորտակ հայրենիքից, ՆՈՐԻՑ ԵՄ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐՈՒՄ, նմանվում են նավը լքող առնետների:
Մի՞թե ավելի տանելի է ֆրանսիացի, ամերիկացի, հոլանդացի ոստիկանների առաջ գլուխ կախելը, քան մեր հայ ոստիկանների առաջ, թե այնտեղ գիտեք որ ՉԻ ԿԱՐԵԼԻ ու չեք խախտում, իսկ այստեղ ԿԱՐԵԼԻ է խախտել ու դժգոհել, որ պատժվել եք:
Այստեղից՝ Հայաստանից զարտուղի ճանապարհներով փախչել տղաներին բանակում չծառայելու համար, բայց այստեղ թողնել մորը, քրոջը, տատիկին…
Հարգելիներս, ո՞վ է ձեր փոխարեն նրանց պաշտպանելու…
ՄԵՆՔ` այստեղ մնացածներս, մեր զավակները, զարմիկները…
Իսկ դուք, այնտեղ գործ չճարելով, կկապնվեք հայրենիքի հետ, կգտնեք ձեզ նման մտածողի ու նրա հետ կսկսեք ինչ-որ ապրանքներ ուղարկել, չգիտեմ, դպրոցներին, մանկապարտեզներին…ու դրա վրա դրամ կաշխատեք, ՆՈՐԻՑ հայրենիքի հաշվին:
Ձեր մեղքի բաժինը չի քչանում, որ ԱՅՍՏԵՂ դեռ կան մարդիկ, որոնք պատրաստ են փողի համար դիմել ամեն տեսակի խարդախության ձեզ, ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ուղարկելու երկրից դուրս:
Ցավոք, վերջիններիս մեջ շատ են պետական պաշտոնյաները:
Հայ պետք է լինել հոգով, այլ ոչ թե լեզվով:
Վաղը կամ մյուս օրը ձեր երեխաները մոռանալու են ՄԱՅՐԵՆԻ լեզուն ու Փարիզում, Լոս Անջելեսում կամ Կանբերայում մի օր ձևական կանգնելու են հայկական եկեղեցում` լսելով արաբ կամ սևամորթ մանչուկի շուրթերից արտասանվող «Լսիր որդիս պատգամ որպես…» ու չհասկանալով խոսքերը, աչքերը ճպճպացնելով բարձրացնելու են ձեզ վրա, բացատրություն պահանջելու…
Ի՞ՆՉ ԵՔ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՆՐԱՆՑ…
Հայրենիքը թանապուրի մեջ ընկած խավարասեր չէ, որ զզվես ու հրաժարվես ուտելուց:
Հիշեք միշտ.
Հայրենիքը կա,
Հայրենիքը կլինի,
Հայրենիքի զավակները դեռ ապրում են հայրենիքում,
Հայրենիքը այնպիսի ձեռքերում է, որ ԴԵՌ կդիմանա, եթե չկանխվի արտագաղթը:
Հայրենիքը այսօր հիվանդ է, կարիք ունի իր զավակների, դուստրերի, երեխաների, թոռների խնամքի…
Հայրենիքը կարիք չունի ԱՅՆՏԵՂԻՑ մեզ ամոթանք տվողներին, որ հիմա այս դրությունն է տիրում:
ՀԱՅՐԵՆՔԸ ՄԻ ՕՐ ՈՏՔԻ ԿԿԱՆԳՆԻ ու դավաճաններին կխեղդի Արաքսում:

Դա անպայման կլինի:
Իսկ այսօր ուշքի եկեք, այսօր Հայրենիքը դեռ կարող է Ձեզ ներել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել